[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՀԸ ՀԱՍՈՒՆԱՑԵԼ ԷՐ

Տողի ազատագրման 25-ամյակը

 Անցած կիրակի` հոկտեմբերի 30-ին, Հադրութի շրջանի պատմական Տող գյուղի ողջ հասարակությունը՝ շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանի, համայնքի ղեկավար Ալեքսանդր Շաբուրյանի գլխավարությամբ, տոնեց գյուղի ազատագրման 25-ամյա տարեդարձը:

Հադրութի շրջվարչակազմի, Տողի համայնքի, Տողի Վիգեն Գրիգորյանի անվան հանրակրթական և Տողի արվեստի դպրոցների համատեղ ուժերով կազմակերպվեց միջոցառումների շարք` նվիրված տողեցիների ամենանշանակալից տոնին: Տարեթիվ, որից հետո մելիքանիստ Տողն իր պատմության ոչ միայն նոր էջ շրջեց։ Շրջադարձային այդ իրադարձությունը դարձավ  շատ ու շատ այլ հաղթանակների սկիզբ՝ հաղթանակներ, որ ամրագրվեցին Սարին Շենում, Ծամձորում, Քարին տակում, Մալիբեկլուում, Խոջալուում, Շուշիում, Մարտակերտում, Հադրութի հարավային թևում, Բերձորում, Ակնայում, Քարվաճառում... Ահա թե ինչ  խթան  հանդիսացավ  1991-ին Տողում հաջողությամբ պսակված առաջին մարտական գործողությունը: 

Եվ ահա՝ հիշարժան այդ օրը, վաղ   առավոտյան ծաղիկներ դրվեցին Արցախյան պատերազմում զոհված տողեցի ազատամարտիկների շիրիմներին: Այնուհետև շրջանի, գյուղի ղեկավարները, տողեցիներն ու հյուրերը հավաքվեցին Վիգեն Գրիգորյանի և Արմեն Գասպարյանի՝ գյուղի կենտրոնում կանգնեցված  հուշաքարի շուրջ` հարգանքի տուրք մատուցելու նրանց պայծառ հիշատակին: Ազատամարտիկների, որոնց ներդրումն անգնահատելի է թե՜ հայ և թուրք խառը բնակչությամբ Տողի ինքնապաշտպանության ջոկատի ձևավորման և թե՜ Հադրութի ամբողջ շրջանի պաշտպանության, տակավին  թշնամու ձեռքում գտնվող հայկական բնակավայրերի ազատագրման գործում:

Հանրակրթական դպրոցի սաները երգերով ու հայրենաշունչ բանաստեղծություններով շաղախված գրական-երաժշտական կոմպոզիցիայով արտահայտեցին իրենց` նոր սերնդի սերն ու հարգանքը  Ղարաբաղյան շարժման և պատերազմում զոհված ազատամարտիկների լուսավոր հոգիների ու սխրանքների հանդեպ: Տեսնել էր պետք, թե ինչ հպարտությամբ ու ոգևորությամբ էին նրանք արտասանում, երգում` միահամուռ, թեկուզ և ոչ այնքան ներդաշնակ: Այո, այլ կերպ չէր էլ կարող լինել, չէ՞ որ երգող-ասմունքող երեխաներն ու պատանիներն այն` զոհված, վիրավորված, ողջ մնացած ու երկիրը հաղթանակի հասցրած մարտիկների զավակներն ու թոռներն են:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ 1991-ի հոկտեմբերի 30-ին: Այդ օրվա հիշողությունները տողեցիներին ու հյուրերին ներկայացրին արվեստի դպրոցի սաներն ու դասատուները թատերականացված ծրագրում, երբ քիչ հետո միջոցառումների վայրը դարձավ  դպրոցի համերգային դահլիճը:

Ի՞նչն ստիպեց դեռ 1988-89-ին ձևավորվող ինքնապաշտպանական ջոկատներին միավորվել պրոֆեսիոնալ զինվորականի` Արկադի Տեր-Թադևոսյան-Կոմանդոսի շուրջ և միասնական ուժերով առաջին հուժկու հարվածը տալ թշնամուն` ազատագրելով կարևոր խաչմերուկին տեղակայված հինավուրց Տողը և բացել ճանապարհը դեպի Հադրութ: Ինչպե՞ս դա եղավ: Ինչպիսի՞ ուրախություն ու  ոգևորություն ապրեց թե՜ Տողի և թե՜ ողջ Արցախի հայ բնակչությունը, երբ առաջին անգամ Տողի, Սարին Շենի, Ծամձորի ազատագրումից հետո տղաները համարձակվեցին զենքը ձեռքներին՝ բացեիբաց անցնել գյուղեգյուղ:

Հանդիսատեսները վերապրեցին այդ ամենը արվեստի դպրոցի թատերական խմբի ռեժիսոր Գենադի Առուշանյանի հետ, երբ նա, հոգու խորքում պահած հուզմունքը, լավագույնս  ներկայացրեց հատվածներ Տողի ազատագրման  գործողության մասնակից, ազատամարտիկ Վալերի Բալայանի հուշերից: ՙՔարտեզի վրա հինգ կետ կար, հինգ գյուղ, որտեղ համատեղ թուրք և հայ բնակչություն էր ապրում, ընդ որում, խաչմերուկների վրա էին տեղաբաշխված, այնպես, որ բոլոր հինգ շրջանները միմյանցից բաժանել էին: Ցանկացած շրջան պետք է գնայինք թուրքի գյուղով: Որոշեցինք. այդ հինգ գյուղերից առաջինը Տողը պետք է ազատագրվի, որպեսզի առանց խոչընդոտի հասնենք Հադրութ, կապ ստեղծենք շրջկենտրոնի հետ: ՙԿոլցո՚ օպերացիայից հետո հասկացանք, որ եթե չկռվենք, ողջ Ղարաբաղը տանուլ կտանք:  Դա եղել է 1991-ի հուլիս-օգոստոսին՚,- ազատամարտիկի հիշողություններից այդ և այլ կարևոր հատվածներն էր հավաքվածներին ներկայացնում նա: 

Եվ հատվածներն այդ ընդհատվում էին ռազմաշունչ երգ ու պարով: Տեղին էր և լիրիկական շեղումը դեպի դասական երաժշտություն (դպրոցի նախկին շրջանավարտ  Գայանե Արզումանյանը կատարեց Բախի հայտնի Տոկատը): Ճիշտ այնպես, ինչպես դա տեղի է ունեցել հաջողված օպերացիայից հետո՝ վաղ առավոտյան, երբ ազատագրված գյուղում ազատամարտիկներից մեկը` Աշոտ Խաչատրյանը, ով և՜ բարձրպրոֆեսիոնալ հետախույզ էր, և՜ բազմակողմանի զարգացած մարդ, իր ուրախությունն էր ուզում ինչ-որ կերպ արտահայտել: Նա մտավ գյուղի մշակույթի տուն, բարձրացավ փոքր դահլիճ, որտեղ դաշնամուր կար, և նվագեց…, նվագեց ինքնամոռաց։ 

Այո, Տողի ազատագրման ռազմագործողության  հաջողությունից մեծ ոգևորություն էին ապրում տղաները: Նրանք գիտակցում էին, որ թշնամին դեռ ամեն տեղ է, պետք էր նախևառաջ ողջ Արցախն ազատագրել դարավոր ոսոխից, ազատվել նրա ճիրաններից։ Ոգևորված առաջին հաղթանակից՝ նրանք ձեռնամուխ եղան  ողջ  Արցախը թուրքից  մաքրելու գործին, քաջ գիտակցելով, որ նաև կորուստներն են անխուսափելի: 

Մյուս գյուղերն ու քաղաքներն ազատագրելու ժամանակ զոհվեցին սարկավագ Ռաֆիկը, Սամանդարը, հետո` տողեցի Ռոբերտը, մեծթաղերցի Ռուդիկը,  հադրութցի Էրիկը, մարտակերտցի Վլադիմիրը, երևանցի Լեոնիդը, ստեփանակերտցի Օսկոլկան (Բեկոր Աշոտը), տողեցիներ Վիգենը, Արմենչոն, Աշոտը, Անդրեյը…, հետո` Դուշման Վարդանը, Ավո-Մոնթեն, Պետոն… և շատ ու շատ մեր լավագույն տղաները: Զոհվեցին, հերոսացան, որպեսզի մենք այսօր վայելենք նրանց արած-թողածը` մեր ազատագրված հայրենիքը: Որպեսզի դարերի միջով այսօր էլ կարողանանք անցնել, կերտել ու շենացնել հին ու նոր մեր երկիրը: Շենացնենք` հիշելով նրանց պատգամը` սա Հայաստան է և վերջ: ՙՄոռանանք հին վերքերը, կերտենք նոր Հայաստանը՚,- Արմեն Սմբատյանի հանրահայտ ՙՀայաստան՚ խորհրդանշական երգով ավարտեց ազատամարտիկի հուշերն արվեստի դպրոցի ՙՏողասար՚ երգչախումբը:

Սիրենք ու ճանաչենք հայկական մեր աշխարհն ամբողջությամբ՝ կոչ է անում ծրագիրը վարող, դպրոցի շրջանավարտ Անուշ Ստեփանյանը, սիրենք ու ճանաչենք մեր երկիրը, քաղաքը, գյուղը, դպրոցը, դասարանը: Այսպես հմտորեն Անուշը փոխեց մթնոլորտը` հիշողություններից բերելով դեպի...ներկա։  ՙԴասամիջոց՚ փոքրիկ ներկայացումը, որի հեղինակն է թատերական բաժնի դասատու Անահիտ Բաղդասարյանը, բեմադրողը` Գենադի Առուշանյանը, բարձր դասարանցիների մասին է, և  ոչ միայն: Կատակն ու լուրջ խոսքը, ժպիտն ու խոհերը միաձուլած՝ նրանք կարողացան հումորի մեջ կարևոր մտքեր արտահայտել։ Նրանցից մեկը խիստ հրապուրված է Դիզակի մելիք Ավան-Եգանի կերպարով: Մարդ, ղեկավար, զինվոր, քաղաքագետ Ավան-Եգանն ամբողջությամբ տիրում է նրա մտքին ու հոգուն: Եվ մելիքը լսում է տղայի մտորումները: Նա իջնում է երկնքից` պատգամն իր մեկ անգամ ևս հաղորդելու ուսյալ տղային, ապրողներին. ՙԵս Հայաստանաս թողեցի ոչ եսիր գնալու՚: Պատգամ, որ փորագրած է Ավան-Եգանի առայսօր կանգուն ընդունարանի շեմին:

Խորհրդանշական էր համերգային ծրագիրն ավարտել արվեստի դպրոցի շրջանավարտ, Երևանի կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Հայկ Ավետիսյանի կատարմամբ Մոնթե Մելքոնյանի` Արցախյան պատերազմում Ավո դարձած ազատամարտիկի, հայ ժողովրդի հերոս զավակի մասին երգով: Դահլիճն այնքան ցնցված էր երեխաների պատրաստվածությամբ, նվիրվածությամբ, գեղագիտական բարձր մակարդակով, որ չէր ուզում բաժանվել նրանցից` պահանջելով շարունակել ծրագիրը: Բեմ բարձրացավ դպրոցի ժողովրդական երգեցողության դասատու Մարատ Հարությունյանը: Դասատուն և աշակերտը կատարեցին հայկական վառ կատակ-երգերի շարան, էլ ավելի ջերմացնելով մթնոլորտը: 

Տոնախմբությունն ավարտվեց շրջվարչակազմի և համայնքի կազմակերպած ավանդական հացկերույթով` ժենգյալով հացով, գինով, քաղցրավենիքով: 

 Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ