[ARM]     [RUS]     [ENG]

ՙԽԻՂՃ ՊԻՏԻ ՏԱՆԵՄ ԱՐՑԱԽԻՑ՚

Արցախում Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի օրերին  հարցազրույցի հրավիրեցինք ՙԷրեբունի՚ լրատվական կայքի գլխավոր խմբագիր, ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցության (ՀԵԸ) մամուլի և քարոզչության պատասխանատու Ահարոն ՇԽՐՏՄՅԱՆԻՆ:

 - Պարոն Շխրտմյան, քննարկումների ժամանակ Ձեր ելույթում հնչեց քննադատական խոսք. դժգոհություն հայտնեցիք ժամանակն արդյունավետ չօգտագործելու համար: Խոսքը ձևաչափի՞ մասին էր, թե՞ կազմակերպական հարցերի:

- Կազմակերպիչները թերացած չեն. նրանք նախօրոք ուղարկել էին համաժողովի թեմատիկ ուղղությունները, որի շրջանակներում պետք էր պատրաստվեին ելույթները: Ըստ ներկայացրած ծրագրի, նախապես պատրաստած ելույթների բոլոր թեմաները կարծես թե համահունչ էին համաժողովի առջև դրված նպատակներին: Սակայն շատերը ելույթներին տրված ժամանակի մեծ մասը մատնում էին հայրենասիրության պերճախոսության վրա: Կազմակերպիչներն ընտրել էին Սփյուռքի լրատվամիջոցների այն ներկայացուցիչներին, ովքեր մտահոգ էին հայրենիքի խնդիրներով, և պետք չէր պերճախոսությամբ ընդգծել քո սերը հայրենիքի նկատմամբ: Ժամանակը պետք է օգտագործվեր եղած, առաջիկայում ծագող խնդիրների, դրանք լուծելու հնարավոր մեխանիզմների մասին, ինչի համար էլ հավաքվել ենք:

- Դուք՝ որպես մտահոգ մասնակից, ինչպե՞ս եք տեսնում նշված հարցի կարգավորումը:

- Ես արդեն առաջարկել եմ, ըստ իս, արդյունավետ մի ձևաչափ. հաջորդ համաժողովի մասնակիցները պետք է ոչ թե ուղարկեն միայն ելույթի թեման, այլ նաև` բուն նյութը: Կազմակերպիչներն էլ պետք է կատարեն ընտրություն: Պետք է ասեմ, սակայն, որ ինքս կողմ եմ քննարկումներին, որոնց հարկ է  ավելի շատ ժամանակ տրամադրել ու աշխատել հետևյալ ձևաչափով. ոչ թե բոլորը մասնակցեն բարձրացված խնդիրների քննարկմանը, այլ նրանք, ում նյութերը համահունչ են տվյալ թեմային` կարևորելով խնդրի լուծման մեխանիզմների, ամենայն հավանականությամբ, ծագող խոչընդոտների, յուրաքանչյուրի ունեցած կապերի, հնարավորությունների արդյունավետ օգտագործման ուղիները:

- Անդրադառնանք Ձեր ելույթին: Ի՞նչ թեմայով եք հանդես եկել և ի՞նչ հարցեր էիք շոշափել:

- Ելույթիս թեման էր ՙՀայաստանի և Արցախի լրատվական մարտահրավերները՚, որում նշված է, որ սփյուռքահայության և Հայաստանի (ներառյալ Արցախը) մամուլը տարբեր մտահոգություններ ունի, և պետք է դրանք սերտելով, կամուրջ ստեղծել համագործակցության համար: Համոզված եմ, որ նման աշխատաոճը շահեկան կլինի բոլոր կողմերի համար. մի դեպքում Հայաստանի քարոզչական, տնտեսական խնդիրները տեղ կգտնեն Սփյուռքի համայնքներում, համապատասխան երկրների լրատվամիջոցներում, ինչը կնպաստի այդ խնդիրների ինչ-որ չափով լուծմանը: Մյուս կողմից՝ Սփյուռքն ավելի մեծ հնարավորություններ կունենա լուծելու լեզվական, հայապահպանության խնդիրները:

- Համաժողովի շրջանակներում Դուք  հանդիպում եք ունեցել մի շարք պաշտոնատար անձանց հետ, այդ թվում և՝ ՀՀ նորանշանակ վարչապետի: Ի՞նչ տպավորություններ ունեք այդ հանդիպումից:

- Փորձառու մարդ է, վճռական, ունի իր տեսլականը երկիրը տնտեսապես զարգացնելու համար: Հարցերին կպատասխանի ըստ էության: Պարզապես ժամանակ պետք է տալ, քաջալերել, թիկունք կանգնել, որ բարեփոխումների այս դժվարին գործընթացը ճիշտ ուղղությամբ ընթանա: Լրատվամիջոցների գործն էլ մեծ է ու կարևոր` պետք է անաչառ լինել. լավը պետք է ազդարարվի, շեղումներ նկատելով` ահազանգ հնչեցվի: Բոլորիս նպատակն է տեսնել հայրենիքը տնտեսապես զարգացած, մարդկանց կենցաղը բարեկարգված:

- Խոսենք նաև լիբանանահայ գաղութի խնդիրների մասին: Գաղութ, որը մինչև վերջերս բավականին ուժ ուներ լուծելու հայապաշտպան խնդիրները, սատարելու հայկական ավանդույթներին, մշակույթը, հայի տեսակը: Աշխարհայնացման այս դարաշրջանն ինչպե՞ս է անդրադառնում համայնքի վրա:

- Ցավով պիտի նշեմ, որ այսօրվա լիբանանահայ համայնքն այն ուժեղ գաղութը չէ, որին  մի ժամանակ ճանաչում էին: Մեծ թվով հայեր գաղթած են, և ամեն մակարդակի վրա, ամեն հարցում այդ բացը կերևա` քաղաքական, ազգային, մշակութային, մարզական, երիտասարդական: Կնահանջի նաև մեր արևմտահայերենը. այսօր շատ քիչ կհանդիպենք նախանձախնդիր, բծախնդիր լրագրողների, խմբագիրների: Հայ ընտանիքները, փոխանակ հայկական վարժարանները քաջալերեն,  ձգտում են զավակներին ուսման տալ օտարալեզու վարժարաններ: Օտարալեզու, անդիմագիծ մի մշակույթ է տարածվում, որը վնասում է մեր ազգային ինքնությանը: Համաժողովին բարձրացրեցի նաև այս խնդիրը: Բոլորս պետք է մտահոգ լինենք այս հարցով, քանի որ այդ գաղթի պատճառով տարեցտարի նվազում է արևմտահայերենին տիրապետողների թիվը: Ակնկալում ենք, որ հարցը մտահոգիչ է Հայաստանի համար, և քայլեր կձեռնարկվեն, որպեսզի սերունդները կարողանան հասկանալ, ոգեշնչվեն արևմտահայ գրողների, բանաստեղծների ոսկեղենիկ հայերենով:

- Ինչի՞ մասին Դուք ինքներդ կցանկանայիք տեղեկացնել ընթերցողին:

- Անշուշտ, դա ՀԲԸՄ-ի Հայ երիտասարդաց ընկերակցությունն է, որն այն հազվագյուտ միություններից է, որոնք Սփյուռքի մեջ մեծածավալ աշխատանք կկատարեն` հայկական դիմագիծը, ինքնությունը պահպանելու  համար: ՀԵԸ-ն հիմնվել է 1931 թվականին, Բեյրութում, հետո աստիճանաբար ճյուղեր են բացվել Սփյուռքի հայաշատ երկրներում: ՀԵԸ-ն ունի համալսարանական երիտասարդական համակարգված կառույցներ, մարզական զանազան հոյակապ բաժիններ, արդի մարզական ՙՏեմիրչյան՚ կենտրոն, Վ. Փափազյանի անվան թատրոն, պարախմբեր, երգչախմբեր, որոնք մասնակցում են միջազգային փառատոներին, հաճախ հրավիրվում են Հայաստան: Մեծ սկաուտական շարժում է կազմակերպել, այդ թվում նաև՝ Հայաստանում: Այս տարի, հոկտեմբերի 16-ին մեծ շուքով նշվեց հիմնադրման 85-ամյակը: Սփյուռքը հպարտանում է այս կառույցով, որը, չնայած աշխարհայնացման մարտահրավերներին, պայքարում և մեծ հաջողությունների է հասնում հայապահպանման գործում:

- Եվ, ի վերջո, Ձեր տպավորություններն Արցախից:

- Առաջին անգամ եմ Արցախում, և մեջս հեղաշրջում առաջացավ: Զգացմունքային հեղաշրջում: Զգացի, որ այն աշխատանքը, որ ծավալում ենք Սփյուռքի մեջ Ղարաբաղի հարցի վերաբերյալ,  օտարներին ներկայացնելով նրա պատմությունը, ժողովրդի ծանր կենցաղային պայմանները, պատերազմական իրավիճակը, խնդիրն ինքնորոշման սկզբունքով լուծելու անհրաժեշտությունը, շատ չնչին է: Երբ եկա Արցախ, ներքին հայացքով տեսա, թե ամեն մի փոքր տարածության համար ինչքա՛ն արյուն է թափվել, որքա՛ն երիտասարներ են զոհվել, զգացի այս ժողովրդի աներկբա կամքը, ազատ ապրելու ձգտումը, ու մեջս ամեն ինչ տակնուվրա եղավ: Հետ գնալուց, պետք է բոլորին քարոզեմ, որ գան, իրենց աչքով տեսնեն Արցախը: Իսկապես, աչքով տեսածը, սրտով զգացածը մի ուրիշ լիցք ու եռանդ է հաղորդում` պայքարի մեջ լծվելու համար: Ինձ հարց տվեցին` ի՞նչ կտանես Ղարաբաղից: Ասացի` խիղճ. դա մարդու՝  իր իսկ արարքների ներքին գնահատումն է, գիտակցումը, պատասխանատվությունը  ազգի, հայրենիքի օրախնդիր  հարցերի նկատմամբ։  Ես խղճով մարդ եմ, բայց այստեղ զգացի, որ խիղճն էլ խորանալու, ընդարձակվելու տեղ ունի: Զգացի, որ ավելին պետք է անել՝ Արցախյան հիմնախնդրի  բուն էությունն  օտարալեզու մամուլում մշտապես հրատապ պահելու համար։