[ARM]     [RUS]     [ENG]

ՙ...ԵՎ ԱՅՐ ՄԻ՝ ՍԱՐԻԲԵԿ ԱՆՈՒՆ՚

Որքան հեռանում ենք Արցախյան պատերազմի իրադարձություններից, այնքան տեսանելի են դառնում իրական հերոսների կերպարները...

Ու ավելի են իմաստավորվում նրանց անունն ու գործը, փայլատակում ժամանակի ծիրում՝ որպես առաջին մեծության աստղեր։

Սարիբեկ (Ռաջիկ) Գեորգիի Մարտիրոսյանը ծնվել է 1957թ. հունվարի 2-ին, Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1975¬77թթ. ծառայել է խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո բնակվել է Մարտունի քաղաքում, սկզբում  աշխատել է մշակույթի տանը՝ որպես ՙԵրազ՚ էստրադային համույթի գեղարվեստական ղեկավար, ապա՝ կենցաղսպասարկման կոմբինատում ձայնագրող։ Արցախյան շարժման նախակարապետներից է։ Ակտիվորեն մասնակցել է Գյուլափլուի, Ամիրանլարի, Կուրոպատկինոյի, Վերին և Ներքին Վեյսալուների, Քարվաճառի, Ջեբրայիլի, Մարզիլուի և այլ բնակավայրերի ազատագրության ու թշնամական կրակակետերի  ոչնչացման  համար մղված մարտերին։ Ավագ լեյտենանտ Սարիբեկ Մարտիրոսյանը զոհվել է 1993թ. հունիսի 12-ին։ Հետմահու պարգևատրվել է ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած էր, ունի 5 երեխա։ 

Ս.թ. հունվարի 2-ին Սարիբեկը կդառնար 60 տարեկան։ Նա կյանքից հեռացավ ուժերի ծաղկման շրջանում։  Կենսախինդ, բնությունից օժտված երիտասարդի կյանքի բնականոն ընթացքը 1988¬ին մեկեն  փոխվեց։ Սարիբեկը  Շարժման առաջամարտիկների շարքում էր։

Իրադարձությունների  հետագա ընթացքը նոր խնդիրներ առաջադրեց. 1989թ. օգոստոսի 23-ին Մարտունու շրջանի ժողդատարանում սկսվեց Մարտունի քաղաքի բնակիչներ Սարիբեկ  Մարտիրոսյանի, Լյովա Բաբայանի, Սերժիկ Ասրյանի և Մարատ Ուլուբաբյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատավարությունը։ Դատը վարում էին Դոնեցկի մարզային  դատարանի ներկայացուցիչները։ Առաջին նիստի ժամանակ ընթերցվում է ծավալուն մեղադրականը։ Դահլիճում և դրսում ալիքվում էր ժողովուրդը։ Ներկաների հիշողության մեջ նորից վերակենդանանում են մեկուկես տարվա տագնապալի օրերը, ու հորձանվում  հույզ ու ցավի պարունակներով։

...Դահլիճը պրկված հուզմունքով էր լսում մեղադրյալ Ս. Մարտիրոսյանի խոսքը։ Ծանր ու անորոշ օրեր էին։ Դատավարության հերթական նիստը  տեղի է ունեցել Խոջավենդում։

Սարիբեկն ու եղբայրը՝ Վալերիկը, ճաշակեցին Շուշիի, Աղդամի բանտերի կտտանքները, որտեղ շուրջ մեկ տարի տառապելուց հետո  հայրենի քաղաքում (ժողովրդի պահանջով) բաց դատավարությամբ Սարիբեկն  ապացուցեց իր և մյուս անբաստանյալների անմեղությունը և հավաստագրեց, որ ԽՍՀՄ դատախազության այդ հանցախումբը հատուկ էր իրականացնում նման  գործողություններ՝ վախի և սարսափի միջոցով կասեցնելու արցախահայության քաղաքական անհնազանդությունը։

Արցախում օր օրի նոր երանգ ու թափ ստացող պատերազմը նրան կանգնեցրեց կամավորականների շարքերում։ Նա միշտ կատարում էր ամենավտանգավոր հանձնարարություններ։  Երբ Մարտունի եկավ Մոնթե Մելքոնյանը, շատ բան փոխվեց Սարիբեկի կյանքում։ Նա  սկզբից Մարտունու ՊԲ հետախուզության պետի տեղակալն էր։ Հետախուզության պետ Վոլոդյա Խաչատրյանի զոհվելուց հետո 1992 թ. դեկտեմբերին  ստանձնեց հետախուզության պետի պաշտոնը։ 

Ներքին Վեյսալլու գյուղի ազատագրումից հետո Ավոն մի առանձին  հպարտությամբ էր վերհիշում Սարիբեկի վեհ արարքը... Ադրբեջանցի կինը վազել¬մտել էր ազերիներին տեղափոխող  մեքենան՝ թողնելով իր անչափահաս երեխային փողոցում։ Սարիբեկը ցնցվել է մոր անմարդկային վերաբերմունքից։ Իջնելով տանկից՝ գրկել է փոքրիկին,  հասցրել  մորը։

-Փոքրիկիդ թողած թշնամու տանկի դիմաց՝ ո՞ւր ես փախչում,¬նախատել է նա։

 1993թ. հունիսի 12-ին թշնամական լայնածավալ գրոհը հակագրոհով ետ շպրտելուց հետո Սարիբեկ Մարտիրոսյանը  հասավ  իր քաջ հրամանատարին, ով զինակիցների հետ Մարզիլի գյուղի կրակակետերը  վերացնելուց հետո ստուգում էր իրավիճակը։  Թշնամու դարանակալ հետևակի մարտական մեքենայից  արձակված արկի բեկորներից վիրավորվեցին մարտական ընկերները։ Ավոյի գլխի վերքը մահացու էր... Անհավասար մարտում Սարիբեկը մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանեց իր հրամանատարին... և ինքն արնաքամ եղավ։ Նա խախտեց տիկնոջը՝ Լիլյային տված խոստումներից միակը. ՙՎստահ եմ ու համոզված, որ թշնամու գնդակը ինձ երբեք չի դիպչի։ Ես կվերադառնամ...՚։

Սարիբեկ Մարտիրոսյանի մերօրյա  ՙՈդիսականը՚ շարունակվում է հյուսվել ճակատագրի ու հանգամանքների բերումով աշխարհի տարբեր ծիրերում ապրող զավակների՝ Էլենի, Էռնայի, Հասմիկի, Անժելայի, Աշոտի և թոռների՝ Նիկոլի, Էմիլիի, Էրիկայի, Դանիելի, Ալեքսի, Սարոյի, Նարեի, Նարեկի, Սարիբեկի կյանքի ընթացքում ու նրանց արարումներում։  Շարունակվում է հյուսվել հայրենիքի նվիրյալ մարտիկի լեգենդը՝ դարձած հուշ ու հիշողություն։ 

 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ