Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԵՆՔ ՄԵՐ ՀՈՂԻՆ, ՇԵՆԱՑՆԵՆՔ ՈՒ ԾԱՂԿԵՑՆԵՆՔ ԱՅՆ

Հարցազրույց Ասկերանի քաղաքապետ Սամվել ԱՂԱՋԱՆՅԱՆԻ հետ

 - Պարոն Աղաջանյան, մեկ տարի է՝ ղեկավարում եք Ասկերան քաղաքի համայնքը։ Ի՞նչ է արվել այդ ժամանակահատվածում։ Ընդհանրապես կա՞ն ծրագրեր՝ ուղղված շրջկենտրոնի համամասնական զարգացմանը։ 

- Ասել, թե շատ բան է արվել այս ընթացքում՝ միանշանակ ճիշտ չէր լինի։ Նախ՝ համայնքի բյուջեն այդ հնարավորությունը չի ընձեռում, հատկապես որ ինձ՝ որպես ՙժառանգություն՚, պարտքեր էլ էին մնացել։ Մյուս կողմից՝ լայնածավալ գործեր անելու համար ժամանակը բավարար չէր։ 

- Ի՞նչ պարտքեր էին, կմանրամասնե՞ք..

- Հիմնականում գոյացել էին հարկերի  ու տուրքերի     մասով՝ նախորդ տարիների ընթացքում։ Բայց անցյալ տարվա վերջին, երբ մարդիկ իրենց հողահանդակներից ստացված բերքն իրացրին ու մեր պահանջով մարեցին պարտքերը, կարողացանք 99,9 տոկոսով կատարել բյուջեն։ 

Նախատեսված մի շարք աշխատանքների, կարելի է ասել, խոչընդոտել է նաև ապրիլյան պատերազմը։ Այդ ժամանակ բոլորիս ուշադրությունը սևեռված էր սահմանին։ Շրջանի ազատամարտիկների հետ միասին մշտապես դիրքերում էինք, իսկ հետո էլ մասնակցել ենք իրականացված ինժեներական աշխատանքներին՝ հաշվի առնելով, որ առաջնահերթը սահմանի ամրությունն ու անառիկությունն է։

- Ինչո՞վ է ապրում ու շնչում ասկերանցին։ Զբաղվածության խնդիրը համայնքի բնակչության մոտ հե՞շտ է լուծվում։

- Չնայած Ասկերանը քաղաքի կարգավիճակ ունի, բայց բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, հողագործությունն ու  բանջարաբուծությունը։ Ունենք ճանաչված այգեգործներ, բանջարաբույծներ… Մարդիկ կարողանում են իրենց անհրաժեշտ սննդամթերքն արտադրել, իսկ ավելցուկն իրացնել։ Այս հարցում մեծ դեր է խաղում շրջկենտրոնի՝ մայրաքաղաքին մոտ գտնվելու հանգամանքը։ Համայնքում երեք խոշոր ֆերմա կա, որոնցից մեկը տոհմային կայանն է։ Այնտեղ աշխատողները հիմնականում ասկերանցիներ են։ Գործազրկություն ասվածը հարաբերական հասկացություն է, մեր համայնքում գործազուրկ չկա։ Շատ քիչ դեպքեր են լինում, երբ որևէ մեկը դիմում է մեզ՝ աշխատանքի տեղավորման հարցով։ Ծայրահեղ աղքատ մարդ չկա։ Աղքատը նա է, ով չի ուզում աշխատել։ Բանվորի այնքան շատ գործ կա… ցանկություն է պետք։ 

- Ներկայում իրականացվող և ապագա ծրագրերի մասին։

- Ծրագրերը բազմաթիվ են ու տարբեր, և դրանց առանցքում, բնականաբար, մարդն է՝ Ասկերանի բնակիչը, նրա կեցության խնդիրները։ Քաղաքի զարգացումն օրեցօր ակնառու է, ինչը մեծապես պայմանավորված է քաղաքաշինության ոլորտում իրականացվող ծրագրերով։ Մեր մարտական ընկերներից մեկը՝ ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, ով ծննդով Ասկերանից է ու նաև իմ մանկության ընկերը, մշտապես աջակցում է համայնքի խնդիրների լուծմանը։ Նրա հետ հաճախ ենք խորհրդակցում որևէ գործ նախաձեռնելուց առաջ։ Ասեմ, որ Ասկերանում առկա բազմահարկ շենքերի տանիքները վերանորոգված են՝ բացի մեկից։  Ներկայում մեր առաջնահերթ խնդիրներից մեկն այդ շենքի տանիքը վերանորոգելն է։ Բացի այդ, նպատակ ունենք երեխաների համար խաղահրապարակ սարքել ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի կողմից կառուցված երկու շենքերի արանքում։ 

Այսօրվա դրությամբ կարելի է ասել՝ Ասկերանը վեր է ածվել մի մեծ շինհարթակի. հիմնովին վերանորոգվում և այդ նպատակով շինարարական աշխատանքներ են իրականացվում քաղաքի կենտրոնական պուրակում, որտեղ նախատեսվում է անցկացնել գալիք Ամանորը։ Զբոսայգին կունենա սալիկապատ հատակ, մարմարե եզրաքարեր, սիզամարգեր, ծաղկանոցներ, կանաչ գոտի, կտեղադրվեն որակյալ նստարաններ ու աղբամաններ: Կնորոգվի նաև տարածքում առկա հուշարձան-աղբյուրը: Քաղաքային այգին կունենա գիշերային լուսավորություն: Նախատեսված է տարածքի երկու մուտքերի վերակառուցում, որոնցից մեկը կծառայի բնակչության սահմանափակ կարողություններ ունեցող խավին՝ ազատ տեղաշարժվելու համար:   

Ավարտին են մոտենում հուշահամալիրի վերանորոգման աշխատանքները, որը վատթար վիճակում էր։ Այժմ այնտեղ երեսապատման աշխատանքներ են տարվում։ 

Համայնքում մշակութային կյանքի աշխուժացմանը կնպաստի արվեստի դպրոցը, որը հարյուրավոր երեխաների առաջ իր դռները կբացի մոտ ժամանակներս։ Ասկերանցիների համար այն լավագույն նվերներ է ԼՂՀ հռչակման 25-ամյա հոբելյանական տարում:

Ասկերանի նախկին քաղաքապետարանի շենքում, որը նախատեսված է ծառայեցնել որպես արվեստի դպրոց, ներկայում շինարարական վերջին աշխատանքներն են ընթանում։  Հարմարավետ, տիպային շենքում կգործի նաև Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը: 

Ասկերանն ունի լավ բարեկամներ, հայրենակիցներ, ովքեր օգնում, ձեռք են հասցնում քաղաքի շենացման գործին։ Մեր լավ բարերարներից մեկի՝ երջանկահիշատակ Սամվել Գաբրիելյանի որդիները՝ Վարդան և Վահե Գաբրիելյանները, շարունակում են աջակցել հատկապես համայնքի լուսավորության հարցում։ Բերդապարսպից սկսած՝ կենտրոնական փողոցով և տարբեր թաղամասերով նոր լուսաջահեր են տեղադրվել։ Մի քանի թաղամաս է մնացել, որ այդ աշխատանքներն ավարտվեն։

- Իսկ փողոցների բարեկարգման առումով ինչպիսի՞ն է վիճակը։

- Պետք է ասեմ, որ բուն քաղաքի ներսում վիճակն այնքան էլ լավ չէ։ Բարեկարգումն իրականացվում է պետական ծրագրով։ Տարվա կտրվածքով մեկ-երկու անգամ ՙԱրցախուղու՚ կողմից վերանորոգվում է գլխավոր մայրուղին։ Բայց գոնե մինչև Ակնա հիմնովին եթե մի անգամ չվերանորոգվի,  խորդուբորդություններ լինելու են։ Նախատեսված է համայնքի միջոցներով խճապատել երկրորդական համարվող (հողածածկ) մի շարք փողոցներ։ Կենտրոնական մասում՝ մի քանի փողոցներում փլված էին  հենապատերը, որոնց վերանորոգման ուղղությամբ աշխատանքներն ավարտին են մոտենում։  

- Ջրամատակարարման  խնդրի վերաբերյալ. բնակչությունն ապահովվա՞ծ է խմելու և ոռոգման ջրով։

- Կարելի է ասել՝ մասամբ։ Ջուրը բնակչությանը մատակարարվում է ժամանակացույցով՝ օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան։ Մենք, իրոք, խնդիրներ ունենք այս հարցում։ Հիմնական խնդիրը կապված է ջրաչափերի հետ, այն պատճառով, որ բնակչության մի մասի մոտ դրանք տեղադրված են, իսկ մյուս մասը ջրի համար վճարում է դեռևս ըստ շնչի։ Սա, բնականաբար, խոսակցությունների տեղիք է տալիս։  Ապրիլյան պատերազմը խանգարեց և հետաձգեց այս ծրագիրը, որովհետև այն թաղամասերում, որոնցում պետք է տեղադրվեն ջրաչափերը, պետք է փոխվի և նորացվի նաև ջրատար ցանցը։ Այդ ամենն արվելուց հետո միայն, իսկ դա կլինի գալիք տարում, Ասկերանը կունենա շուրջօրյա ջուր։ 

- Ի՞նչ օբյեկտներ, կրթության և մշակույթի օջախներ կան Ասկերան քաղաքում։ Ընդհանուր առմամբ, ՝աշխուժություն կա՞ մարզամշակութային կյանքում։

- Ունենք 1 հիմնական դպրոց, մշակույթի կենտրոն, գործում են մանկապարտեզը, երաժշտական դպրոցը, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնը (ՄՊՍԿ), քաղաքային գրադարանը։ Ունենք հիվանդանոց, որի վիճակը խիստ անմխիթար է։ Ոչ բարվոք վիճակում է մշակույթի տունը։ Այդուհանդերձ, մշակութային և մարզական միջոցառումներն անպակաս են։ Հաջորդ՝ լուծում պահանջող խնդիրն ակումբի նոր շենք ունենալն է։ Ունենք մարզադպրոց, որտեղ գործում են սպորտի տարբեր ձևեր, շաշկի, շախմատ, թենիս, կարատեի խմբակներ։ Այս տարի ֆուտբոլի մեր պատանիների թիմը հանրապետությունում գրավել է 2-րդ տեղը։ 

Անցած տարի՝ Ամանորի կապակցությամբ, սոցիալապես անապահով 76 ընտանիքի համար (բազմազավակ, զոհված ազատամարտիկների ընտանիքներ, միայնակ մայրեր ու թոշակառուներ և այլն) նախաձեռնել ենք մշակութային միջոցառում, որի ընթացքում նաև դրամական  օգնություն ենք ցուցաբերել այդ խավին։

- Պարոն Աղաջանյան, ըստ Ձեր հայրենակիցների՝ Դուք ևս բարեգործություն  եք անում համայնքի համար։։

- Ասկերանն Արցախում միակ շրջանն է, որտեղ ներքաղաքային տրանսպորտն անվճար է։ Ասկերանի պարսպից՝ մայրաբերդից մինչև մինչև Վերին Ղլիժբաղ և քաղաքի ծայրամասերը քաղաքացիները երթևեկում են անճար։ Տարվա կտրվածքով 1,6-1,8 մլն դրամ է կազմում քաղաքի համար արվող  բարեգործությունը, և ես, որ ՙԲարի երթ՚ ՍՊԸ-ի հիմնադիրն ու բաժնետեր եմ, գտնում եմ, որ դա անում ենք մեր հայրենակիցների համար։ Այդ գաղափարն ինձ մոտ ծնվել էր վաղուց։ Վերին Ղլիժբաղի դպրոցականները ձմռանը, ինչպես և անբարենպաստ եղանակներին, միշտ ոտքով են գնում դպրոց։ Քանի որ ինքս էլ ապրում եմ նույն մասում և անցել եմ այդ ճանապարհը, որոշեցի նախաձեռնել և ապահովել դպրոցականների ու բոլոր քաղաքացիների անվճար երթևեկությունը, և դա անում ենք արդեն յոթ տարի։ Այդ մասին երբեք չենք բարձրաձայնել, և սա առաջին դեպքն է, որ ստիպված եմ  պատասխանել Ձեր հարցերին։ 

- Պարոն Աղաջանյան, որպես Արցախյան պատերազմի վետերան՝ Դուք նաև հասարակական ակտիվ գործունեություն եք ծավալում, ԱԱՄ-ի Ասկերանի տարածքային միավորի նախագահ լինելը չի՞ խանգարում համայնքի ղեկավարի աշխատանքին։ 

- Ընդհակառակը՝ նպաստում է։ Երկու դեպքում էլ հայրենիքն է, մարդն է՝ իր հոգսերով, խնդիրներով։ Երկիրը շենացնել է պետք, մարդուն՝ աջակցել հուզող այս կամ այն խնդիրը լուծելու… Ուրեմն բարի լինենք կատարել և՜ մեկը, և՜ մյուսը։ Եվ կատարում ենք ո՜չ միայնակ ու միանձնյա, այլ համընդհանուր ուժերով, համայնքի անդամներով, ազատամարտիկ-վետերաններով։ Համոզված եմ, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Ասկերանի շրջանը մոբիլիզացիայի առումով ամենաակտիվն էր և լավագույններից մեկը։ Դեռևս ապրիլի 2-ին՝ պատերազմի առաջին իսկ օրը, շրջանից միայն 190 կամավորական է մեկնել դիրքեր՝ չհաշված զինկոմիսարիատի կողմից հավաքագրվածները, որոնք,  շուրջ 500-600 հոգի, զենքը ձեռքին՝ կազմ ու պատրաստ սպասում էին զորանոցներում։ Մինչև մայիսի կեսերը մեր տղաները կանգնած էին սահմանագծին՝ հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Այսօր էլ բոլորս մեկ մարդու պես պատրաստ ենք թշնամու կողմից ոտնձգություն լինելու դեպքում իսկույն զենք վերցնել ու գնալ սահմանագիծ։

Այնպես անենք, որ հողը լքող չլինի, ընդհակառակը՝ հայրենադարձները շատանան։ Ամո՜ւր կանգնենք մեր հողին, շենացնենք ու ծաղկեցնենք այն, որ պայծառ ու լուսավոր ապագա ունենանք, որ կարողանանք հարուստ ժառանգություն թողնել սերունդներին։

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ