[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՑ 1000 ԴՐԱՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼԸ ՏԱՍԱՆՈՐԴԸ ՏԱԼՈՒ ԻՄԱՍՏ ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ

 

 

 

Բանակ-հասարակություն կապի առավել ամրապնդման, զինծառայողների սոցիալական խնդիրներին հասարակության աջակցության մասին խոսվել է բազմիցս։ Ավելին, այն այսօր ավելի քան  օրակարգային է։ Սակայն բոլոր միջոցառումները չէ, որ իրենց հիմքում սոցիալական ուղղվածություն  ունեն։

 

ՙԱմեն ամիս աշխատավարձից 1000 դրամ զինծառայողների սոցիալական խնդրին հատկացնելը ոչ միայն արդար է, այլ նաև պարտադիր, եթե մենք ուզում ենք ապրել պաշտպանված ու ամուր երկրում՚,- Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի մշտական  հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Հանձնաժողովի նիստում քննարկվել է օրինագծերի փաթեթը, որով սահմանված է այս նորմը։ Միանգամայն իրավացի է պաշտպանության նախարարն այն հարցում, որ ՙ… սա ազգ-բանակ գաղափարախոսության վրա հիմնված քաղաքականություն է, որով մենք ամեն ամիս մեր աշխատավարձն ստանալիս լրացուցիչ առանձին տողով մտածում ենք մեր առաջնագծում կանգնած զինծառայողի մասին՚։ Այդ սիմվոլիկ գումարն իրականում ինչ-որ տեղ հիշեցնում է տասանորդի իմաստը, որը յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյայի անվիճելի համոզմունքն ու սկզբունքն է։ Այլ հարց է, թե որքանով է այն ճիշտ հարյուր հազարից բարձր և յոթանասուն հազարից ցածր աշխատավարձ ստացողների պարագայում։ Բայց ճշմարտությունը մեկն է. մենք ևս պետք է ունենանք այս օրինագիծը,  որի հաստատմամբ դրական իմաստով փոփոխություններ տեղի կունենան մարդկանց գիտակցության մեջ ու համոզմունքներում։ Յուրաքանչյուր ամիս 1000 դրամ գումարը զինծառայողների ապահովագրական հիմնադրամին փոխանցելն, անշուշտ, կանդրադառնա մարդկանց՝ Հայոց բանակի հետ ունեցած հոգեբանական նույնացման վրա, ինչը յուրատիպ ուղերձ է նաև մարդկանց ոչ միայն գիտակցությանը, այլև ենթագիտակցությանը։ Դրանով իսկ մենք ավելի պարտավորված կզգանք հայրենիքի ու հայրենիքը պաշտպանողների նկատմամբ։ Հենց այսպես է, որ մեր ազգային ես-ն ավելի ամբողջական կդառնա, ինքնության զգացումը՝ ավելի լիարժեք։ 

Իրականում մարդու գիտակցությունը կառուցվում է որպես նույնականացման մատրիցա, որի հիմքում ընկած են մի շարք խմբային նույնականացումներ։ Այսպիսի՝ զուտ սոցիալական շեշտադրում ունեցող միջոցառումները նպաստում են կոլեկտիվ և խմբային մտածողության ձևավորմանն ու համախմբվածությանը։ Հայոց բանակի հետ հոգեբանական նույնացման պարագայում բավարարվում են նաև մարդկանց  ինքնահարգանքի, սոցիալական պատկանելության հետ կապված հոգեբանական պահանջմունքները, իսկ երիտասարդ սերնդի մոտ՝ հիմնարար տագնապի հաղթահարման գործընթացը։ Այդ խորհրդանշական գումարը, որ մենք, համոզված եմ, պատրաստ ենք փոխանցել Հայոց բանակին, կնպաստի նաև մեր խմբային հիշողության պահպանմանը, ընդհանուր ապագայի նկատմամբ հավատի մեծացմանը։ 

Ճշմարտությունը թույլ է տալիս ասել, որ մենք ունենք մարդկանց անհատական ճգնաժամի խնդիր, ինչն, անտարակույս, իր հերթին բերում է նրանցից կախում ունեցող ինստիտուտների ճգնաժամին։ Եթե ոչ բանակի, ապա այլ արժեքների դաշտում մենք ունենք հոգևոր գործոնների ՙմաշվածության՚ երևույթ, ինչը հանգեցնում է սեփական անցյալի նկատմամբ տոտալ նիհիլիստական վերաբերմունքի ձևավորմանը։ Իսկ այսպիսի միջոցառումները յուրատիպ ուղերձ են մարդկանց գիտակցությանն ու արժեհամակարգին, դիրքորոշումներին ու համոզմուքներին։ Եթե ամենամյա դրամահավաքի ժամանակ մենք ունենում ենք հասարակությունը միավորող ազգային գաղափարախոսություն, որն ավելի շատ իրադրային նկարագիր է ունենում, ապա այս պարագայում խոսքն արդեն հասարակությունը համախմբող ազգային գաղափարախոսության մասին է։ Այդ գումարը յուրաքանչյուրիս համար կդառնա այսպես կոչված ՙպաշտպանիչ գոտի՚, որով հասարակության որոշ շերտերի մոտ մեծ մասամբ կչեզոքացվի նաև սահմանում տիրող իրավիճակից առաջացող խուճապային տրամադրությունը։

Քննարկման ներկայացված օրինագիծը, համոզված ենք, կհաստատվի, ինչը դրականորեն կանդրադառնա ոչ միայն զինծառայողների առօրյայի, բանակաշինության գործընթացի, սպառազինության մակարդակի բարձրացման, այլև բնակչության մոտ՝  բանակի նկատմամբ ունեցած վստահության վրա։ Սա հանրության հուզական մասնակցության հիանալի օրինակ է, որի արդյունքում  ձևավորվում են այնպիսի երևույթներ, ինչպիսիք են կամավորականությունը, հավատարմությունն ու նվիրվածությունը ընդհանուր գործին։

Լուսինե ՂԱՐԱԽԱՆՅԱՆ

Հոգեբանական գիտ. թեկնածու