[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՂՈԹՈՒՄ ԵՆՔ ԱԶԳԻ ԱՆՍԱՍԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՚

Հայրենիք բերող ճանապարհները սփյուռքահայերի համար բանուկ են ուխտագնացությունների միջոցով։

Վերջերս Հայաստան, ապա և Արցախ է այցելել կանադահայերի մի խումբ, որին պատահաբար հանդիպել ենք Արցախի թեմի առաջնորդարանում։ Մեր հարցերին համաձայնեց պատասխանել կանադահայոց թեմի ուխտեկ առաջնորդ Տ. Աբգար եպիսկոպոս ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ։

- Ո՞րն է Արցախ գալու ձեր առաքելությունը։

- Հայրենիք ենք եկել Հայաստանի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ։ Կանադահայոց թեմի կողմից ուխտագնացություն էր կազմակերպվել։ 30 ուխտավորներով  ուխտագնացությունը սկսեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, պատարագին մասնակցեցինք, Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստացանք։ Մեր ուխտն ավարտեցինք Արցախում։ Եղանք շատ սրբավայրերում և ուխտատեղիներում։ 

Կանադան շատ հեռու է, բայց մենք անտարբեր չենք և մոտիկից ենք հետևում իրադարձություններին, որ տեղի են ունենում Հայաստանում և Արցախում։ Զգացումներով, հոգով, սրտով կապված ենք Մայր հայրենիքին և կարոտով ենք ապրում։ Մեր խմբի մեծ մասն առաջին անգամ է հայրենիքում և շատ ոգևորված է ու անկարող է քողարկել զգացումները դեպի հարազատ հողն ու ջուրը։ 

- Սրբազան հայր, Արցախյան պատերազմի օրերին շատ գործուն էր Կանադահայոց թեմը։

- Թեմական զանազան ծրագրերի միջոցով միշտ ենք փորձում մեր օգտակարությունը բերել։ Համահայկական հիմնադրամի միջոցով մասնակցում ենք Արցախի թե՜ սոցիալական, թե՜ մշակութային, թե՜ զարգացման ծրագրերին։ Դա անում ենք մեր թեմի առաջնորդարանում գործող հարակից այլ մարմինների միջոցով ևս, երիտասարդների կամ անապահով ընտանիքների ծրագրերով և այլն։ Այսպիսով, մեր չնչին մասնակցությունն ենք բերում, մշտապես աղոթում ենք մեր հայրենիքի, մեր ժողովրդի, հայ զինվորի համար, որ մանավանդ այս վերջին շրջանում հարկադրաբար հայտնվել էր լարված իրավիճակում և իր պատրաստվածությամբ ցնցել ոչ միայն Հայաստանն ու Արցախը, այլ նաև սփյուռքը։ Մեր ժողովուրդն էլ ավելի միավորվեց, համախմբվեց։ Թշնամին կարծում էր, թե  հանկարծական ու լայնամասշտաբ հարձակումը վախ կներշնչի, սփյուռքահայերը չեն գա Արցախ կամ Հայաստան։ Բայց մենք շատ արագ ոտքի կանգնեցինք։ Մենք միանգամից արձագանքեցինք Ամենայն Հայոց կաթողիկոսի կոչին, որ թեմերը նույնպես մասնակցեն և կանգնեն հայ զինվորի ու հայ մայրերի կողքին։ Թեմի շրջանակներում կազմակերպեցինք հանգանակություններ։ Մի օրինակ բերեմ միայն. մեր քահանաներից մեկը՝ Տորոնտոյի հոգևոր հովիվ Տեր-Զարեհ քահանան, հրաժարվեց, իր տարեդարձի առիթով բոլոր տեսակի նվերներից և հայտարարեց՝ կամեցողները թող նախատեսվածը գումարի տեսքով հավաքեն՝ փոխանցելու Արցախին։ Այդ օրը շուրջ 60 000 կանադական դոլար հավաքվեց, որը և փոխանցվեց ըստ հասցեի։ Թեմական ծրագրերից մեկի միջոցով էլ, որն անապահով ընտանիքների օգնության ծրագիր է, աջակցեցինք, որպեսզի անապահով ընտանիքների երեխաները նույնպես ընդգրկվեն ամռանը Վայքում կազմակերպված ճամբարում։ Ի դեպ, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ վերջերս հնարավորություն է բացվել Մոնրեալի մի հիվանդանոցում կազմակերպել ոսկրային հիվանդություններ ունեցող մինչև 18 տարեկան երեխաների բուժումը, որոնց Կանադա ենք տեղափոխում Հայաստանից։ Տեղի մեր ռեսուրսները փորձում ենք օգտագործել մեր ազգի, մեր հայրենիքի օգտակարության համար։ Բայց ասում եմ. սա չնչին բան է, որ մենք անում ենք։ Այստեղ ավելի զոհողության կարիք է զգացվում։

- Սրբազան հայր, չնչին թե ծավալուն, սա տեսանելին է, սա այն է, ինչի համար օվկիանոսը կտրում-անցնում եք։ Բայց կա զորեղ մի երևույթ, որն աղոթքն է, որը երբեք տարածություն, ժամանակ, սահման չի ճանաչում։

- Եկեղեցու առաքելությունը դրա մեջ է կայանում՝ աղոթել մեր ժողովրդի, մեր ազգի համար, հաղորդության միջոց հանդիսանալ մարդու և Աստծո միջև։ Իսկ Հայ Առեքելական Եկեղեցին ազգային եկեղեցի է, և մեր առաքելության շրջանակը հիմնականում մեր ազգն ու ժողովուրդն է։ Աղոթում ենք մեր ժողովրդի ու ազգի անսասանության, ապահովության, բարգավաճման, խաղաղության համար։ Պատերազմական վիճակում հնարավոր չէ արձանագրել զարգացում կամ առաջընթաց։ Պետք է ժողովուրդը խաղաղ ապրի, որպեսզի խաղաղության մեջ ստեղծագործի։ Մեր սրտագին աղոթքն է՝ Աստծո առատ օրհնությունները մշտապես լինեն մեր ժողովրդի ու ազգի վրա։ 

 

- Արցախի թեմի առաջնորդը հաճախ է կրկնում, որ մեր հոգևոր սահմաններն անսահման են և գրեթե ողջ երկրագունդն են ընդգրկում։ Մեր հոգևոր սահմանների Կանադայի հատվածն ամուր է պահում Կանադահայոց թեմը, որն ամենաընդգրկունն է։

- Կանադահայոց թեմն իր մեջ ընդգրկում է ամբողջ Կանադայի տարածքը։ Կանադան մեծ է տարածքով. զիջում է միայն Ռուսաստանին։ Բայց այդ մեծ տարածքի մեջ ունենք 11 գործող եկեղեցիներ, հարյուր հազար հայ։ Գործող եկեղեցիներում, ցավոք, հոգևորականության պակաս ունենք։ Կանադահայոց հոտի հոգևոր ամրությունն ու անվտանգությունն իրականացնում են 8 հոգևոր հովիվներ։ Հոգևոր կյանքը հիմնականում կենտրոնացված է Մոնրեալում և Տորոնտոյում։ Կանադահայոց թեմի առաջնորդարանը գտնվում է Մոնրեալում։ Առաջնորդանիստ եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է։ Մինչև 1984 թվականը Կանադահայոց ներկայիս թեմն Ամերիկայի թեմի մաս էր կազմում։ Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի սրբատառ կոնդակով թեմն առանձնացավ, գործում է ինքնուրույն՝ ցուցաբերելով իր ուրույն առաքելությունը, մոտեցումը, քաղաքականությունը։ 

- Հայ Առաքելական Եկեղեցին է այն հայապահպան կենտրոնը, կառույցը, որ կարողանում է օտարության մեջ հային հայ պահել՝ կից ունենալով տարբեր կազմակերպություններ, դպրոցներ, հայորդյաց տներ, տիկնանց միություններ։ Կանադան բացառություն լինել չի կարող։ 

- Մյուս համայնքներից ու թեմերից Կանադան տարբերվում է իր հայախոսությամբ։ Նաև թարմ է համայնքը. առաջին հայերը եկել են Եգիպտոսից, Հունաստանից, Պոլսից 1950-60-ական թվականներին։ Հայերի այստեղ գալու ամենավաղ շրջանը նախորդ դարի սկիզբն է։ Մեր ամենահին եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է, որի 80-ամյակը նշեցինք վերջերս։ Ընդհանրապես Կանադայում բոլոր կազմակերպությունների ու միությունների գործունեությունը համախմբող, կենտրոնացնող առաքելություն ունեն առաջնորդարանը և եկեղեցին։ Եկեղեցու շուրջ են համախմբված տեղի հայերը, որովհետև իրենք իրենց երկրներում այդ ավանդությամբ են մեծացել։ Գործում են զանազան կազմակերպություններ, դպրոցներ, օրինակ, Ալեք Մանուկյան դպրոցը և Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունն՝ իր դպրոցով։ Պոլսահայ, եգիպտահայ միություններն են գործում։ Ունենք Թեքեյան մշակութային միությունը, ավանդական կուսակցությունները՝  Դաշնակցություն, Ռամկավար, Հնչակյան։ Բոլորն էլ իրենց հերթին ազգապահպանման գործին են լծված։ Ամենքն էլ ուզում են, որ սփյուռքում հայությունը հայ մնա։ Դրա համար օգտագործում են բոլոր հնարավոր ազդակները՝ քաղաքական, մշակութային, կրթական, սպորտի, տնտեսական և այլն, բայց, միանշանակ, գլուխ ունենալով եկեղեցին, թեմը, որզ իր հերթին բոլորին համախմբում է։ Երբ որ անցած ապրիլին պատերազմի առիթով առաջնորդարանը հանգանակության կոչ արեց, բոլորն էլ իրենց մասնակցությունը բերեցին՝ վստահելով առաջնորդարանին։ Մեր ժողովուրդը գիտակցում է, որ օրհասական պահերին (և ոչ միայն) միշտ պետք է եկեղեցու շուրջ համախմբվել։ 

- Սփյուռքահայ մեր շատ թեմերում ծեսերը կատարվում են հայերեն։ Հայերենով է մատուցվում պատարագը, հայերենով են կատարվում մկրտությունները, պսակները, բայց թարգմանաբար հնչում է այն լեզվով, որը տվյալ երկրի պետական լեզուն է։ Քանի որ կանադահայ գաղութը  հայախոս է, կարելի՞ է ենթադրել, որ նման խնդիր չի առաջանում։

- Այս փուլում, փառք Աստծո, գաղութը դեռ հայախոս է։ Որոշ քաղաքներում անգլերենն է շրջանառվում և երրորդ, չորրորդ սերունդը մասամբ խոսում է անգլերեն, բայց, ընդհանուր առմամբ, ծեսերը հայերենով ենք կատարում։ Երևակայեք՝ օվկիանոսից այն կողմ չկա որևէ թեմ, որտեղ որ թեմական խորհրդի ժողովներն անցկացվեն հայերենով, բացի կանադահայ թեմից։ Ես կարծում եմ, նույնիսկ չունենք թեմ, որտեղ տարեկան թեմական պատգամավորական ժողովները հայերենով անցկացվեն, բայց Կանադայում հայերեն է։ Դա ցուցանիշ է և խոսում է այն մասին, որ համայնքը հայախոս է, և հայերենը շրջանառության մեջ առաջնային տեղ ունի։ Անշուշտ, կան ընտանիքներ, որոնք բացատրությունների կարիք ունեն։ Արարողություններից հետո հոգևորականները բացատրում են նաև իրենց մատչելի լեզվով։ 

- Սրբազան հայր, հայ երիտասարդը Կանադայում ակամայից կրում է մի քանի մշակույթ։ Ի՞նչ  վտանգներ եք տեսնում հայ երիտասարդ սերնդի համար և ինչպե՞ս եք փորձում  կամ արդյոք հնարավո՞ր է նրանց զերծ պահել լեզվակործան ու ազգակործան վտանգներից։

- Հայաստանից դուրս այս վտանգը կա նույնիսկ մոտակա սփյուռքում։ Ես ծնվել եմ Վրաստանում, սովորել և ավարտել եմ հայկական դպրոցը։ Այդ նույն դժվարություններին մենք բախվում ենք նաև Հայաստանին սահմանակից Վրաստանում։ Ծառայել եմ Բուլղարիայում, Եվրոպայում, և այդ վտանգը, ձուլման, ուծացման գործընթացը Հայաստանից դուրս ամեն մի երկրում առկա է։ Եկեղեցու և ազգային կառույցների առաքելությունը նրանում է, որպեսզի հնարավորինս կանխվի, կամ գոնե հետաձգվի այդ գործընթացը, բայց միանշանակ, նորից եմ կրկնում. Հայաստանից դուրս այդ գործընթացն անխուսափելի է։ Դա ես իմ փորձառությունից եմ վկայում, և պատմությունն է դա ցույց տալիս։ Տարեցտարի մենք վիճակագրական գրառումներ ենք անում, գրանցում մկրտությունների, պսակադրությունների, թաղման քանակը։ Թվերը ցույց են տալիս, որ այսօր մեր թեմերում շուրջ 70 տոկոսը խառնամուսնություններ են։ Դա անխուսափելի գործընթաց է, և անհնարին է դրա դեմն առնել, հատկապես քրիստոնեական ժողովրդավարական երկրներում։ Արաբական երկրներում, օրինակ, ավելի համախմբված սփյուռք ունենք, որովհետև մուսուլմաններով են շրջապատված։ Պարսկաստանում, Սիրիայում, Լիբանանում մեր համայնքներն ավելի ուժեղ են, որովհետև փակ են։ Այսօրինակ բաց ժողովրդավարական երկրներում, ինչպիսին Ֆրանսիան է կամ Կանադան, հայ ընտանիքն իրեն վտանգված չի զգում։ Այդ երկրներում ավելի ազատ են, և այդ ազատության մեջ ավելի հեշտ է ձուլվելը։ Ձուլվում են աննկատ ձևով, որը սփյուռքում կոչում են սպիտակ ջարդ։ Մենք լավատես ենք։ Առաջին տարին չէ, որ սփյուռքը գոյացել է, և վստահ ենք, որ այդ բոլոր գործընթացները հաղթահարելի են։ Աշխատանքի, նվիրումի, զոհողության, աղոթքի, հոգևոր մթնոլորտի փոխանցման միջոցով դա, անշուշտ, հաղթահարելի է։

- Գուցե դա կանխվի նաև հաճախակի ուխտագնացություններո՞վ։ 

- Ճանապարհներից մեկն էլ դա է։ Մեր ուսումնասիրությունները, վիճակագրական գրառումները ցույց են տալիս, որ որևէ անձ, որևէ երիտասարդ մեկ անգամ այցելելով Հայաստան կամ Արցախ, բոլորովին փոխվում է։ Հողի ուժը զարմանալիորեն փոխանցվում է նրան, և նա կապվում է մայր հայրենիքին։ Ուզում է երկրորդ, երրորդ անգամ գալ. հայրենիքը չի դառնում մեկ այցելության երկիր։ Տարին մեկ անգամ մենք կազմակերպում ենք ուխտագնացություններ նաև Սուրբ երկիր, Երուսաղեմ, որպեսզի նրանք տեսնեն մեր սրբատեղիները, զգան, թե ինչ արժեհամակարգ կա մեր եկեղեցու ներսում, մեր ազգի մեջ և դա որպես ժառանգություն փոխանցեն իրենց հետնորդերին։ Ժառանգությունը միայն ունեցվածքը, կալվածքը չէ, որ փոխանցում են։ Ժառանգություն է լեզուն, հավատքը։ Դա սուրբգրային ճշմարտություն է, որը պիտի կենսունակ պահենք նաև ուխտագնացությունների միջոցով։

 

Հարցազրույցը՝  

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ