Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԴԻՎԱՅԻՆ ՈԳՈՒ ՀՈՂՄԱՊՏՈՒՅՏՈՒՄ

Թերթում եմ Շուշիի Խանդամիրյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԼՂՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Հարությունյանի հուշատետրը, ով 1988-1995թթ. եղել է Գյումրիի տիկնիկային թատրոնի ռեժիսորը։ 

Կարդում եմ  նշումների սարսռազդու  էջերը, զարմանում՝ հանդիպելով այսպիսի տողերի. ՙԴերասան Գառնիկ  Պետրոսյանը զարմացած պատմում է մի տարօրինակ երևույթի մասին։ Ասում է՝ վախենում եմ առավոտյան մոտենալ ավտոմեքենայիս, որովհետև նրա տակ հոծ խմբով առնետներ են հավաքվում, և ես  ստիպված քշում եմ կրծողներին ու նոր միայն համարձակվում նստել ավտոմեքենան՚։ Ի՞նչն էր, արդյոք, նրանց հավաքել նույն ծածկի տակ՝ տագնա՞պը, գո՞ւյժը, թե՞...փրկվելու կենդանական բնա՛զդը։ Ուշադրությունս  գրավում է նաև այս փաստը. ՙԴերասան Ռոբերտ Պապյանը պատմեց, որ վանաձորցի երկու քույրեր, որոնք հոգեկան խնդիրներ ունեին, գուշակելով  ապագայում սպասվող երկրաշարժը, դրսում վրան են խփել և ապրում են այնտեղ՚։ Եվ զարմանալին այն է, որ նրանք նշել էին նաև աղետի ճիշտ ժամկետը՝ դեկտեմբերի առաջին կեսը...Շարունակում եմ ընթերցումը. ՙՄենք ոչ միայն չհավատացինք նրանց, այլև՝ ծաղրեցինք, ասելով. ՙՊարապ գժերն ի՛նչ ասես հնարում են։ Բուլղարիայում մի Վանգա՛ կա, Հայաստանում՝ երկո՜ւ՚։ ՙԱրշալույսն ինձ պատմեց, որ որդու ակվարիումի ձկները ժամանակ առ ժամանակ իրենց դուրս են նետում ջրից։ Այդ տարօրինակ երևույթներն, իհարկե, որոշակի չափով  ազդում էին մարդկանց վրա, ինչքան սահմռկեցուցիչ էին, այնքան մենք քամահրանքով էինք նայում այդ իրողություններին, այնքան մեր կատակներն ու հումորը անզուսպ էին ու թունդ։ Հուշերի հաջորդ էջերը կարդում եմ  ցավով ու սարսուռով. ՙ1988թ. դեկտեմբերի 7-ի աշխատանքային սկիզբը հայտարարեցի 9.30 րոպեն։ Ոմանք դժգոհեցին, ոմանք կարծիք հայտնեցին, որ իրենք այդ ժամին սովոր չեն արթնանալ, իսկ աշխատելն, ընդհանրապես, անհնարի՛ն է...Ես իմ որոշման մեջ հաստատակամ էի և հորդորեցի աշխատակիցներին. ՙՀանկարծ չփորձեք աշխատանքից ուշանալ...Ով բացակայեց, նա ծույլ է ու անբան, իսկ անբան աշխատողներից միշտ ազատվում են առանց խղճի խայթի։ Այնպես որ ուշադիր եղեք՝ թեկուզ ինքներդ ձեր հանդեպ։

Ամուսիններ Անդրանիկն ու Թամարան և նրանց որդին՝ Ջոնը երկրաշարժի զոհ չդարձան միայն մի պատճառով, որ իմ պահանջով 9.30-ին նրանք գտնվում էին թատրոնի շենքում։ Աշխատանքի էին՜ եկել։ Իսկ նրանց բնակարանը հիմնահատակ փլուզվեց և, փա՛ռք Աստծո, որ այդ ժամին ընտանիքի անդամները ներկայացման փորձով էին զբաղված։ Իսկ դուստրը մենակ մնալով, նպատակահարմար  էր գտել դուրս գալ տնից՝ զբոսնելու։

Ես նույնպես երկրաշարժից փրկվեցի պատահաբար։ Երբ թատրոնի երկհարկանի շենքը սկսեց օրորվել, աշխատակիցներից մեկը գոռաց. ՙԺայք է՚։ Ես բազկաթոռից արագ վեր թռա և նետվեցի դուրս։ Հետո նայեցի և ինչ տեսա։ Միջնապատը փլվեց ուղիղ բազկաթոռի վրա՝ փլատակով ծածկելով  ՙԽաղալիքների փախուստը՚ պիեսի տեքստը։ 

Դեկտեմբերի 6-ի  ամբողջ գիշերը  քեֆ ու խրախճանքի մեջ էինք։ Այսպես, ներքին լարվածությունը թուլացնելու համար՝ Լևոն Բաղդասարյանը առաջարկեց գնալ ռեստորան և ճաշել։ Մեր այս համատեղ միջոցառումը, որ կարելի է կոչել տոնախմբություն կամ խրախճանք, ձգվեց մինչև ուշ գիշեր, տեղաշարժվելով փողոցից-փողոց, թաղամասից-թաղամաս։ Այդպես հասանք այն շենքի ճաշարանին,  որտեղ ապրում են մեր դերասանները՝ Անդրանիկն ու Թամարան, որոնք իրենց դժգոհությունն էին հայտնել ինձ, ասելով, որ առավոտյան այդքան շուտ (9.30 րոպեին) չեն գա աշխատանքի։ Մայիս Դարբինյանն առաջարկեց ճաշին հրավիրել նաև Անդրանիկին։ Այդպես էլ արեցինք։  Հասանք ՙԿարմիր խաչի՚ խանութին կից ճաշարանին։ Մայիսն ու Անդրանիկը՝ մեր մեջ ՙ3-րդ հարկ՚ ունեցող բարձրահասակ այրերը,  իրենց կատակները վերածեցին կոշտ վեճի։ Սկսված աղմուկից և քաշքշոցի տարօրինակ բնույթից մղված՝ հարևան բնակարանի դուռը բացվեց, և մեր դիմաց հայտնվեց դրամատուրգ Վարդգես Մովսիսյանը (Լարիկը)։ Նա ժպտացող կապույտ այքերով նայեց մեզ և ասաց. ՙՏղերք ջան, էս ինչ լավ եք արել, որ ինձ հյուր եք եկել։ Մի վիճեք, բարձրացեք երկրորդ հարկ, տան տեղը մոռացե՞լ եք...՚։ Հյուրընկալ տանտերը մեզ համար սեղան բացեց՝ հոգու ջերմությամբ ու սիրով պարուրելով գիշերային անդորրաբեկ ժամը։ ՙԱխր գիտեմ, որ գալո՛ւ եք, քունս  չի՜ տանում։ Էս անձրևն էլ  արդեն երկու օր է չի՛կտրվում, գոնե ձյո՛ւն գար...դեկտեմբեր է, չէ՞...Ոնց որ  երկինքը լա՛...Ո՞ւմ վրա է լացում...մեզ վրա, թե՞...մեր անհայտ բախտի՜...Չգիտե՛մ՚։ Մենք միանգամից լռեցինք՝ մտածելով. ՙՀաճելի՛ կլիներ, եթե ձյուն գար...Գոնե իր սպիտակ սավանով կծածկեր մեր հոգսերը...՚։ Արդեն լուսանում էր։ Պայմանավորվեցինք հանդիպել վաղը և շարունակել մեր խնջույքը փորձից հետո...  Ուղիղ ժամը 9.30 րոպեին մտա փորձասենյակ։ Բոլոր դերասանները եկել, ինձ էին սպասում։ Չնայած բոլորի հայացքում էլ մնացել էին երեկվա բոհեմական կյանքի հետքերը, ամեն մեկը ձգտում էր թարմ ու աշխատունակ երևալ, ցուցադրելով ստեղծագործական եռանդի իր հնարավորությունները։ Անմիջապես դերասաններին ընդգրկեցի աշխատանքային ակտիվ ծիրի մեջ, հրաժարվելով կարևոր նպատակից ուշադրությունը շեղող քայլերից։ Հունի մեջ էր մտնում աշխատանքային եռանդուն օրը։ ՙՏեսնո՞ւմ եք,- կատակեցի ես,-պարզվում է գիշերային բուռն ու անքուն խնջույքները բնավ էլ չեն խանգարում ստեղծագործական աշխատանքին՚։ 

Հայտարարեցի 15 րոպե ընդմիջում։ Հենց այդ պահին էլ սկսվեց դարավերջի ահավոր երկրաշարժը։ Գոռոցը, որոտն ու ճիչը խառնվում էին այդ դիվային ոգու հողմապտույտում։ ՙԺայք  է, փախե՛ք՚,-գոռաց Վոլոդյան՝ իրեն նետելով դեպի դուրս։ Ես վեր թռա բազկաթոռից և մղվեցի դեպի փորձասենյակի նեղ դուռը, որն իր մարմնով փակել էր Գառնիկը. ոչ առաջ էր գնում, ոչ էլ՝ ետ։ Սկսեցինք հրել նրան  դեպի դուրս. ասես մսեղեն խցան էինք հանում դևի կոկորդից։ Լուսամուտից տեսա ճոճվող աստիճանները և սարսափեցի։ Կրծքիս խաչը  սեղմեցի շուրթերիս. ՙՏեր, փրկի՛ր զավակներիս, փրկի՛ր եղբորս՝ Վահրամին, փրկիր...՚։ Նայում էի ահռելի ուժով իրար զարնվող շենքերին և աղոթո՛ւմ...Ցնցումը հանդարտվեց։ Դուրս եկա փողոց։ Վոլոդյան գրկեց ինձ, ուրախացավ՝ տեսնելով ինձ. ՙԿարծեցի, թե մնացել ես փլատակներում...՚։ Դիմացի բաղնիքից դուրս եկել, վազում էին փողոցով մերկ կանայք, երեխաներ՝ ձեռքերում  ամուր բռնած հագուստները, փորձում էին հհագնել այս աղետին անհարիր մի հանդարտությամբ։ Ահավո՛ր էր։ Ծանր։ Փողոցն ի վեր բարձրացա, աջ կողմում, բարձրահարկ շենքի փլատակների տակ տեսա ավտոմեքենաներ։ Թեքվեցի դեպի ձախ. Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանն էր փլված։ Կիսափլված էր թիվ 16 դպրոցի շենքը, փլատակների դիմաց արնահոսող գլուխը ձեռքերով բռնած ուսուցչուհու կողքին կանգնել էր մի պատանի. դիվային ոգու ինչպիսի՛ կտավ։ Ողբ ու կական էր հոսում փողոցներով։ ՙՄի՛ խելագարվեք, մարդիկ՚,- խնդրում էի ես՝ առաջանալով դեպի եղբորս՝ Վահրամի բնակարանը։ Հասա այն շենքին, որտեղ աներոջս և իմ  ընտանիքն էր ապրում։  Շենքը զարմանալիորեն կանգուն էր մնացել։ Շենքի դիմաց խմբվել էին մարդկային ճակատագրեր, մոլորյալ հույսեր, ցավի պատառիկներ։ Տեսա զավակներիս և որոշ չափով  հանգստացա։ ՙԳնամ, Վահրամ հոպարին փնտրեմ՚,-ասացի զավակներիս և նկատեցի, որ զոքանչս ինձնից թաքցնում էր արցունքոտ հայացքը...Նայեցի եղբորս՝ Վահրամի բնակարանի ուղղությամբ։ Շենքի փոխարեն տեսա...տառապանքի, ցավի և տանջանքի մի կույտ։

Արհավիրքը  և օգնության բացակայությունն առաջին ժամերին մեզ վերածել էին ավերակներն անվերջ փորփրող ՙանզգա մեքենաների՚։ Հետո երևացին օգնության եկած առաջին խմբերը, որոնց համար անհրաժեշտ էր ստեղծել աշխատելու պայմաններ։ Առաջին ծանոթը, որին հանդիպեցի այս աղջամուղջում, Ղարաբաղից Գրիգորի Աֆանասյանն էր, որ գրկեց ինձ ջերմորեն, հարազատի պես։ Չկարողացա խոսել։ Խոսքն ասես խեղդվում էր երկաթե ձեռքերով։ Լռությունն իմ սենյակն էր դարձել, որտեղ և ես ապրում էի։ Հրապարակում ծովացել էր մարդկային ամբոխը, տարուբերվում էր մերթ աջ և մերթ ձախ, որոնում գոյատևման մի ելք։ Ամեն մեկն  անում էր այն, ինչ կարող էր։ Հանդիպեցի մորաքրոջս որդուն՝ Հովհաննեսին, ով իր ընկերների հետ հաց էր բաժանում մարդկանց։ Սա երևի Աստծո պարգևն էր։ Հինգ հատ հաց գրկած՝ դուրս եկա մարդկային փոթորկված հեղեղատից և քայլեցի դեպի տուն։ Մարդկանց մոտով անցնում էի ստվերի պես, հարցուփորձ անում...Իմ դիմաց կարծես ոչ թե մարդիկ էին, այլ՝ ուրվականներ։ Հարազատներս բահերով քանդում էին ավերակները, փնտրում...հետքերը շնչող կամ դիակացած որևէ մեկին։ Եվ եթե մեկը  հարազատի դիակ էր հանում փլատակի միջից, համարում էր դա ՙհաջողություն՚։ Եկած ուսանողները ինձնից հաց խնդրեցին, տվեցի։ Մնացած երեք հացը դրեցի բաճկոնիս տակ, որպեսզի հասցնեմ զավակներիս։ Օգնության էին եկել ուկրաինացիները՝ տեխնիկապես զինված։ Գրանցվեցին  շտաբում։ Հետո հանդիպեցի ֆրանսիացիներին՝ իրենց վարժեցրած շներով։ Հինգ օր անց՝ գտանք եղբորս՝ Վահրամի և իր երկու որդիների՝ Դավթի և Հրայրի դիակները։ Տասնչորսն իմ հարազատներից դարձան երկրաշարժի զոհ։ Հետագայում պարզվեց, որ իմ բարեկամներից մեկը շփոթել և իր մոր դիակի փոխարեն գերեզմանոցում հուղարակվորել էր անծանոթ մի կնոջ։ Եվ երբ գտնվեց իր մոր դին, նրան էլ հուղարկավորեցինք, անհայտ կնոջն էլ համարեցինք մեր հարազատը։ Տարօրինակ, տարօրինակ շա՛տ բան կար այս ամենում։ Այդ ժամանակ նույնիսկ անծանոթ մարդուն ոչ ոք չէր հարցնում, թե ինչ գործ ունի իր տանը. ընդունում էին հարազատի պես, իսկ ուշանալիս կամ բացակայելիս՝ անհանգստանում ու փնտրում...

Երկրաշարժի զոհ դարձավ նաև թատրոնի ադմինիստրատոր, արցախյան շարժման նվիրյալ Գագիկ Խաչատրյանը։ Դրամատիկական թատրոնից զոհվել էին վաստակավոր արտիստուհի Լիզա Ալիխանյանը, երիտասարդ դերասանուհի, իմ մանկության ընկերուհի Ռիտա Շառոյանը։ Զոհվեցին դրամատուրգ Վարդգես Մովսիսյանը, բանաստեղծ Արարատ Մկրտումյանը, բանաստեղծուհի Տանյա Հովհաննիսյանը՚։ 

Ավարտում եմ ընթերցումը. յուրաքանչյուր հայի, առավել ևս՝ գյումրեցու համար, Արցախի մղած պայքարը կյանքի և լինելության բարձրակետն է, ապրելու և գոյատևելու իմաստը։ Դրա վկայությունը հենց ընտանիքը կորցրած գյումրեցու այն խոսքն էր, որ նա ուղղել էր աղետյալ գոտի այցելած ԽՄԿԿ Կենտկոմի  գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովին։ Երբ վերջինս հարցրել էր նրան կորցրած ընտանիքի մասին և փորձել ցավակցել, գյումրեցի  այրը հարցրել էր նրան. ՙԻսկ ինչպե՞ս է լուծվելու Ղարաբաղի հարցը՚։ Մ. Գորբաչովն, իհարկե, նախ զարմացել էր, ապա զայրացել այդ անակնկալ հարցադրումից։ Եվ գուցե հոգու խորքում նա էլ հասկացել էր, որ Արցախը հայ ժողովրդի փրկության դուռն է, որը պետք է կրնկի վրա բացվի դեպի հավիտենություն։ Եվ հայ զինվորն այդ դռնով մտնելով, զենքը վայր կդնի միայն ազատագրված Արևմտյան Հայաստանի սուրբ քարերի վրա։ 

Ռոբերտ ԵՍԱՅԱՆ