[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ. ԿԱՐԾԻՔՆԵՐ, ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միջազգային լարված իրավիճակը, ահաբեկչությունները Սիրիայում, Իրաքում, Թուրքիա¬Ռուսաստան, Ադրբեջան¬Հայաստան և ԼՂՀ հարաբերությունները հասարակության կողմից միշտ չէ, որ ճիշտ են ընկալվում՝ պայմանավորված տեղեկատվության ոչ բավարար աղբյուրների կամ դրանց հավաստիության բացակայության հետ։

 Սոցցանցերում հակասական լուրերի քննարկումները՝ ԼՂՀ¬ի ՙստատուս քվո՚¬ի, տարածքների զիջման, խաղաղապահ զորքերի տեղակայման և այլնի մասին, հուզում են հասարակությանը, ստեղծում  անորոշության ու անվստահության մթնոլորտ։ Այդ նպատակով ԼՂՀ մի շարք քաղաքական գործիչներ, մտավորականներ, հասարակական գործիչներ, հասարակայնության ներկայացուցիչներ շրջաններից և զանգվածային լրատվամիջոցներից ս.թ. հուլիսի 26-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանում հրավիրվել էին բանավեճի։ Կազմակերպիչները վստահ էին, որ անկեղծ ու պաշտոնական իրազեկվածությամբ զրույցը ՙկլոր սեղանի՚ շուրջ կնպաստի պայքարով անցած ճանապարհի շարունակականությանը, կամրակայի իշխանություններ¬հասարակություն կապը և կամրապնդի վստահությունը։Հանդիպման հիմնական բանախոսներն էին ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, Արցախի արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանն ու քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը։

ՙԿլոր սեղանի՚ աշխատանքները համակարգում էր ԼՂՀ ՙՄայրություն՚ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը։ Բացելով հանդիպումը՝ նա նշեց, որ հավաքվել են ժողովրդին, հասարակությանը հուզող մի շարք հարցերի պատասխանը ստանալու համար։ Հ. Միքայելյանն առաջարկեց  որպես հանդիպման կարգախոս ընտրել հայ ժողովրդի մեծ բարեկամ, ակադեմիկոս Անդրեյ Սախարովի հետևյալ խոսքերը. ՙՂարաբաղյան հարցն ադրբեջանցիների համար ամբիցիայի, իսկ ղարաբաղցիների համար՝ կենաց ու մահու հարց է՚։

Քաղաքագետ Մասիս Մայիլյանն ասաց, որ հանրային քննարկումների պակաս կա և լավ կլինի, որ նման հարթակներում հանդիպումները լինեն հաճախակի։ Հնչեցված հարցերի վերաբերյալ քաղաքագետներն ունեին հստակ պատասխաններ, սակայն ՙինչու՚¬ները շատ էին, շատ էին նաև մտահոգություններն ու առաջարկությունները։ Հարցադրումներից առանձնացնենք մի քանիսը, որոնք առավել հրատապ  են այսօր։ Մասնավորապես.

- Ապրիլյան պատերազմից հետո որքանո՞վ է արդիական Մադրիդյան սկզբունքների և Կազանյան փաստաթղթի վրա հիմնված կարգավորումը, և արդյո՞ք վերջիններս ընդունելի են արցախյան կողմի համար։ 

- Քառօրյա պատերազմից հետո արդյո՞ք հրամայական չէ վերականգնել Արցախի կարգավիճակը՝ որպես բանակցային կողմի։

- Բնական է, որ յուրաքանչյուր կոնֆլիկտի կարգավորում ենթադրում է որոշակի փոխզիջումներ։ Ո՞րն է մեր հավանական ամենամեծ զիջումն ադրբեջանական կողմին։ Եվ արդյո՞ք զիջումներ արդեն արված չեն 1994թ. զինադադարով և 2016թ. ապրիլի 5-ին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությամբ, ընդառաջելով Ադրբեջանին և հաստատելով հրադադար։

- Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ փաստեր կային, որ ադրբեջանական կողմից կռվում էին վարձկաններ, ինչի ապացույցն էին նաև հայկական զինվորների  խեղված մարմինները։ Ինչքանո՞վ կարող է արցախյան կողմը, որպես միջազգայնորեն չճանաչված սուբյեկտ, այդ բարբարոսական արարքների մասին բարձրաձայնել միջազգային համապատասխան ատյաններում՝ հաշվի առնելով, որ խախտվել են մարդու համընդհանուր իրավունքների վերաբերյալ Ժնևյան կոնվենցիաները։ Եվ որո՞նք են այդ ուղիները։ 

- Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ամրագրվեցին միջադեպերը հետաքննող մեխանիզմների ստեղծման մասին դրույթներ։ Արդյո՞ք այդ մեխանիզմներն իրենց մեջ չեն ներառում խաղաղապահներ, և եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով են դրանք ներկայացվելու։ 

Վերոնշյալ և հարակից մի շարք հարցերի շուրջ ընթացան թեժ քննարկումներ։ Մասնավորապես խոսք գնաց բոլոր տեսակի սկզբունքներից բխող վտանգավորության, կարգավորման սկզբունքների փոփոխման, քաղաքագետների կողմից տարվող աշխատանքների ակտիվացման և այլնի մասին։ 

Քննարկման ընթացքում հնչեցվեցին կարծիքներ, որ մեր պայքարը (անկախ քաղաքական վայրիվերումներից ու ամեն տեսակի խարդավանքներից) տանելու ենք մենք ազգովին՝ հիմնվելով սեփական ուժերի ու կարողությունների վրա, ողջ հայության ներուժի համախմբմամբ։ Ասվեց նաև, որ անհրաժեշտ է ոչ միայն սխալներից դասեր քաղել, այլև դրանք շտկել սեղմ ժամկետներում։ Արտասահման կատարած վերջին ուղևորությունների ու հանդիպումների մասին ներկաներին իրազեկեց ԱԺ պատգամավոր Արզիկ Մխիթարյանը՝ իր դիտարկումները ներկայացնելով նաև հնչեցված հարցերի ու հիմնախնդիրների վերաբերյալ։ 

Ժողովրդի մեջ իշխող տրամադրությունները, մտահոգություններն ու կառուցողական առաջարկությունները ներկայացրին մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ։ Իսկ երիտասարդական միությունների ներկայացուցիչների կարծիքով՝ իրենք մի պահ իրականությունից կտրվել էին, և ապրիլյան պատերազմը բացել է նրանց աչքերը։ Ըստ նրանց՝ ժողովրդի մոտ նկատվող մասնակի խուճապային տրամադրությունները գալիս են անիրազեկվածությունից, հասարակություն-իշխանություններ սերտ կապի բացակայությունից, շատ հարցերի վերաբերյալ պաշտոնական պատասխանների բացակայությունից։ Հնչեցին առաջարկություններ՝ բոլոր պարագաներում լինել կառուցողական, ի մի բերել  բարձրացված հարցերը և ուղղորդել պատկան մարմիններին՝ պատասխան ստանալու ակնկալությամբ։ Անհրաժեշտ է հստակեցնել հասարակական կազմակերպությունների անելիքները, ուղենշել բոլոր հնարավոր միջոցներն այս կամ այն խնդրի լուծման գործում օգտակար լինելու համար։ Պետք է անել ամեն հնարավորը, որպեսզի աշխարհն, ի վերջո, ընկալի մեր խնդիրն ամբողջությամբ և նավթը չգերադասի արյունից, իսկ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է մոբիլիզացնել հայության ողջ ներուժը։ Բանավեճի մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է  գործել համախմբված, ամուր դիրքեր ունենալ և սատար կանգնել մեր  բանակին։ ՙՀամախմբվել պետք էր ապրիլյան օրերին, իսկ ապրիլյան դեպքերից հետո պիտի ապրենք նոր մտածելակերպով՚. այս տեսակետը  կիսեցին շատերը։ 

Կարծիքներ հնչեցին նաև այն մասին, որ  անհրաժեշտ է երկխոսության ու քննարկումների  ներքաշել իշխանություններին և սատար կանգնել ազգային մեծ ծրագրերի իրականացման գործին։ Պատերազմող երկրում պիտի լինել խիստ, ճշմարտացի, իսկ ժամանակն օգտագործել ու աշխատեցնել հօգուտ երկրի հզորացման և անվտանգության ապահովման։ Մտահոգություններ հնչեցին նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ, բոլոր կողմերին կոչ արվեց փակուղուց դուրս գալ խաղաղ ճանապարհով։ 

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ հանրային քննարկումը հրավիրել Մարտակերտում։