[ARM]     [RUS]     [ENG]

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՀԱԴՐՈՒԹՈՒՄ

ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից  հրապարակված նոր Սահմանադրության նախագծի հերթական հանրային քննարկումը կայացավ Հադրութի շրջվարչակազմի նիստերի դահլիճում:

Քննարկմանը մասնակցում էին Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի պատասխանատուներ, համայնքների և հիմնարկ- ձեռնարկությունների ղեկավարներ:

Երկրի մայր օրենքում սպասվելիք փոփոխությունների հանրային քննարկմանը ներկա էին ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Արթուր Մոսիյանը, Կարեն Դանիելյանը, Յուրի Հայրապետյանը: Մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը տեղեկացրեց, որ նախագիծը մշակվել է հանրապետության նախագահի հավանությանն արժանացած հայեցակարգի շրջանակներում: Նա միաժամանակ նշեց, որ հրապարակված նախագիծն աշխատանքային տարբերակ է և հանրային քննարկումների արդյունքում կբերվի վերջնական ու պատշաճ տեսքի: 

Բանախոսը  նշեց, որ  ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով գործընթացի համար նախատեսված  ժամկետը երկարաձգվել է: Նրա խոսքով՝ բոլոր քննարկումներից պարզ դարձավ, որ մեր  հանրապետությունում իրադրությունների ընթացքից ելնելով՝ հասարակության մեջ գերակայում է ուժեղ և կենտրոնաձիգ իշխանություն  ունենալու գաղափարը: Բանախոսը  ներկայացրեց նախագծի կառուցվածքը և ըստ հոդվածների ներկաներին պարզաբանումներ տվեց: Նախկինի պես  այն բաղկացած է 12 գլխից։ Խոսելով  հոդվածներից յուրաքանչյուրի մասին՝ նա կարևորեց  մարդու  հիմնարար  իրավունքների և ազատությունների մասին հոդվածների բարեփոխումները: Արթուր Մոսիյանն անդրադարձավ նաև պետական կառավարման առաջարկվող  ձևին: Սահմանադրական բարեփոխումների նախագծով ենթադրվում է, որ նախագահական կառավարման համակարգում նախագահի  լիազորությունները ավելանում են, սակայն որոշ  գործառույթներ  նրա լիազորություններից հանվել են՝  կապված դատական իշխանության, ԱԺ-ի հետ հարաբերությունների, տարբեր պետական պաշտոններում նշանակումների հետ, նշեց Ա. Մոսիյանը: Հանրապետության նախագահի և օրենսդիր մարմնի հարաբերություններում կարևոր նորույթ է նույն օրը նոր խորհրդարանի և նախագահի  մեկ համապետական ընտրություն անցկացնելը: 

Բանախոսը կանգ առավ նաև ՏԻՄ գործունեությանն առնչվող հարցերի վրա: Անդրադառնալով  Սահմանադրության նախագծի 8-րդ  գլխին, որը վերաբերում է ՏԻՄ ընտրության կարգին, նա  առանձնացրել է համայնքների խոշորացման հարցը: Դա այն խոշորացումը չէ, որ մի քանի համայնք միանում են և դառնում մեկ համայնք: Առաջարկվող տարբերակը Սահմանադրության նախագծում չկա, դեռևս ժամանակ կա այդ ուղղությամբ աշխատելու համար, նշեց Ա. Մոսիյանը։ 

Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկման ընթացքում իրենց  նկատառումներն արտահայտեցին Հադրութի շրջվարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը, ղեկավարի տեղակալ Արմեն Օհանյանը, վարչակազմի աշխատակազմի ղեկավար Վարդան Գասպարյանը, ՙՀադրութի բուժմիավորում՚  ՓԲԸ  տնօրեն  Արա Երեմյանը, ՙԴիզակ՚ շրջանային թերթի գլխավոր խմբագիր Լիանա Պետրոսյանը: Բարձրացված հարցերին պատասխանեցին նաև մասնագիտական հանձնաժողովի անդամները:

Էդիկ ԴԱՎԹՅԱՆ

ք. Հադրութ