[ARM]     [RUS]     [ENG]

ՙՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԸ ՄԵՐ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ Է՚

Նոյեմբերի 8-ին ՙՏիգրանակերտ՚ զորավարժարանում Կենտրոնական ենթակայության զորամասերի ներգրավմամբ անց է կացվել գնդային մարտավարական զորավարժություն, որի մարտական հրաձգության փուլին ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Անվտանգության խորհրդի  քարտուղար Վիտալի Բալասանյանը, ուժային կառույցների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք։ 

 Զորավարժության հիմնական մտահղացումներից էր անձնակազմի դուրսբերումը մարտական գործողությունների շրջաններ. հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում պաշտպանական մարտի վարում, մխրճված հակառակորդի ջախջախում և առաջնագծի վերականգնում, դիրքերի  բարելավման նպատակով հարձակողական մարտի վարում ու նպաստավոր դիրքերի զբաղեցում։

Տեխնիկական միջոցների, նոր սպառազինության կիրառման արդյունքում կատարելագործվել են  կրակային ազդեցության, կրակային ընդհանուր հզորության հնարավորությունները, հստակ է գործել  ղեկավարման համակարգը։ Անզեն աչքով էլ տեսանելի էին զորքերի համակարգված գործողությունները, նրանց հստակ ղեկավարումը, բարոյամարտական գերազանց որակների տիրապետող անձնակազմի կրակային կառավարումն ու հակառակորդի արդյունավետ խոցումը։  Զորավարժությունն անց է կացվել մարտական իրադրությանն առավելագույնս մոտեցված պայմաններում, հաշվի էին առնվել հավանական  հակառակորդի հնարավոր գործողությունները։ Կազմակերպիչներն ու ղեկավարները նպատակ են ունեցել մարզել շտաբները, հրամանատարական կազմին՝ հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում հմուտ և ճիշտ ղեկավարելու ստորաբաժանումների գործողությունները, ներդաշնակելու տանկային, հրաձգային և մոտոհրաձգային ստորաբաժանումները, որպեսզի վերջիններս կարողանան հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում միմնյանց հետ փոխգործակցելով՝ արագ և համաձայնեցված գործել՝ կանխելով նրա առաջխաղացումը պաշտպանության խորքը։ 

ՊԲ մարտական պատրաստության բաժնի պետ գնդապետ Սուրեն Սուրենյանի հավաստմամբ՝ համաձայն զորավարժության մտահղացման, ստորաբաժանումները կրել են մարտական  հերթապահություն՝ ուժեղացված կազմով և հակառակորդի հետախուզական, հատուկ  նշանակության խմբերի հանկարծակի հարձակումը ետ մղելու համար առաջնագծի  հերթապահ ուժերի հետ միասին դիմագրավել են հարձակմանը. երբ հակառակորդը փորձում է մարտի մեջ մտցնել տանկային ստորաբաժանումները,  մեր հերթապահ  ստորաբաժանումները կարճ ժամանակում կանգնեցնում են նրա հետագա առաջխաղացումը՝  օգտագործելով հրետանու կրակը և հակագրոհի միջոցով վերականգնում առաջնագիծը։ Անդրադառնալով տեխնիկական միջոցների կիրառմանը՝ գնդապետ Սուրենյանն ասաց. ՙԸնտրած մարտավարությունը նոր է, առավելագու՜յնս մոտեցված մարտական իրադրությանը և հակառակորդի իրական գործողություններին՚։ 

Ն տանկային զորամասի հրամանատար գնդապետ Թաթուլ Հայրապետյանը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց, որ իրենց զորամասը զորավարժությանը մասնակցել է մեկ ստորաբաժանման կազմով, թիրախային խոցումներն իրականացրել 90 տոկոսով (իսկությունն  ստուգվել է դիտորդների կողմից)։ 

Տանկիստների առջև խնդիր էր դրված կանգնեցնել դիրքեր մխրճված հակառակորդին, ստեղծել բարենպաստ պայմաններ ու անցնել հակագրոհի, ինչը կատարել են բարեհաջող։ Հրամանատարը գոհ էր իր անձնակազմից, նրանք իրենց մարտական խնդիրը  կատարել են գերազանց։ 

Արևելյան ուղղության զորամասի հրամանատար գնդապետ Կարեն Գրիգորյանի կարծիքով՝  զորավարժության մտահղացումը համապատասխանում է ապրիլյան պատերազմի հարուցած խնդիրներին։ Զորավարժությունը սկսվել է զորամասի տեղակայման վայրում ստորաբաժանումների բարձր մարտական աստիճանի բերումով։ Այնուհետև կազմակերպվել է երթ, զբաղեցրել են անհրաժեշտ  բնագծերը, որից հետո խնդիր են ստացել անցնել հիմնական գործողությանը։ Պաշտպանական շրջանը կոնկրետ  խնդիր ուներ պետական սահմանի պահպանության ժամանակ   հակառակորդի դիվերսիոն-հետախուզական  խմբերի  ներթափանցման դեպքում կանգնեցնել նրանց, հակագրոհել, վերականգնել առաջնագիծը և համաձայն պլանի,  իրականացնել դիրքերի բարելավում։ Նրա կարծիքով՝ զորավարժությունն անցել է բարձր մակարդակով, և հաջողվել է հասնել նպատակին։

Զորավարժության ընթացքում մարտական բարձր պատրաստականություն  ցուցաբերած մի խումբ զինծառայողներ ԼՂՀ նախագահի և պաշտպանության նախարարի կողմից արժանացան արժեքավոր նվերների, շնորհակալագրերի ու պատվոգրերի։  

Ողջունելով զորավարժության մասնակիցներին, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ ողջ հայությունը հպարտանում է մեր քաջարի զինվորներով, ովքեր  պատվով են իրականացնում հայրենիքի պաշտպանություն-առաքելությունը։  Ասվածի վառ ապացույցն ապրիլյան քառօրյա պատերազմում նրանց ցուցաբերած սխրանքն է։ 

- Պաշտպանության բանակի ձեռնարկած գործողությունների արդյունքում թշնամին ետ շպրտվեց՝ կրելով նյութական, մարդկային ու բարոյական  մեծ կորուստներ,- ասաց Բ. Սահակյանը։¬ Մենք ագրեսոր չենք, բայց հակառակորդը միշտ պետք է զգա մեր ուժը, պետք է իմանա, որ իր  ցանկացած արկածախնդրություն կունենա կործանարար հետևանքներ առաջին հերթին սեփական  պետության և ժողովրդի համար։ 

Ըստ երկրի նախագահի՝ միայն ա՜յս ձևով է հնարավոր պահպանել խաղաղությունն ու կայունությունը  տարածաշրջանում։  Նա հավաստանշեց, որ իշխանություններն այսուհետ  ևս հատուկ   ուշադրության կենտրոնում կպահեն բանակաշինության, երկրի պաշտպանունակության շարունակական ամրապնդման, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման հարցերը։  

Բ. Սահակյանը զինծառայողներին նաև հավաստիացրեց, որ ժողովուրդն ու պետությունը միշտ և ամեն պահի նրանց հետ են՝ պատրաստ անել  հնարավորը, որ նրանք կարողանան բարձր մակարդակով իրականացնել իրենց ծառայությունը։ 

ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն  Մնացականյանը  լրագրողների այն հարցին, թե որքանով են զորավարժությունները համահունչ տարածաշրջանային ներկայիս և հավանական զարգացումներին,  ասաց հետևյալը. ՙԱմեն ինչ անում ենք, որ նախապատրաստվենք հակառակորդի հարձակողական գործողություններին. առաջին հերթին դրանք կանխելու և  ապա՝ ՝ համարժեք գործողություններ իրականացնելու։ Ստուգել ենք մեր զորքերի պատրաստականությունը,  ստուգել ենք մեր  հրամանատարների  գործնական ունակությունները, որոշումներ ընդունելու  և իրագործելու կարողությունները, միաժամանակ նպաստավոր պայմաններ ենք ստեղծել, որ շտաբները նման իրավիճակներում գործեն  ներդաշնակ և  արդյունավետ։ Փորձել ենք զորավարժությանն ընդգրկված զինծառայողներին բարդ իրադրության մեջ դնել և ստուգել, թե արդյոք ի վիճակի՞ են նրանք կատարել իրենց առջև դրված խնդիրներն ու ավելին՝ իրականացնել այլ բնույթի գործողություններ ևս՚։ 

Խոսելով բանակը նոր զինատեսակներով համալրելու կարևորության մասին,  Լ. Մնացականյանն ասաց, որ զորավարժության ժամանակ  այդպիսիք կիրառվել են, փորձարկվել։ 

Մարտավարական զորավարժության ընթացքում որպես նորամուծություն՝ առաջին անգամ  փորձվեցին  Արցախի զինված ուժերում հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների գործողությունները մարտական իրադրության պայմաններում։ Նորամուծության առթիվ մեզ հետ տպավորություններով կիսվեց ՊԲ  հրամանատարի տեղակալ  գեներալ-մայոր  Վարդան Բալայանը.

- Ապրիլյան դեպքերից հետո մենք ի մի բերեցինք այդ բնագավառում մեր թույլ տված սխալները, դրանցից մեկն էլ առնչվում էր տեղեկատվական պատերազմին։ Այդ առումով որոշեցինք տանել կազմակերպված աշխատանք՝ համագործակցելով տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ։ Սա դեռ սկիզբն է։ Մենք կշարունակենք լրատվամիջոցների հետ  համագործակցությունը։ 

Կարևորելով լրատվամիջոցների դերը՝  Վ. Բալայանը շեշտեց, որ անհրաժեշտ է մշտապես ուշադրության կենտրոնում պահել և ոգևորել առաջնագծում կանգնած զինվորին։ Նա  կարևորեց նաև հասարակությանը (հատկապես սահմանամերձ բնակչությանը) օպերատիվ և ճշմարիտ տեղեկատվության տրամադրումը։ Ինչպես նաև հակառակորդի ապատեղեկատվությանն արագ արձագանքումն ու հակադարձումը։ 

Մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունը եզրափակվեց զորավարժությանը մասնակից զինանձնակազմի զորահանդեսով։ 

 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ