[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԹԵ ՄԱՐԴ ՍՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ Է ԵԼԵԼ

Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի աշխատանքներն Ստեփանակերտում ավարտվելուց հետո հնչած` ՊԲ զորամասեր այցելել ցանկացողների վերաբերյալ հայտարարության մեջ ՙցանկացողներ՚ բառն  ավելորդ էր, քանզի  Հայաստանից ու Սփյուռքից ժամանած շուրջ հարյուր լրագրողների նպատակներից մեկն էլ հենց դա էր:

Ավտոբուսներով համաժողովի մասնակիցներին հասցրին ԼՂՀ պաշտպանության նախարարություն, որտեղից էլ պետք է զինվորական մեքենաներով գնային դիրքեր: 

Ամենաանհամբերները 90-ամյա գրող-հրապարակախոս Թորոս Թորանյանն ու հեռավոր Ամերիկայից, Ավստրալիայից ժամանած լրագրողուհիներն էին: Զարմանալի բան չկար, որ այդքան մեծ բազմություն շտապում էր ժամ առաջ լինել առաջնագծում: Կարծում ենք` սխալված չենք լինի, եթե ասենք, որ այսօր Արցախ այցելած, նրանով հետաքրքրված մարդկանց համար դիտարժան վայրերի շարքում նաև պաշտպանական դիրքերն են: Լինել այդտեղ, իրենց աչքերով տեսնել երկրի ամենակարևոր մարդուն` զինվորին, շատերին է ձգում, մանավանդ ապրիլյան պատերազմից հետո: 

ՊՆ բակում լրագրողներին ջերմորեն ընդունելուց հետո փոխնախարար, գեներալ-մայոր Վարդան  Բալայանը կարճ հրահանգներ տվեց. բոլորն այդ ժամերի ընթացքում դառնում են զինվոր, ենթարկվում զինվորական կարգուկանոնին: 

ՙԵրևի մոտիկ զորամասեր ենք գնալու՚,- դեռ ավտոբուսում կարծիք էին հայտնում աղջիկները:

Մի քանի բնակավայրեր մնացին հետևում. դիրքեր տանող ճանապարհը դեռ ձգվում էր: Այնտեղ ժամ առաջ լինելու ցանկությամբ ամենաանհամբերները դրանից չէին նեղվում, հակառակը` ուրախանում էին, որ Արցախի անվտանգության գոտին կարճ չէ: Մի ճամփաբաժնում մեքենաները երկու մասի բաժանվեցին և երկու տարբեր ուղղությամբ առաջացան: Խրամուղին երկար  էր ձգվում: ՙԻնչքա՛ն ինժեներական աշխատանք է կատարվել՚,- բարձրաձայն մտորում էին լրագրողները: Ահա և  հերոսները` զինվորները, զգաստ կանգնած: Կանայք չդիմացան և հուզմունքով գրկեցին նրանց,  մաղթեցին խաղաղ ծառայություն: 

Խմբին ուղեկցող գեներալ-մայոր Վարդան Բալայանը որոշ բացատրություններ տվեց՝ այստեղ ակտիվ հերթափոխի դիտակետ է։

ՙԹող ձեզ չշփոթեցնի տղաների փոքրամարմին լինելը. այդ փոքր մարմնի մեջ մեծ ոգի կա: Հակառակորդն էլ ապրիլի սկզբին շփոթել էր, չարաչար սխալվել ու հուժկու պատասխան ստացել՚,-  պարզաբանում էր տալիս գեներալը:- Ի՞նչ ենք մենք երազել դարերով. ունենալ պետականություն և բանակ: Այժմ իրականացել են մեր իղձերը: Ե՜վ պետություն  ունենք, և՜ բանակ, ու այդ բանակը  պատրաստ է մեր սահմաններն ու ժողովրդին պաշտպանել: Դա ապացուցեցին ապրիլյան օրերը՚: Գեներալը որոշ դրվագներ պատմեց  Արմենակ Ուրֆանյանի վաշտի սխրագործություններից:

ՙՀրամանատարը կապվել էր Արմենակ Ուրֆանյանի հետ ու հարցրել. ՙԿարողանալո՞ւ եք դիրքը պահել՚: Արմենակն ասել էր. ՙՊարո՜ն գնդապետ, Դուք ընդհանրապես կարող եք չկասկածել, ես դիրքը չեմ թողնի իմ տղաների հետ միասին: Մի րոպե, կներեք, պարոն գնդապետ, տանկ է գալիս՚,:

Ու հեռախոսը ցած է դրել, կրակել, տանկը կանգնեցրել, ապա շարունակել. ՙՊարո՜ն գնդապետ, տանկը կանգնեց, հիմա լսում եմ Ձեզ՚: Եվ նորից` ՙՄի րոպե, կներեք, պարոն գնդապետ, ինժեներական տեխնիկա  է գալիս, որ բացի ճանապարհը՚: Կրակել է, դա էլ կանգնեցրել, անցել բոլոր զինվորների մոտով,  յուրաքանչյուր զինվորի ինքնաձիգը վերցրել, կրակել հակառակորդի ուղղությամբ, ոգևորել նրանց՚: 

…Վաշտից մնացել էր Ռոբերտ Աբաջյանը, ով հետմահու  արժանացել է Արցախի հերոսի կոչման: Նա գումարտակի հրամանատարի հետ կապվելով` ասել էր. ՙՊարո՜ն մայոր, իմ փամփուշտը վերջացավ, ես ունեմ մեկ նռնակ ու այդ նռնակով երբեք թուրքին չեմ հանձնվի, կպայթեցնեմ և՜ թուրքին, և՜ ինձ՚: 

ՙ18-20 տարեկան մեր զինվորների ու 23-25 տարեկան սպաների սխրագործություններն են սրանք՚.-շարունակում է գեներալը` նաև թվային փաստեր բերելով. ՙԱպրիլյան քառօրյա լարվածության օրերին ունեցանք 65 զոհ, որից 17-ը սպաներ էին, 16-ը` սերժանտներ, այսինքն`  27 տոկոսը եղել են սպաներ, 50 տոկոսը` հրամանատարներ. սերժանտները ևս հրամանատար են: Ասել է թե` մեր հրամանատարը զինվորին չի ասում` առաջ գնա, ասում է` իմ հետևի՛ց, գնացի՜նք՚: Այնուհետև գեներալը որոշ մանրամասներ է ներկայացնում այդ դիրքից` ասելով, որ այդտեղ ևս հակառակորդը մեծ կորուստներ է տվել: Քանի որ դա ամենամոտ ճանապարհն է դեպի Ստեփանակերտ, թշնամին  մեծ ուժեր էր կենտրոնացրել այդ ուղղությամբ: Նա կորցրել է 2 բրիգադի հրամանատարներ: Գնդապետներ է կորցրել այս ուղղությամբ, միայն 100¬ավոր շտապօգնության մեքենա էր կենտրոնացրել. ապրիլի 3-ին սպասում էր, որ պիտի լիներ խոշորամասշտաբ հարձակում Ստեփանակերտի ուղղությամբ: ՙԱյդ հարձակումը կասեցրել են մեր հրետանային բրիգադը և այս երիտասարդները՚,- ասաց գեներալը, ինչին հետևեց լրագրողների ծափահարությունը և Թորոս Թորանյանի պաթոսով արտասանությունը Չարենցից։ 

ՙԹորոս, ձայնդ հաստատ թուրքերին հասավ՚,- ոգևորված ասացին լրագրողները: 

Ուշագրավ էին Սփյուռքի մեր գործընկերների տպավորությունները: Դրանցից մի քանիսը հաճույքով գրի առանք: 

- Առաջնագիծ այցելելը հեռուեն կըլսինք և կըսենք` առաջնագիծ: Ուրիշ, տարբեր զգացումներ են, երբ որ դու կգտնվիս այդ գծի վրա, և գիտես, որ դիմացդ թշնամին է, և այս գիծը պահելու համար հայ հերոսներ են պետք: Եվ աչքերովս տեսա, իրապես մեծ գոհունակության մեջ եմ, որ այդ երիտասարդներն այդ տարիքին ցույց կուտան բարձր հայրենասիրություն և խիզախություն, որպեսզի պաշտպանեն այս գիծը: Բոլորս Սփյուռքին մեջ կըսենք, թե հայրենիքը մերն է։ Այդ հայրենքը մերը ըսելը պետք է հավասարական գծի վրա ըլլա, և միայն ակնկալիքներ չունենանք,  ունենանք անձնական պարտավորություններ այս սրբազան հողի համար,- մասնավորապես ասաց Աթենքի ՙՀայ կյանք՚ էլկտրոնային պարբերականի հրատարակիչ և խմբագիր Տիգրան Աբասյանը: 

- Երբ որ ըսին, թե սահմանը տեսնել կուզե՞ս, ասացի` անշուշտ կուզեմ և հատկապես մեր բանակի զինվորները տեսնիլ կուզեմ: Ուրիշ է խոսակցությունները լսելը, ուրիշ է այս թրանշեներու մեջ գտնվիլ, տեսնել` ուրտեղ կքնանան, ինչ կուտին: Անկախ նրանից, որ մահվան վտանգ կա այստեղ, մարդիկ խիզախ են: Հայաստանը երբ անկախ պետություն եղավ, առաջին գործը եղավ բանակը ստեղծիլը, որովհետև պետության և բանակի ձայնը կըլսին: Իսկ մենք, որ Սփյուռքին մեջ կապրինք, մենք ալ կխոսինք, ցույցեր կընինք ապրիլի 24-ին, խոշոր աղմուկ կհանենք, բայց մեր խոսքը աղմուկի սահմաններին մեջ կմնա, մեր գործին չեն ընդառաջեր,  իսկ երբ պետություն ունես,  բանակ ունես մանավանդ, կընդառաջեն, և պետության խորությունը մեր ուժը կավելցնե: Եվ աշխարհը նկատի կունենա մեր ձայնը: Ադրբեջանը երբ որ մժեղի պես փախավ, սկսավ ըսալ` հայերն ալ մարդ  ըսպանել գիտեն: Մեր զինվորները հայրենիքը պաշտպանելու, ոչ թե մարդ սպանելու ելած են: Բանակը  ըլլալով մեր պաշտպանը, մենք զորացած կըզգանք մեզ, և ոչ միայն ծափով կուզենք ծափահարել, այլ գործով ինչ կրնանք անել՝ պիտի անենք, որպեսզի այս բանակն առավելս զորանա: Մենք էլ գանք բանակին մաս կազմենք, ինչպես առաջին ամիսներուն սփյուռքեն տասնյակներով երիտասարդներ եկան. ոմանք զոհվեցան, ոմանք բանակի կազմակերպմանը օգտակար եղան, ատոնք ցույց տվին, որ Սփյուռքը և Հայրենիքը միասնական են: 

Երբ չի մնար ոչ մի հնար, խենթերն են գտնում հնար, ըսել է Պարույր Սևակը: Այդ տեսակ  խենթությունների համաձայն ենք և այդպիսի խենթեր ունինք և՜ Հայաստանի մեջ, և՜ Արցախում, և՜ Սփյուռքի մեջ: Թող մեր զինվորներն  իմանան, որ մենք իրենց կողքին ենք և ամեն ձևով պատրաստ ենք օգտակար ըլլալ իրենց, որպեսզի ավելի ուժեղ պաշտպանեն մեր սահմանը:   

Եվ եթե քաղաքական պայմանները ներեն, մինչև Բաքու էլ կերթան մեր զինվորները: Մենք ազերիների  հետ անձնական թշնամություն չունինք, իրենք են նախահարձակը, մենք նախահարձակներու դեմ կռվեցանք: Ասիկա աշխարհին պետք է կարենանք հասկըցնել: Ադրբեջանը միլիոններ կծախսի սուտ խոսքեր Արցախի մասին տարածելու համար: Մենք մեր միլիոնները պիտի պահենք, որպեսզի երկիրը ամրացնենք, կարևորը դա է,- ասաց Թորոս Թորանյանը: 

Ոգևորության հաջորդ կետը Տիգրանակերտն էր, որտեղ լրագրողներին սպասում էր ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Անկեղծ երկխոսություն տեղի ունեցավ: Նախարարը պատասխանեց լրագրողներին հետաքրքրող հարցերին: Այնուհետև ծայր առան երգն ու պարը, նվագը: ՙԶարթի՜ր, լաո՚ երգը հնչում էր բոլորի շուրթերից, իսկ նրա վերջին վերափոխված` ՙԶարկի՜ր, Արցախ, մըռնիմ քըզի՚ տողերը  հաստատ հասան մինչև առաջնագիծ:   

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ