[ARM]     [RUS]     [ENG]

ՙԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԾՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՄԱՍՏՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՅՔԱՐԻ ՄԵԾ ՈԳԻՆ...՚

Հարցազրույց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ, հոգեբան-պրոֆեսոր Արզիկ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ հետ

 -Արզիկ Միքայելի, հոբելյաններն առիթ են ևս մեկ անգամ հետադարձ հայացք ձգելու անցած ճանապարհին, իսկ ինչու ոչ, նաև հաշվետու լինելու հայրենիքիդ ու ժողովրդիդ առջև։

- Ես գտնում եմ, որ անցած, ապրած տարիներս ինչ¬որ ձևով ծառայեցրել եմ հայրենիքիս։ Կարծում եմ՝  մարդուս կյանքը տիեզերական այս անպարագիծ ու հավերժական հոլովույթում  մի ակնթարթ է։ Միանշանակ, ժամանակակիցների և գալիք սերունդների հարգանքին են արժանի   այն մարդիկ, ովքեր իրենց նվիրաբերում են ազգին, ժողովրդին, հայրենիքին,  ընտանիքին։ Իմ տարիները կարծում եմ, հասարակության առջև քննություն բռնած տարիներ են։ Պետք է նշեմ, որ սկսած դպրոցական տարիներից, բավական կանոնիկ աշակերտ եմ եղել, արդյունքում ոսկե մեդալով ավարտել եմ դպրոցը, այնուհետև բարձր գնահատականներով՝ Երևանի պետական համալսարանը։ Աշխատանքի մեջ էլ նույնն եմ մնացել։ Մարդկային չարաճճիությունները, շեղումներն  ընդհանուր վարքային կանոններից ինձ հատուկ չեն եղել։ Մանկությունից իմ մեջ սերմանվել է սերը, առանձնահատուկ վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ։ Հայրական կողմից տատս փախստական էր Արևմտյան Հայաստանից, հորս պապական կողմը ևս, հանրահայտ Մխիթարյանները, գաղթել էին Արևմտյան Հայաստանից։ Պապս եղել է Անդրանիկի զինվորը։ Մեր՝ Թարթառի ձորակից  ընդամենը երկու զինվոր է ունեցել  Անդրանիկը, որոնցից մեկը՝ պապս։ Մի այնպիսի հպարտություն էի զգում ես այն ժամանակ, չնայած լավ չէի պատկերացնում, թե ով է Անդրանիկը, սակայն պապիս նկարագրությունները, պատմություններն իմ աչքերի առջև վրձնել էին նրա հայրենասեր կերպարը։ Չնայած պապս վախով էր նրա անունը տալիս, թաքուն, փսփսոցով էր պատմում. ժամանակներն այդպիսին էին։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ընդամենը 19 տարեկան և՜ հայրս, և՜ մայրս կամավոր մեկնել են ռազմաճակատ։ Այդտեղ  էլ նրանք ամուսնացան և պատերազմի ավարտից հետո  ես ծնվեցի... Բեռլինում։ Յուրահատուկ սկիզբ է  կյանքի, որը, հավանաբար, իր վճռական դերն է ունեցել իմ հետագա կենսագրության մեջ։ Պատահական չէ, որ 1965 թվականին, երբ  ընդամենը  3-րդ կուրսի ուսանող էի բանասիրական ֆակուլտետում, շատ մեծ ոգևորությամբ անդամագրվեցի ուսանողական գաղտնի կազմակերպությանը և դարձա ուսանողական քաղաքականության մեջ դերակատարություն ունեցողներից մեկը։ Խորհրդային այդ տոտալիտար ռեժիմի պայմաններում 1965թ. Երևանում կայացավ Հայոց մեծ եղեռնի  50¬րդ տարելիցին նվիրված աննախադեպ հանրահավաք, որն ազգային ոգու պոռթկում էր։ Երբ քայլում էին շարքերն ուսանողական  և վանկարկումներով բոլորին կոչ անում միանալ այդ շարժմանը, ես կատարում էի հատուկ առաքելություն։ Նախօրեին լույս էր տեսել Ջոն Կիրակոսյանի ՙԱրևմտյան Հայաստանն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին՚ գիրքը, որը հայագիտության մեջ անդրանիկ ուսումնասիրությունն էր՝ նվիրված եղեռնին։ Ինձ պատվիրվել էր այդ գիրքը ցուցադրաբար, շարքերի առջևից տանել մինչև հրապարակ, այնուհետև պանթեոն ու օպերայի շենքի հրապարակ։ Ես պատասխանատվությամբ կատարեցի այդ առաքելությունը։ Վերջում, երբ փորձ կատարվեց ցրել  միտինգը, գիրքը փրկեցի՝ հանձնելով վստահելի մեկին, իսկ ինքս ընկա Ազգային անվտանգության նկուղը, քննվեցի և քանի որ քննիչը բավականին բարեհամբույր մարդ էր,  ասաց.  քեզ բաց եմ թողնում, բայց որոշ ժամանակ քաղաքից բացակայիր, որ քեզ չվնասեն։ Այս իրողությունն ինձ համար քաղաքական լուսաբացի դեր կատարեց։ Ընդգրկվեցի ազգային-ազատագրական  շարժման մեջ՝ սկսած 1965 թվից։ Եվ պատահական չէր, որ 88-ին, երբ թվում էր թե ժողովուրդը թմբիրի մեջ է, և, առանձին անհատներն էին այս կամ այն առիթով բարձրաձայնում, տաք պահում արթնության կրակը,  ես  անվարան ընդգրկվեցի Շարժման մեջ, տարա  բոլոր փորձությունները։ Իրադարձություններն, ինչպես գիտեք, զարգացան սրընթաց կերպով. առաջին պատվիրակություններ Մոսկվա,  դրսեկ  պատվիրակությունների, պատգամավորների ընդունում Ղարաբաղում, բազո՛ւմ-բազում քաղաքական իրադարձություններ, որոնց մասնակից դարձա և հպարտությամբ եմ հիշում, որ ամենևին չընկրկեցի։  Ավելին, երբ սկսվեց պատերազմը, ոչ մի քայլ նահանջ չունեցա, իմ ընտանիքը ևս ամբողջությամբ ընդգրկվեց այդ թոհուբոհի մեջ։ Բոլորին է հայտնի, որ իմ չորս որդիները եղան պատերազմի դաշտում։ Ամուսինս առաջիններից մեկն ընդգրկվեց Շարժման մեջ, առաջիններից մեկը զենք վերցրեց։ Մենք այսօր հպարտությամբ արձանագրում ենք, որ Անկախության տարեգրություն ենք ստեղծել, պատմություն ենք ստեղծել։ Մեր 25-ամյա  ձեռքբերումներն անգնահատելի երևույթ են։ Հաճախ ժողովրդի մեջ լինում է տարակուսանք, դժգոհություն, բայց երբ մտածում ես, որ 25 տարիների ընթացքում ձեռք ենք բերել ազգային բանակ, սա հենց մեր մեծագույն հաղթանակն է, և չեմ կարծում, թե Արցախում կլինի մեկը, ով կարող է կասկածի տակ առնել այն իրողությունը, որ դա լուրջ ձեռքբերում է։ Դա ձեռքբերում է, և այն էլ հզոր ձեռքբերում։  Ներքին հպարտությամբ եմ զգում այն իրողությունը, որ, իրոք, մեր առավոտները բացվում են հայերեն, մեր եկեղեցիների  զանգերը հնչում են հայերեն, մեր դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները հայեցի  դաստիարակություն են ստանում։

-Գիտամանկավարժական երկարամյա նվիրված աշխատանք, սակայն Ձեր կենսագրությունը դրանով չի ամբողջանում։ Դուք ակտիվ հասարակական-քաղաքական գործիչ եք, և Ձեր ձեռքը միշտ կյանքի զարկերակին է, ասել է թե՝ Արցախի զարկերակին։ Գո՞հ եք Ձեր անցած ճանապարհից, թե՞ կարող էիք անել ավելին, եթե ժամանակներն ու բարքերն այլ լինեին։

-Ես ընդամենը 20 տարեկանում դարձա դասախոս։  Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բացման, նրա առաջին զանգի հետ, որպես դասախոս, մտա լսարան։ Եվ ահա շուրջ 5 տասնամյակ կապված եմ այդ կոլեկտիվին, որի կայացման մեջ գտնում եմ, որ դերակատարություն ունեցել եմ։ Տարբեր տարիների կատարել եմ տարբեր գործառույթներ. արհմիության նախագահ, կուսկազմակերպության քարտուղար, այնուհետև 28 տարի շարունակ այս կամ այն ֆակուլտետի դեկան, ամբիոնի վարիչ։ Այս ամենն ինձ թույլ է տալիս եզրակացնելու, որ այդ կոլեկտիվը  ներկայանալի է ամբողջ մեր հանրապետությանը։ Չմոռանանք, որ մեր հանրապետության անվանի քաղաքական գործիչները, այս կամ այն ոլորտի շատ պատասխանատուներ հենց մեր շրջանավարտներն են, և նրանք բոլորն էլ երախտիքով են խոսում, և վստահում, որ դա մի ուսանելի դպրոց էր, որով նրանք անցել են։ Կյանքն ինքը քննություն է, և գտնում եմ, որ մեր մասնագետները բավականին լուրջ քննություն են բռնել, ու գնահատականը տվել է կյանքը և ոչ միայն համալսարանը։ Գտնում եմ, որ ես բավականին արգասաբեր ճանապարհ եմ անցել, վկան՝ համալսարանական իմ կենսագրությունը, և պետությունը բարձր է գնահատել իմ ծառայությունը։ Ես ԱրՊՀ պրոֆեսոր եմ, ինձ շնորհվել է ԼՂՀ գիտության վաստակավոր գործչի կոչում, որը մեծ պատասխանատվությամբ եմ կրում և աշխատում եմ իրոք արժանի լինել այդ կոչմանը։ Գտնում եմ, որ նույնիսկ տարիքը չի խանգարում, որ այն էնտուզիազմը, որով սկսել եմ իմ գործունեությունը, շարունակեմ նաև հիմա։ Հոգեբանությունն այն գիտությունն է, որն, իրոք, շատ անհրաժեշտ է մեր երկրամասին։ Ես աշխատել եմ ստեղծել որոշակի դպրոց։ Երբ սկսել եմ  աշխատանքային գործունեությունս իբրև հոգեբան, ամբողջ Լեռնային Ղարաբաղում չի եղել երկրորդ մասնագետը։ Իսկ այսօր ներքին հպարտությամբ բավականություն եմ ապրում, որ մեր երկրամասում բազմաթիվ հոգեբաններ կան, ովքեր ավարտել են Արցախի պետական համալսարանը, և որոնց ճակատագրում որոշակի դեր ունեմ։ Եթե նորից կրկնվեր կյանքը, ինչպես ընդունված է ասել, չեմ կարծում, թե մի  այլ ճանապարհով կգնայի։

 Պատերազմական տարիները համընկան այն ժամանակաշրջանի հետ, երբ ես պատրաստվում  էի դոկտորական թեզ պաշտպանել, այդ տարիները կանգ առան ոչ միայն իմ կյանքում։ Մեր մտավորականների մեծ մասը պատերազմական և հետպատերազմյա շրջանում կանգ առավ գիտական աճի իմաստով։ Եթե մեր ընթացքը լիներ սովորական, ապա համալսարանի դասախոսների  մի զգալի հատվածը դոկտորական թեզ կպաշտպաներ։ Սակայն անձամբ ես չեմ ափսոսում, որովհետև ծառայելը ազգին՝ հազար անգամ թանկ թեզ ու դոկտորական է։ 

- Այսօր գործունեության Ձեր բնագավառը լրիվ փոխվել է...Օրենսդիր աշխատանք, նաև ԱԺ-ում մշտական հանձնաժողովի նախագահ՝ ոչ պակաս կարևոր ու պատասխանատու գործ։ Դուք պատրա՞ստ էիք դրան, թե՞, այնուամենայնիվ, ապավինում եք տարիների  փորձառությանը։

- Քաղաքականության հետ իմ  շփումը, ինչպես նշեցի, շատ վաղուց էր սկսվել։ Ազգային գաղափարախոսությունն ինձ համար 65 թվականից է սկսվել, և ինձ համար նորույթ չէր լինել ազգին առնչվող բոլոր իրադարձությունների կիզակետում։ Իհարկե, ես չէի մտածում, որ կարող եմ ազգային ժողովի պատգամավոր լինել և, փոխելով իմ աշխատանքի բնույթը, շատ ավելի մեծ ներդրում ունենալ իմ երկրի ճակատագրում։ 

Գոհ եմ մեր ժողովրդից, որ ինձ վստահության քվե տվեց։ Այդ նույն վստահությունն իմ հանդեպ ցուցաբերվեց, երբ ընտրվելուց հետո առաջադրվեցի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իսկ դա ենթադրում է կապ արտաքին աշխարհի հետ։ 

Պատգամավորական աշխատանքը զուգակցում եմ դասախոսականի հետ և դա անում եմ  մեծ հաճույքով։ 

-Այսօր բազում են մարտահրավերները՝ քաղաքական, տնտեսական, ռազմական...Դուք երբեք կողքից դիտողի դերում չեք հանդես եկել. ըստ Ձեզ՝ որո՞նք են այն հրատապ խնդիրները, որոնց մասին կուզենայիք բարձրաձայնել։

¬Երբ ապրիլյան դեպքերի ժամանակ մեր ժողովուրդը միակամություն ցուցաբերեց, կանգնեց մեր  տղաների թիկունքին՝ պատրաստ նետվելու ամենադժվարին փորձության մեջ, միայն թե պահպանի ձեռքբերածը, հասկացանք, որ մեր միասնությունը լոզունգներով չէ միայն։ Դա մեր գենետիկ բնույթն է։ Խոստովանենք՝ մտավախություն ունեինք, թե 88-ի ոգին երբեք չի վերականգնվելու, բայց ապրիլյան իրադարձությունները եկան ապացուցելու, որ այդ ոգին ծնվում է այն պահին, երբ դրա անհրաժեշտությունը կա։ Եվ երբ ինձ հարցնում են՝ ի՞նչ կարծիքի եք երիտասարդ սերնդի մասին, իմ պատասխանը միշտ եղել և մնում է միանշանակ. յուրաքանչյուր ժամանակ ծնում է իր հերոսը։ Եվ, իրոք, նոր սերունդը պատրաստ է հրաշագործությունների, որովհետև նրա արյան մեջ հայի գենն է։ 1997թ.  եղա ԱՄՆ-ում և այցի գնացի Կարո  Քահքեջյանի գերեզմանին, ծանոթացա մոր հետ։ Կարոն ծնվել է օտար հողում, հայերեն կարգին չգիտեր, չգիտեր Ղարաբաղի տեղն անգամ, եկավ և հերոսացավ։ Նրա արյան մեջ խոսեց հայի գենը։ Այո, մենք ունեցանք բազում  դժվարություններ, բայց, կարծում եմ,  հաճախ այդ դժվարությունն է ծնում ժողովրդի իմաստնությունն ու պայքարի մեծ ոգին։ Հարազատ մնանք մեր գենին, մեր պայքարի ոգուն։ 

-Դեպի  անկախություն ձգվող մեր  դեգերումները դեռ երկա՞ր ճամփա ունեն կտրելու։

-Հավանաբար։ Մեր հակառակորդը տառապում է քաղաքական կարճամտություն։

Նա ընդգծված քաղաքական տհասություն ունի։ Ինչքան էլ փորձում ենք մեր հարևանների  մեջ որոնել ու գտնել մարդկայինը, համամարդկայինը, միևնույն է, նրանց  տեսակը, էթնոսի տեսակը ագրեսիվ է։ Եթե մենք հզոր ենք պաշտպանության մեջ, եթե արի ու խիզախ ենք մեր երկիրը պաշտպանելու մեջ, ապա կան էթնիկ խմբեր (թուրք-ազերիները՝ ասվածի վկայություն), որոնք հզոր են ագրեսիայի մեջ։ Թալանել, սպանել, ոչնչացնել, գլուխ կտրել, արյուն խմել։ Սա մեր էթնոսին հատուկ չէ, և դժբախտաբար հարևան ենք նման մի էթնիկական խմբի։

Ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ ի հեճուկս  նրանց վայրենի գաղափարախոսության,  կայացրել ենք մեր ժողովրդավարական պետությունը, ունենք մեր պետական  բոլոր ատրիբուտները։ Հավատում ենք մեր երկրի իշխանություններին,  երկրի Նախագահին, մեր ընտրություններին ու նրա արդյունքներին։ Ցավալի է, որ աշխարհը փորձ չի անում ուղիղ նայելու ճշմարտության աչքերին։ Հիշենք Չերչիլի  հայտնի արտահայտությունը. ՙՀայ ժողովրդի դժբախտությունն այն է, որ նրա արյան կշիռն շատ ավելի թեթև է, քան նավթի կշիռը՚։ Զազրելի է անգամ  լսելը խավիարային քաղաքականության մասին. աշխարհը խաբվում է նման իրավիճակներում, ինչը շատ ցավալի է։ Կարծում եմ, կգա ժամանակը, և աշխարհը կճանաչի մեր ինքնորոշումը։ 

Կգա մեր ճակատագրի լուսավոր ապագան, գուցե դժվարությամբ, գուցե մի փոքր ուշ, բայց  անպայման կգա։ 

-Ռուս գրող Տյուտչևն ասում էր. ՙԵրանի նրան, ով աշխարհ է գալիս իր ժողովրդի համար բախտորոշ պահի՚։ Գո՞հ եք  Ձեր ճակատագրից։

-Երբ սրտնեղում ենք, հաճախ ենք ասում. այս ինչ ճակատագիր է...Այն, իհարկե, ունեցավ իր դառնությունները, բայց նաև աննկարագրելի, մեծ հպարտություն է, որ ողջ հայ ժողովրդի համար  Արցախը դարձավ զարթոնքի էպիկենտրոն։ Այսօր յուրաքանչյուր հայ Արցախի անունն առանձնահատուկ հպարտությամբ է տալիս. սա բոլորիս պայքարի արդյունքն է։ 

-Դուք բազմանդամ  ընտանիք ունեք,  հանրապետությունում ճանաչված ընտանիք։   Նորերս տեղեկացանք նաև, որ Ձեր թոռները դարձել են մարզաշխարհի երևելիներ։ Դրանից մեծ նվեր Ձեր հոբելյանին չէր էլ կարող լինել։

-Իրոք, բազմանդամ է մեր ընտանիքը, բաղկացած 23 հոգուց։ Տղաներս ու հարսներս սիրով միաբան են, նույնը  և նրանց զավակները։ Որդուս՝ Լեռնիկի որդիները՝ Վարդանն ու Մանվելը (13-14 տարեկան են նրանք) վերջերս դարձան կարատեի գծով աշխարհի չեմպիոններ, ընդ որում՝ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոններ։ Մեծ հպարտություն եմ ապրում, երբ տեսնում եմ, որ նրանց ոչ այնքան հետաքրքրում է իրենց չեմպիոն դառնալը, որքան որ պիտի դրսում Ղարաբաղի դրոշն իրենց ուսերին կանգնեն հաղթողի պատվանդանին։ Նման հաղթանակներ ինձ նվիրել են իմ բոլոր չորս տղա թոռնիկները, նրանցից 3-ը չեմպիոններ են կարատեի գծով, իսկ ավագ որդուս՝ Աշոտի տղան, որը կրում է հորս՝ Միքայել Մխիթարյանի անուն¬ազգանունը, վերջերս ընդգրկվել է աշխարհի հավաքականի կազմում (նա ընդամենը 15 տարեկան է), իսկ Արայիս որդին՝ Դավիթը, բռնցքամարտի չեմպիոն է։ Նրանք իրենց հաղթանակները նվիրել են ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին։ Նրանցով հպարտանում եմ, նրանք  իրենց գործունեությամբ իմ հոբելյանին յուրահատուկ նվեր են մատուցել։ Հպարտացել եմ նաև, երբ որդիներս իրենց չորս զավակների հետ ապրիլյան պատերազմի օրերին մեկնել են հարավային սահմանագիծ և մեկ ամիս գտնվելով այնտեղ՝ հայրերից սովորել են կանգնել դիրքերում ու  կրակել ինքնաձիգերից։

Ուրախ եմ, որ  նրանք իրենց ներսում  կրում են երկրին նվիրվելու զգացողությունը։ Դա ինձ չի զարմացնում, և ես հպարտ եմ, որ ձևավորվում է մի սերունդ, որը, վստահ եմ, ոչնչով չի զիջելու իր   հայրերին, պապերին։ 

 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ