Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻԱՍԻՆ ԿԵՐՏԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԻ ՏԵՍԱԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ

Հարցազրույց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ

 - Տիկին Հակոբյան, հասկանալի է, որ ի սկզբանե Լրագրողների համահայկական համաժողովն ուներ նպատակներ, առաջնահերթություններ, որոնց հստակեցման համար պետք է ուղղորդվեր լրագրողական  ողջ ներուժը։ Ասվածի  համատեքստից ելնելով՝ տարեցտարի ավելանո՞ւմ, թե՞ նվազում էր համաժողովի մասնակիցների թիվը։

- Հիմնական նպատակը համահայկական լրագրողական ներուժը համախմբելն է, հնարավորության սահմաններում նրանց միմյանց հետ ծանոթացնելը, միմյանց հետ կապեր հաստատելը, ինչպես նաև Սփյուռք-Հայրենիք, Սփյուռք-Սփյուռք կապերն ընդլայնելը՝ առկա համահայկական լրատվական ցանցն էլ ավելի  հզոր դարձնելու համար։ Դեռ նախորդ համաժողովներից դա մեզ հաջողվել էր. ստեղծել ենք լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմին, որը կարողանում է տարվա կտրվածքով մի քանի ագամ հեռակապի միջոցով կապ հաստատել ու  անհրաժեշտ տեղեկատվությունը տարածել աշխարհում։ Մյուս կողմից՝ երկու տարին մեկ համաժողովներ գումարելով՝ մենք փորձում ենք ի մի բերել այն գլխավոր հիմնահարցերը, որոնք կան ինչպես Հայաստանում ու Արցախում, այնպես էլ Սփյուռքում, և որոնց վրա պետք է հատկապես մեծ ուշադրություն դարձնեն մեր լրագրողները։ Նաև փորձում ենք համընդհանուր ջանքերով՝ քննարկումների և համագործակցության միջոցով գտնել դրանց լուծման ուղիները։ Եվ կարելի է ասել՝ լրագրողները մեծ աշխատանք են տանում այս ոլորտում. ամեն անգամ գալով ու հիմնախնդիրներ  բարձրացնելով` սկսում են դրանց մասին բարձրաձայնել իրենց տարածաշրջանում, կառույցներում,  տարբեր կազմակերպություններում։ Մյուս կարևոր խնդիրն այն է, որ լրատվական ցանցը կարողանում է շատ ակտիվ աշխատել. ծանոթ լինելով մեկը մյուսին՝ ցանկացած պահի՝ թե՜ էլեկտրոնային տարբերակով և թե՜ հեռախոսով նրանք կարողանում են միմյանց փոխանցել այս կամ այն կարևոր տեղեկատվությունը։

Այս ամենով հանդերձ՝ ըստ իս, ամենակարևորն այն է, որ նրանք լինում են հայրենիքում՝ Հայաստանում և Արցախում, ավելի են կապվում այս հող ու ջրին, այսպես ասած՝ վերազարթոնք են ապրում, լիցքավորվում են դրական լիցքերով, ուժ են առնում՝ գնալուց հետո առավել ակտիվ աշխատելու համար։ Ի վերջո, նրանցից շատերը ՙխենթեր են՚՝ Հայրենիքին և Հայաստանին ծառայելու առումով։ Չէ՞ որ օտար ափերում հայ մնալը, հայատառ մամուլ պահելը և նրա միջոցով հարյուրավոր ընտանիքներ մտնելը՝ ստիպելով, որ նրանք հայերեն կարդան՝ մեծ առաքելություն և մեծ նվաճում է, որն անում են այս մարդիկ։ Դրա համար, իմ կարծիքով, նրանցից յուրաքանչյուրն արժանի է գովեստի ու մեծարման։ Ուստի ձգտում ենք այս օրերին ամեն ինչ անել, որ նրանք Հայրենիքում իրենց լավ զգան, առավել մեծ ուժ ստանան և միայն դրական լիցքեր տանեն իրենց հետ։

Անշուշտ, մասնակիցների թիվն ամեն անգամ աճում է, ու այն էլ՝ զգալիորեն։ Եթե նախկինում սփյուռքի լրատվամիջոցների մասնակիցների թիվը չէր գերազանցում  60-ը, ապա Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել տարբեր տարածաշրջանների 31 երկրների շուրջ 150 խմբագիր և լրագրող։ 

- Ե՞րբ և ի՞նչ նպատակով է ստեղծվել  Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմինը:

- Լրագրողների համահայկական 6-րդ համաժողովին՝ հետագա համաժողովների օրակարգը ճշգրտելու, ինչպես նաև համաժողովում բարձրացված հարցերն ու առաջարկությունները, ընդունված հայտարարությունները մինչև հաջորդ  համաժողով կյանքի կոչելու նպատակով։ Համակարգող մարմնի նիստերն անց են կացվում երեք ամիսը մեկ։ Նիստերի հրավիրման և անցկացման բոլոր կազմակերպական ու տեխնիկական աշխատանքներն իրականացնում է մեր նախարարության Տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունը։ Հավելեմ, որ համակարգող մարմնի նիստերին սփյուռքի լրատվամիջոցների ներկայացուցիչները մասնակցում են ուղիղ միացմամբ՝ տեսակապի միջոցով։

- Նման համաժողով Արցախում երկրորդ անգամ է անցկացվում։

- Ինչպես նշեցի, Լրագրողների համահայկական համաժողովները հրավիրվում են երկու տարին մեկ պարբերականությամբ։ Մինչև 2008 թվականն այն իրականացնում էր Լրագրողների համահայկական ընկերակցությունը։ Երբ ստեղծվեց ՀՀ սփյուռքի նախարարությունը, արդեն չորս համաժողով գումարվել էր։ Նախարարության ստեղծումից հետո այս կարևոր նախաձեռնությունն իր տրամաբանական շարունակությունն ունեցավ։

Ինչ վերաբերում է համաժողովն Արցախում անցկացնելուն, ապրիլյան պատերազմից հետո կարիք կա այս և նմանատիպ միջոցառումների կազմակերպման։ Արտերկրից ու սփյուռքից ժամանած լրագրողները պարտավոր են գալ, տեսնել ու հասկանալ արցախցու մտահոգությունները, լսել Արցախի ղեկավարության հարցադրումները, շփվել  Պաշտպանության բանակի զինվորի հետ, տեսնել խրամատը, մեկ անգամ ևս գիտակցել, որ այս զինվորն է,  որ պահում է Հայաստանն ու Արցախը։ Եվ որպեսզի զինվորի ոգին փոխանցվի նրանց… Արցախն առաջին հերթին հայրենիք է, ուր ապրում է  իր հողի և ինքնության պահպանման համար  ոչինչ  չխնայող հերոսական ժողովուրդ։ Այս երկիրը պետք է ապրի, օրեցօր զարգանա ու բարգավաճի և ունենա հզոր տնտեսություն։ Մենք պետք է առաջնորդվենք մի նշանաբանով. ՙԱրցախն ու արցախցին պետք է ապրեն իրենց պատմական հայրենիքում՝ ազատ ու անկախ՚։ Իսկ լրագրողներդ պետք է շատ ակտիվ լինեք, շարունակեք գրել Արցախի հերոս պաշտպանների, ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդի կողմից կատարված ոճրագործությունների մասին, վերլուծել մեր բացթողումները, ընդգծել հաջողությունները։ Դուք ձեր գրչով պետք է նպաստեք ու ոգևորեք, ուժ տաք բոլոր նրանց, ովքեր, գալով Հայաստան, ներդրում են անում՝ ի նպաստ հայրենիքի բարգավաճման։ Հայաստանի և Արցախի զարգացումը պետք է դառնա սփյուռքի մեր գործընկերների մտքի, գրչի, ոգու կարևոր գրավականը։

- Տիկին նախարար, համաժողովին հնչած ելույթներից մի քանիսում անդրադարձ եղավ սիրիահայերի խնդրին։ Ձեր ղեկավարած գերատեսչությունը որքանո՞վ է կարողանում արձագանքել դրան։ 

- Լրագրողները մեկընդմիշտ պետք է իմանան, որ մեր նախարարությունը հատուկ մոտեցում ունի սիրիահայերի նկատմամբ. լինել սիրիահայի կողքին՝ անկախ այն բանից՝ նա Հայաստանո՞ւմ է, թե՞ Սիրիայում։ Որևէ մեկին պարտադրել, որ տեղափոխվի՝ մենք չենք կարող։ Մարդն ինքը պետք է որոշի՝ գալի՞ս է Հայաստան, թե՞ մնում է։ Քսաներկու հազար հոգի եկել են, և մենք ամեն օր զբաղվում ենք նրանց կրթության, սոցիալական, տնտեսական ինտեգրման հարցերով։ Կա համապատասխան մեխանիզմ, և ես ուզում եմ շնորհակալ լինել Հայաստանում գործող մեր բոլոր բարեգործական, միջազգային և հոգևոր կառույցներին, որոնց հետ ակտիվորեն աշխատում ենք։ Կա պետականորեն ձևավորված միջգերատեսչական հանձնաժողով, որը ղեկավարում եմ ես, և որն ամեն ամիս գումարում է իր նիստերը, որոնց մասնակցում են բոլոր նախարարությունների փոխնախարարները։ Եվ բոլոր հարցերին, որ բարձրացվում են սիրահայերի կողմից, փորձում ենք լուծում տալ։ Անշուշտ, մենք չենք կարող առողջարանային պայմաններ ստեղծել, բայց Հայաստանի քաղաքացուն հավասար ու դեռ մի բան էլ ավելի պայմաններ ենք տալիս։ Ասեմ ավելին՝ նրանք ունեն ավելի մեծ արտոնություններ, քան Հայաստանի քաղաքացին։ Այսօրվա դրությամբ 18 հազար սիրիահայ ստացել է Հայաստանի քաղաքացիություն, իսկ 1800-ը՝ կացության կարգավիճակ։ Այսօր ցանկության դեպքում նրանց տրվում են անձնագրեր՝ միանգամայն հեշտացված ձևով։ 

Կազմակերպված կառույցների և հոգևոր առաջնորդների միջոցով մենք մշտապես կապ ունենք Սիրիայում ապրող հայերի հետ։ Իհարկե, ոչ ոք չի կարող ասել, թե վաղն ինչ է լինելու, բայց սա է իրականությունը։ Տա՜ Աստված՝ օր առաջ խոշոր տերությունները համաձայնության գան, և Սիրիայի թնջուկը լուծվի…  

- Համաժողովից Ձեր ակնկալիքները։

- Կարծում եմ, այսուհետ համահայկական լրատվադաշտը կգործի էլ ավելի համախմբված՝ գլխավոր հարցը համարելով համահայկական առաջնահերթությունները, մշտապես անդրադարձ կլինի այդ թեմաներին, միշտ կմտածեն Հայրենիք  վերադառնալու մասին։ Մենք միասին պետք է կերտենք մեր պատմությունն ու ապագան՝ հանուն հզոր Հայաստանի, հանուն անկախ և պաշտպանված Արցախի, հանուն առաջադեմ ու կազմակերպված Սփյուռքի, հանուն հայի տեսակի պահպանման։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ