[ARM]     [RUS]     [ENG]

ԽՈՍՏՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ

 

 

 

 

 

 

 

Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի հերթական խոստման արարողությունը տեղի ունեցավ մայրաքաղաքի Հուշահամալիրում։

Ընտրության վայրը պատահական չէ, և, ինչպես ՌՎ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ Հրայր Բաղդասարյանը նշեց, վայրը խորհրդանշական է ու պարտավորեցնող։ Սաներից ինը աղջիկներ են, որոնք ոչ պակաս պատասխանատվությամբ են յուրացնելու ռազմական գործը։ Խոստման արարողությանն ընդգրկված էին նրանք, ովքեր ընդամենը  երկու ամիս առաջ էին ընդունվել ռազմամարզական վարժարան։ Նրանք ընտրել են հայրենիքի պաշտպանի բարդ ու պատասխանատու գործը։ Ահա թե ինչու հպարտությունն էր թևածում Հուշահամալիրում, և ոչ միայն սաների, այլև  ծնողների ու հարազատների խոսքում չթաքցրած վստահություն կար, որ իրենց զավակները տեսանելի ապագայում համալրելու են Արցախի հզոր բանակի շարքերը։

Ծնող Անահիտ Կասյանի բառերով՝ իրենց շարքերում միաժամանակ իշխում են հպարտությունը,  թախիծն ու հուզմունքը։ Իսկ օրը նրանց համար հատկանշական է նաև նրանով, որ իրենց զավակներն  այդ սուրբ ու պարտավորեցնող վայրում երդման արարողության են մասնակցում՝ հավաստելով, որ արժանի փոխարինողներ կդառնան։ 

Կուրսանտ Վալերի Ստեփանյանի խոստումը հնչում է խրոխտ ու հավաստի. ՙԸնդունվելով Արցախի հերոս, Ոսկե արծիվ շքանշանի ասպետ Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան՝   հանդիսավոր խոստանում եմ լավ սովորել, լինել ազնիվ ու աշխատասեր սան, հոգով արի և մշտապես մարզված, սրբությամբ պահել վարժարանի պատիվը, առաջնորդվել նրա կանոնադրությամբ և անտրտունջ կատարել սանի պարտականությունները, դառնալ հանրապետության օրինակելի  քաղաքացի և զինված ուժերի հուսալի պաշտպան։ Հետևել հայ ռազմիկի պատվո վարքականոնին և բոլոր հանգամանքներում բարձր պահել գեներալ-լեյտենանտ Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի անունը՚։

Խոստման այս բառերի խորհուրդն ու կարևորությունը լավ են գիտակցում սաները և, ընտրելով մասնագիտություններից դժվարագույնը, լի են վճռականությամբ՝ հաղթահարելու դժվարությունները և նպատակին հասնելու ճանապարհին լինել արի, հետևողական ու նպատակասլաց։

Կուրսանտ Սամվել Հակոբջանյանը ռազմական գործով մանկուց էր հետաքրքրվում։ Պատանին առայժմ չի կողմնորոշվել, թե կոնկրետ ինչ ուղղությամբ է խորանալու և իր ծառայությունը բերելու հայրենիքին, այդուհանդերձ, հաստատակամ որոշում է կայացրել և վստահ է, որ ապագայում պատվով ու պատասխանատվությամբ կկրի հայոց բանակի սպայի ուսադիրները։ Նա հուսով է, որ հաջողություններն իրեն չեն շրջանցի, և քայլ առ քայլ նա կիրագործի իր երազանքը։ Իսկ կուրսանտ Աշոտ Բաբայանի համար ռազմամարզական վարժարանում սովորելը ընտրած մեծ ճանապարհի սկիզբն է ընդամենը։ Նա հստակ որոշում է կայացրել՝ վճռելով դառնալ հրետանավոր։ Սովորելու վայրն էլ է արդեն ընտրել՝ ՌԴ  Սանկտ Պետերբուրգ քաղաքը։ Աշոտը քաջ գիտակցում է, որ վարժարանում  պիտի լավ սովորի, և որ հենց այստեղ է դրվելու հետագա հաջողությունների հիմնաքարը։ Իսկ ծնող Սվետլանա Բաբայանի հուզմունքով ասած բառերը ներկաներից շատերի սրտից էին բխում. ՙՀպարտ եմ, որ այսպիսի սերունդ է դաստիարակվում, մեր պետությանն արժանի սերունդ, քաղաքացիներ ու ապագա սպաներ՚։ Սանուհիներից Էռնա Ավագյանն իր հերթին վստահեցնում է, որ, ընտրելով ռազմական մասնագիտություն, քաջ գիտակցում է, թե ինչ դժվարություններ են սպասվում, բայց  ընտրության հարցում վճռական է։ Նրա ցանկությունն է, որ հայ ազգը պարծենա  նաև իր աղջիկ զինվորականներով։ Նրա կարծիքով, հեռու չէ այն օրը, երբ իրենք կհամալրեն Պաշտպանության բանակի շարքերը ու իրենց նպաստը կբերեն բանակաշինության գործին։ 

Կուրսանտների ծնողները, հարազատները վստահ են, որ վարժարանը հոգատարությամբ կշրջապատի իր սաներին։ Եվ մեծ հույսեր են կապում նրանց ապագայի հետ այն վստահությամբ, որ վարժարանում դաստիարակվում է ռազմական անկոտրում ոգի ունեցող սերունդ։

Ուսումնական տարին ռազմամարզական վարժարանի համար 13-րդն է։ 

Վարժարանի հրամանատարի տեղակալ Հ. Բաղդասարյանը հավաստիացնում է, որ հերթական ուսումնական տարում էլ նրանք հաջողություններ են արձանագրելու, իրենց սաների առաջադիմությունը լինելու է ակնհայտ, ինչպես անցած տարիներին։ Նրա փաստարկմամբ՝  շրջանավարտները հաջողությամբ են քննություն բռնում բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում։ Նրանցից շատերն այսօր իրենց անբասիր ծառայությունն են իրականացնում ՊԲ շարքերում՝ մայորի ու փոխգնդապետի զինվորական կոչումներով։ Եվ իրենց ծառայության ընթացքում բարձր են պահում Ք. Իվանյանի անվան կրթօջախի պատիվը։

Խոստման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց սաների հանդիսավոր շարանցումով, փոխադարձ շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով։      

 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ