[ARM]     [RUS]     [ENG]

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՒՅՆ ԽՐԱՄԱՏՈՒՄ ԵՆ, ԵՐԲ ԽՈՍՔԸ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Է

Ի՞նչ հետևություններ ենք արել Ապրիլյան պատերազմից: Հայկական երկու հանրապետությունների խորհրդարանականները նորությունները սեփական աչքերով են գնահատել, իսկ հետաքրքրող մանրամասները   հենց դիրքապահներից հարցրել՝ առաջնագծում:

 Օրերս աշխատանքային այցով Արցախում էր ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը: Արցախցի գործընկերների հետ՝  հայաստանյան խորհրդարանականները եղել են առաջնագծի մի քանի հատվածներում: Մասամբ՝ որպես նախկին հանձնաժողովական, մասամբ՝ որպես ԼՂՀ անվտանգության ,խորհրդի նորանշանակ քարտուղար՝ շրջայցին նաեւ Վիտալի Բալասանյանն է մասնակցել:

Արցախի Խորհրդարանի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովների անդամների հանդիպումը առաջնագծի հարեւանությամբ էր: Ի՞նչ հետևություններ են արվել Ապրիլյան պատերազմից, որքանո՞վ են արդյունավետ գործում վերջին ամիսներին առաջնագծում ներդրված նորույթները, ի՞նչ բարեփոխումներ են նախատեսվում, ինչի՞ կարիք կա: Խորհրդարանականները նրանց հետ են զրուցել, ովքեր անմիջականորեն պատասխանատու են պետական սահմանի անվտանգության համար: 

Զրույցի շարունակությունը խրամատներում էր: Ապրիլյան պատերազմից հետո շփման գծում հարաբերական անդորր է, որը ժամանակ առ ժամանակ հակառակորդի սադրանքներով է խախտվում: ՙԱպրիլից հետո ավելի քիչ են կրակում: Մենք արձագանքում ենք միայն հրամանով՚,- պատմում է ՊԲ շարքային Սարգիս Միրզոյանը: ՙԱկտիվանում են մանավանդ գիշերն ու վաղ առավոտյան: Հրաձգային զենքերից են կրակում, ձեռքի նռնականետերից, դիպուկահարներն են անընդհատ աշխատում: Հարկ եղած դեպքում պատասխանում ենք՚,- պատկերն ամբողջացնում է ՊԲ փոխգնդապետ Մասիս Էմիրյանը:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն ապրիլյան պատերազմից հետո հերթական անգամ է առաջնագծում: Ե՜վ իր, ե՜ւ հանձնաժողովականների համար այս այցը կարեւոր է համարում նրանով, որ տպավորություններն արտացոլվելու են Բյուջե-2017-ի քննարկումներում: ՙԱյդ իմաստով ուզում եմ առանձնակի կարեւորել այս այցը, քանի որ  դիտարկումները մեզ օգնելու են գնահատել 2017-ի բյուջեն նաեւ մեր երկրի պաշտպանության անվտանգության առումով՚,- ընդգծում է նա: Հայաստանյան քաղաքական դաշտի իշխանական եւ ընդդիմադիր ուժերը համակարծիք են՝ Հայաստանի անվտանգությունը սկսվում է հենց Արցախի խրամատներից: ՙԱյս խրամատից մեր հայրենիքի սահմանն է սկսվում: Կարծում եմ, յուրաքանչյուր հայ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր լուման ունենա մեր հայրենիքի պաշտպանության գործում՚,- կարևորում է Կորյուն Նահապետյանը:

իՆման այցերն ու հանդիպումները կարեւոր են  համարվում ե՜ւ խորհրդարանականներհ, ե՜ւ զինվորականների համար: ՙՆման ցանկացած այց արդարացված է: Մեր աչքերով ենք տեսնում վիճակը, զինվորների առօրյան: Ինչու չէ՝ ժամանակ առ ժամանակ այցելելով դիրքեր՝ մեր փորձն այսօրվա զինվորներին ենք փոխանցում, ծանոթանում նրանց փորձին,- նշել է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:- Ինչ վերաբերում է այս ձեւաչափով հանդիպումներին, ապա դրանք կատարում  ենք ե՜ւ պլանավորված, ե՜ւ արտահերթ: Սա էլ քննարկումների կարեւոր հարթակ է: Ի վերջո, Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարությունները նույն առաքելությունն են իրականացնում. պետական սահմանի պաշտպանություն՚:

ՀՀ Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակության աշխատանքային այցն Արցախ տևել է նոյեմբերի 4-6-ը: Այցի շրջանակներում հանդիպումներ են ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների եւ համատեղ նիստ՝ Արցախի Խորհրդարանի գործընկեր հանձնաժողովի հետ:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ