[ARM]     [RUS]     [ENG]

ԱՎԱԳՆԵՐԻ ԳՈՐԾԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ

Վտանգի ժամին երիցս քաղցրացած հողի ուժը զորեղ է։ Գաղտնիք չէ, որ երբ  սպառնում է թշնամին՝ ազգի սերուցքը համախմբվում է։ 

 Աղաջանյանների ընտանիքն էլ մեկն էր նրանցից, ովքեր չէին  կարող անտարբեր մնալ  հայրենիքին  պատուհասած փորձություններից... 

Էդուարդ և Արսեն Աղաջանյաններն առաջիններից մեկը զենք վերցրին  ու կանգնեցին  Հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ավա՛ղ, երկուսն էլ զարկվեցին՝ ծնողներին թողնելով վիշտ, ցավ ու տառապանք...

Ասում են՝ ժամանակն ամոքում է վերքերը, սակայն երկու որդիներ կորցրած տիկին Ռոմելայի խոսքերն այլ բան են վկայում... Ժամանակը, անցնող տարիներն անզոր են սպիացնելու այն տրոփող վերքը, որ իրեն զգացնել է տալիս ամեն պահի։ Խոր ծերության հասած մայրը մորմոքվում է անանց ցավից.

ՙ24 տարի է անցել որդիներիս կորստից, բայց ես մինչ այսօր քնելուց առաջ դուռս բաց եմ թողնում՝ հույսով, որ, միգուցե, հրաշքով վերադառնան՚,-որդու՝ Էդուարդի ծննդյան 55-ամյակին  Ստեփանակերտի հ. 8  ավագ դպրոցում կազմակերպված միջոցառմանն ասում է տիկին Ռոմելան։ 

Եղբայրները՝ Էդուարդն ու Արսենը, ավարտելով Ստեփանակերտի համար 8 միջնակարգ դպրոցը, հերթով ծառայեցին խորհրդային բանակում և վերադարձան տուն։ Ավագ որդին՝ Էդուարդը, ընտանիք կազմելու մասին դեռևս չէր մտածում, թեև զորացրվելուց հետո անմիջապես աշխատանքի անցավ քաղաքի ծայրամասում իր գործունեությունը նոր սկսած  գյուղատնտեսական մեքենաշինության գործարանում։ Կրտսերը՝ Արսենը, անմիջապես ամուսնացավ, տուն-տեղ դրեց։ Առաջնեկն էլ 1988-ին ծնվեց, Ղարաբաղյան շարժման օրերին։ 

Էդուարդն այլ ճանապարհ ընտրեց. պայքարի ու մաքառումների  ճանապարհը։ Նա մեկ աղետի գոտում էր՝ փրկարարների ջոկատում, մեկ էլ՝ ազատագրական շարժման մարտիկների շարքերում։ Մարտական մկրտություն ստացավ Գետաշենում և հենց Շահումյանում էլ վիրավորվեց ոտքից։ Ապաքինվելուց հետո կրկին վերադարձավ շարք և 1991-ից երրորդ վաշտի կազմում կռվող ջոկի հրամանատար Էդուարդ Աղաջանյանը գիտեր իր անելիքն ու գործում էր՝ չխնայելով ուժ, եռանդ և առողջություն։

Այդ օրերին ծանր մարտեր էին ընթանում, զենքի ու զինամթերքի պակաս էր զգացվում, մյուս կողմից էլ՝ ադրբեջանցիներին ՙմենակ չէին թողնում՚ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողները։ Սակայն հաղթանակները, չնայած առկա դժվարություններին, այնուամենայնիվ, սկսեցին հաջորդել մեկը մյուսին։ 

Հակառակորդի կրակակետերի վնասազերծման ռազմագործողությունները հաջորդում էին իրար.  ազերիներից մաքրվեցին նաև Ջամիլու և Կրկժան բնակավայրերը։ 1992թ. հունվարի 20-ին հայ մարտիկները կարողացան վայելել վաղուց սպասված հաղթանակի բերկրանքը, մայրաքաղաքի Կրկժանին մերձ հայաբնակ թաղամասերը վերջնականապես ազատ շունչ քաշեցին։

Էդուարդի վերջին մարտը եղավ Խոջալուի ազատագրումը։ Զոհվեց քաջի մահով։ 

Արսենը գետնին չթողեց եղբոր զենքը, երդվեց, որ նրա տեղը թափուր չի մնա։ Նախ ընդգրկվեց վերանորոգման-վերականգնման  առանձին գումարտակի ստորաբաժանումներից մեկում, որպեսզի հանգստացնի մորն ու դեռատի կնոջը՝ արդեն 3 երեխաների մայր Լաուրային, հետո միայն տեղափոխվեց եղբոր վաշտը և մինչև 1994-ի մարտի սկիզբը մասնակցեց բազմաթիվ ազատագրական ու պաշտպանական մարտերի։

Վերջին անգամ Արսենը տուն եկավ 1994-ի փետրվարի 26-ին, այցելեց եղբոր գերեզմանին։ Իսկ առջևում Ֆիզուլիի ռազմագործողությունն էր, որտեղ նա ընդմիշտ  հրաժեշտ տվեց երկրային կյանքին...

Տղաների մասին հպարտությամբ ու ակնածանքով են խոսում մարտական ընկերները։ Ֆելիքս Բաղդասարյանը հիշում է, որ իր նման 18 տարեկան տղաների համար ջոկատում ուսուցիչը Էդիկն էր՝ իր քաջությամբ ու խիզախությամբ, ով իր հետևից տղաներին մարտի էր տանում այն հավատով, որ հաղթանակն իրենցն է լինելու...

Պատերազմն Աղաջանյանների համար այդքանով չվերջացավ։  Ապրիլյան քառօրյա մարտերի ընթացքում էլ զոհվեց  Էդուարդի  զարմիկը՝ 37-ամյա Մասիսը, ով համալրել էր աշխարհազորայինների շարքերը։

Էդուարդ ու Արսեն Աղաջանյանների գործը շարունակում են սահմանն ակնդետ հսկող ապրիլյան պատերազմի հերոսները՝ հավատարիմ ավագ սերնդի կտակած ավանդներին։ 

Ու հենց նման հավատարմությունն էլ ավելի անսասան է դարձնում հայրենիքի սահմանները։ 

 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ