[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ՝ ԱԻՊԾ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հոկտեմբերի 30-ն Արցախի Հանրապետությունում նշվում է որպես ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) համակարգի աշխատակցի օր։

Այդ կապակցությամբ հոկտեմբերի 31-ին ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության նիստերի դահլիճում կայացավ հանդիսավոր արարողություն։ Ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաներ, ԼՂՀ Նախագահի  աշխատակազմի  ղեկավար Մարատ Մուսայելյանը, Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, պետական բարձրաստիճան այրեր։ 

Դեռևս 1990թ. մայիսի 24-ին ՙԱրցախ՚ փրկարարական ջոկատի հիման վրա ձևավորվեց արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայիս համակարգը։ Կառույցի ստեղծման վերաբերյալ մանրամասն տեղեկատվությամբ հանդես եկավ  ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը։ Նշվեց, որ  1995թ. կառավարության որոշմամբ ստեղծվեց ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչությունը, որի ենթակայությանը փոխանցվեցին Ստեփանակերտի, Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մատունու և Շուշիի ռազմականացված հրշեջ մասերը։ Հետագա տարիներին համակարգը զարգացման նոր փուլ ապրեց. ներկայումս այն իր մեջ ընդգրկում է փրկարարական և հրշեջ փրկարարական ծառայությունները, քաղաքացիական պաշտպանության ոլորտը, տեխնիկական անվտանգության, սեյսմիկ պաշտպանության, հիդրոօդերևութաբանական ծառայության և պետական նյութական պահուստի բնագավառների լիազոր մարմնի գործառույթները։ Ա. Հարությունյանի խոսքով՝ երկրի պաշտպանության ապահովման հարցում իր դերն ու խնդիրներն ունի նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, և համակարգի ու ծառայողների աչալրջությունն այս հարցում շատ կարևոր է, որովհետև դրանից է կախված մեր ազգաբնակչության անվտանգ կյանքի ու կենցաղի ապահովումը։ Աշխարհաքաղաքական ներկայիս բարդ  իրավիճակում ԼՂՀ-ն երաշխավորված չէ ո՜չ պատերազմից, ո՜չ  արտակարգ իրավիճակներից։ Իսկ նման իրողությունները խլում են մարդկային բազմաթիվ կյանքեր, սակայն ծառայության տեխնիկական հագեցվածությունն ու զինվածությունն այսօր թույլ են տալիս արագորեն  արձագանքել  արտակարգ իրավիճակներին, նվազեցնել կորուստները կամ ընդհանրապես բացառել  դրանք։ ՙՄեր առաքելությունն է ներկա և գալիք սերունդներին ժառանգություն թողնել բոլոր առումներով դիմագրավելու ունակ, կայուն ու զարգացող երկիր։  Ծառայության և շահագրգիռ մյուս մարմինների ու բնակչության շնորհիվ հնարավոր եղավ խուսափել բնական և տեխնածին աղետների պատճառած վնասներից կամ դրանք հասցնել նվազագույնի։ Համակարգի ձեռքբերումների շնորհիվ մենք ունենք մի կառույց, որն ունակ է ամենադժվարին պահին հայտնվել մեր քաղաքացիների կողքին, անհրաժեշտության դեպքում մասնակցել պետության սահմանների պաշտպանությանը, օպերատիվ կերպով արձագանքել արտակարգ իրավիճակների վերաբերյալ ահազանգերին՚,- նշեց Ա. Հարությունյանը։ 

Ծառայությունն ակտիվորեն համագործակցում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԼՂՀ տարբեր կառույցների ու  գերատեսչությունների հետ։ Իրականացվում են կադրերի վերապատրաստման, ուսուցման, նյութական և տեխնիկական աջակցության ծրագրեր։ Հասարակության մեջ ծառայության դերի բարձրացման,  օպերատիվ արձագանքման ուղղությամբ ոլորտում իրականացվել են մի շարք բարեփոխումներ։  2014թ. ծառայությունը գործում է հիմնանորոգված նոր մասնաշենքում, որտեղ էապես բարելավված են ծառայության շենքային և աշխատանքային պայմանները։ Այստեղ գործում է ճգնաժամային կառավարման կենտրոնը, որը նպաստում է ծառայությունում տեղեկատվության ստացման, մշակման և հետագա ընթացքավորման աշխատանքներին։ Վերջին տարվա ընթացքում կենտրոնում ստացված ահազանգերի քանակի աճը փաստում է հասարակության շրջանում ծառայության նկատմամբ վստահության, նրա դերի և հեղինակության բարձրացման մասին։ Անդրադառնալով համակարգի կազմավորման օրվանից մինչև այսօր ունեցած հիմնական և կարևոր ձեռքբերումներին՝ Ա. Հարությունյանը միաժամանակ շեշտեց, որ կան որոշակի խնդիրներ, որոնք գտնվում են երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում և շուտով կստանան իրենց լուծումը։ 

Օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներով հանդես եկան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ երկրապահ կամավորների միության վարչության, ԼՂՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, Արցախի ազատամարտիկների միության, ԼՂՀ նախագահի աշխատակազմի և կառավարության ներկայացուցիչները։ Վերոնշյալ կառույցների համապատասխան որոշումներով՝ օրվա կապակցությամբ և կառույցի 24-րդ տարեդարձի առթիվ համակարգում լավագույն որակներ ցուցաբերած, մասնագիտական բարձր պատրաստակամության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար խրախուսվեցին ու պատվոգրերի, մեդալների, դրամական պարգևների և արժեքավոր նվերների արժանացան ծառայության տնօրենն ու մի խումբ աշխատակիցներ։ Համակարգի առանձին աշխատողներ պարգևատրվեցին ԼՂՀ վարչապետի հուշամեդալով, պատվոգրերով։ 

Կառույցի մի խումբ աշխատակիցների պետական պարգևներ է հանձնել նաև  Նախագահ Բակո Սահակյանը։ Շնորհավորական իր խոսքում Արցախի Նախագահը նշել է, որ տրված պարգևները ծառայության աշխատակիցների ամենօրյա քրտնաջան աշխատանքի գնահատականն են։ Առանց այդ աշխատանքի դժվար է պատկերացնել մեր հանրապետության բնականոն կենսագործունեությունը, քաղաքացիների հանգիստ ու անվտանգ առօրյան։ Տոնն առիթ էր մեկ անգամ ևս արժևորելու ծառայության անցած ուղին և նախանշելու հետագա անելիքները։ ՙԱյսօր մենք ունենք պատրաստված, արհեստավարժ, անձնվիրաբար իրենց պարտականությունները կատարող փրկարարներ ու հրշեջներ, իրենց գործին գիտակ մասնագետներ, ովքեր մյուս շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ միասին գործուն մասնակցություն են ունենում հանրապետական նշանակության միջոցառումների հաջող ու արդյունավետ անցկացմանը։ Ուզում եմ հատուկ նշել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության դերն արձանագրված ձեռքբերումներում, ինչի համար խորապես շնորհակալ եմ՚,- ասաց Բակո Սահակյանը։ Երկրի ղեկավարը վստահություն հայտնեց, որ երկու կառույցների համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի, իսկ պետությունն էլ կանի հնարավորը՝ լուծելուլ ծառայության առջև ծառացած խնդիրները, բարելավելու ծառայողների աշխատանքային և սոցիալական պայմանները։