Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԳԱԼԻՔ ՏԱՐԻ ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

 

 

Տարեմուտի հարցազրույց ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ հետ

 

- Պարոն Շահրամանյան, պատմության գիրկն է անցնում  2016-ը։ Գո՞հ եք անցնող տարուց։ Գերատեսչության կողմից իրականացված ո՞ր աշխատանքները հատկապես կառանձնացնեիք։

- Ամեն անցնող տարվա վերջին օրերին՝ որպես ավանդույթ, փորձում ենք ի մի բերել կատարածը, նախանշել գալիք տարվա անելիքները։  2016-ը լի էր թե՜ ուրախ և թե՜ տխուր երևույթներով։ Ապրիլ ամիսը շատ դառնություններ բերեց մեր ժողովրդին, անդառնալի կորուստներ ունեցանք, որի հետ հաշտվելն, անշուշտ, դժվար է։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեր աշխատանքների մեծ մասն ուղղված էր բանակաշինությանը՝ մարտական դիրքերում ինժեներական սարքավորումների կառուցմանը, չնայած մինչ այդ էլ քաղաքաշինությունն առաջնագծում լայնածավալ  աշխատանքներ էր իրականացնում։ 

Այդուհանդերձ՝ 2016-ին բավականին մեծ գործեր են կատարվել երկրի զարգացման համար կարևոր մի շարք բնագավառներում։ Առողջապահության համակարգում հատկանշական է ևս մեկ բժշկական կենտրոնի՝ ուռուցքաբանական դիսպանսերի կառուցումը (նախկին հիվանդանոցը գտնվում է անմխիթար վիճակում), որի շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են. ներկա պահին մաքրման և գույքի տեղադրման գործընթացն է սկսված։ 2017-ին նոր դիսպանսերը կսկսի գործել լիարժեք։ Բարեկարգվեց ՙՀանրապետական բժշկական կենտրոն՚ ՓԲԸ տարածքը և արդյունքում ունենք մի գեղեցիկ պուրակ, որը հանգստի ու ժամանցի հաճելի վայր է մարդկանց համար։  

Ընդհանուր առմամբ՝ անցնող տարում մենք շարունակել ենք մեր որդեգրած քաղաքականությունը՝ աշխատանքներ իրականացնելով բնակարանաշինության, կրթության, մշակույթի, սպորտի, ճանապարհաշինության ոլորտներում, ինչպես նաև՝  գյուղական բնակավայրերը ջրամատակարարմամբ ապահովելու խնդրի լուծման ուղղությամբ։ Մեր խոշոր ձեռքբերումներից արժե նշել Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի կառուցումը, որի աշխատանքները գրեթե ավարտված են. ընդհանուր 116 կմ-ից շուրջ 5 կմ հատված է մնացել բարեկարգելու և ասֆալտապատելու համար, որտեղ սողանքային երևույթներ կան, ինչի պատճառով այդ հատվածում աշխատանքներն ուշացել, բայց այժմ էլ շարունակվում են։ Ասեմ, որ Վարդենիս-Մարտակերտ ուղղությամբ երթևեկությունն ավելի է աշխուժացել, քանզի այն ավելի հարմար ճանապարհ է (3-րդ կարգի ճանապարհ է՝ օրվա կտրվածքով 1500 ավտոմեքենայի համար նախատեսված և տնտեսական ու ռազմավարական մեծ նշանակություն ունի), քան՝ Գորիս-Ստեփանակերտը։ 

2016թ. կապիտալ ներդրումների ծրագրով Ստեփանակերտ քաղաքին 250 մլն դրամ է հատկացվել՝ ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնելու համար։ Համաձայն ծրագրի՝  զգալի աշխատանքներ են տարվել տանիքների ու մայթեզրերի, շենքերի ճակատային մասերի ու աստիճանների վերանորոգման ուղղությամբ։ Բավական աշխատանքներ են իրականացվել նաև մայրաքաղաքի բակերի ու փողոցների բարեկարգման ուղղությամբ, որոնցից թերևս ամենամեծ հատվածներն ընդգրկողները Մխիթար Գոշ,  Սարոյան փողոցներն են։ Այստեղ փոխվել ու լրիվությամբ նորացվել են ներքին կոմունիկացիաները, արտաքին լուսավորությունը, ինչի արդյունքում գեղեցկացել ու հաճելի են դարձել նշված թաղամասերը։ Նման աշխատանքներ են կատարվել, ինչպես նաև մանկական խաղահրապարակներ են կառուցվել քաղաքի տարբեր վայրերում։

Մեր խոշոր ձեռքբերումներից է նաև Ստեփանակերտ քաղաքում երաժշտական դպրոցին հատկացված շենքի շինարարական աշխատանքների ավարտը։ Բավական սիրուն, հարմարավետ դասասենյակներով,  բոլոր տեսակի պայմաններով ապահովված՝ երկու մուտք ունեցող շենքը լավ նվեր է արվեստասեր հասարակությանը։ Ավարտեցինք նաև երաժշտական քոլեջի 2-րդ մասնաշենքի կառուցումը, որը տականցումով կապված է 1-ին մասնաշենքի հետ։

Ինչպես հայտնի է, ամեն տարի գումար է հատկացվում զոհված ազատամարտիկների ընտանիքների և հրետակծությունից տուժած բնակարանների վերանորոգման համար։ Այս տարի ևս բավական մեծ թվով ընտանիքներ օգտվեցին ծրագրից։ Նշված նպատակով զոհված ազատամարտիկների ընտանիքների համար հատկացվել էր 155 մլն դրամ, ինչի արդյունքում 41 ընտանիքի բնակարանի նորոգման խնդիր է լուծվել (կա՜մ վերանորոգվել են բնակարանները, կա՜մ էլ շինանյութ է տրամադրվել)։ Հրետակոծությունից տուժած բնակարանների համար հատկացվել էր 91 մլն դրամ. արդյունքում վերանորոգվել է 26 ընտանիքի բնակարան։ 

Բացի այդ, Ստեփանակերտում կապիտալ վերանորոգվել են վեց բազմաբնակարան շենքերի տանիքներ։ 

Յուրաքանչյուր տարի զգալի միջոցներ են հատկացվում կրթության ոլորտին, 2016-ին այդ գումարը կազմել է 761մլն դրամ, ինչի արդյունքում շահագործման են հանձնվել Կարմիր շուկայի և Ազոխի նորակառույց դպրոցները և երկու մանկապարտեզ՝ Ստեփանակերտ քաղաքում։ Մանկապարտեզներ են կառուցվել Իվանյան և Տումի համայնքներում, Հադրութ քաղաքում (հ.2 մանկապարտեզը)։ Շարունակվում են Սարուշենի, Քարին տակի, Մոխրաթաղի և Վաղուհասի մանկապարտեզների շինարարական աշխատանքները, որոնք նախատեսված է ավարտել 2017-ին։ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հետ համաֆինանսավորման ծրագրով հանրապետությունում շարունակվում են համայնքային կենտրոնների կառուցման աշխատանքները։ Հարկ է նշել, որ նման կենտրոնները միաժամանակ հավաքատեղի են հանդիսանում գյուղական բնակչության համար և նպաստում են այդ բնակավայրերում կյանքի աշխուժացմանը։

Ջրամատակարարման ուղղությամբ ևս զգալի աշխատանքներ են տարվել. 1 մլրդ 12 մլն դրամ է հատկացվել ոլորտին։ Այս ծրագրով ավարտվել է Գիշի գյուղի ջրամատակարարման նոր ցանցի կառուցումը, արտեզյան ջրհոր է կառուցվել Նորագյուղում։ 2016-ի ձեռքբերումների թվում արժե նշել Մարտակերտ քաղաքում շուրջօրյա ջրամատակարարման խնդրի լուծումը. ներկայում Մարտակերտն, ինչպես Ստեփանակերտն է, ունի ժամանակակից ցանցով, համապատասխան ջրամբարներով ու ընդհանուր կարգով ապահովված շուրջօրյա ջուր։ Նշված ոլորտում աշխատանքներ են տարվել նաև Քոլատակ և Վանք գյուղերում, ինչպես նաև՝ հանրապետության բոլոր շջրաններում։ Հավելեմ, որ հանրապետության Նախագահի հանձնարարականով՝  2017 թվականին ևս զգալի միջոցներ կհատկացվեն ջրամատակարարման համակարգին։

- Որո՞նք են լինելու գալիք տարում գերատեսչության հիմնական անելիքները։ 

- Վերը նշված աշխատանքները, որոնց մասին արդեն խոսեցինք, կշարունակվեն նաև 2017 թվականին։ Բացի այդ, ամեն տարի մեծ գումարներ են հատկացվում հանրապետական նշանակության ճանապարհների պահպանմանն ու շահագործմանը։ Այս տարի ևս շուրջ 2,8 մլրդ դրամ հատկացվեց այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին։ Դրանք հիմնականում կատարում է ՙԱրցախուղի՚ ընկերությունը, որն ունի յոթ աշխատանքային խմբեր՝ բոլոր շրջաններում։ 

2017-ին մեր ուշադրության կենտրոնում կլինեն երկրի պաշտպանունակությանն ու անվտանգությանն ուղղված աշխատանքները։ Կա՜ Պաշտպանության բանակի հետ մշակված պլան-ծրագիր, որի ուղղությամբ ներկա պահին էլ շարունակվում են աշխատանքներ տարվել։ Հարկ է նշել, որ այս նպատակի համար՝ առաջին անգամ պետբյուջեով մեզ կհատկացվի 1,5մլրդ դրամ։ 

- Որտե՞ղ եք դիմավորելու Ամանորը։ Նոր տարվա հետ կապված ի՞նչ ավանդույթներ կան Ձեր ընտանիքում։

- Ամանորը դիմավորելու եմ իմ հարազատների շրջապատում։ Քանի որ մեծ գերդաստան ենք՝ որպես ավանդույթ, այդ օրն այցելում և շնորհավորում եմ հարազատներիս։ Իսկ մինչ այդ՝ դեկտեմբերի 30-ին, մեկնում ենք առաջնագիծ և շնորհավորում մեր զինվորների գալիք Նոր տարին։ 

Ամանորը համամարդկային տոն է, հույսերի, երազանքների ու բարի ցանկությունների տոն։ Աշխարհով մեկ սփռված հայությանը մաղթում եմ միաբանություն, և որ ամենակարևորն է՝ խաղաղություն։ Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

 

 Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ