[ARM]     [RUS]     [ENG]

ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄՈՒՄ՚ ԲԱՐԴ ՏԱՐԻՆ ՀՈՒՍԱԴՐՈՂ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ ԵՆ ԱՄՓՈՓՈՒՄ

ՙՂարաբաղ Տելեկոմ՚ ընկերությունն օրերս  ամփոփեց 2016 թվականի աշխատանքները:

Նախքան հաշվետվությունը՝ ՙՂարաբաղ Տելեկոմ՚-ի գլխավոր տնօրեն Գարեգին Օդաբաշյանին հանրապետության կապի համակարգի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալ է հանձնել նախարար Անդրանիկ Խաչատրյանը: Ապա հաշվետվությունն էր նախորդ տարվա ընթացքում կատարածի մասին: 

ՙ2016թ. ընթացքում մեծ աշխատանքներ են կատարվել համացանցը սպասարկող սերվերները արդիականացնելու ուղղությամբ, որի արդյունքում նաեւ ՙՂարաբաղ Տելեկոմ՚-ի անլար համացանցի թողունակությունը 1 գիգաբիթից-վայրկյանում հասցվել է 10 գիգաբիթին-վայրկյանում՚,- մանրամասնում է ընկերության գործադիր օգնական Ժաննա Աղասյանը:

Աշխատանքներ են իրականացվել սպասարկման որակի բարելավման ուղղությամբ: Շատ դեպքերում հաճախորդն արդեն ստիպված չէ  ծառայությունների դիմաց վճարելու համար անպայման ՙՂարաբաղ Տելեկոմ՚-ի սպասարկման կենտրոններ հասնել: Վճարային տերմինալների տեղադրումը մատուցած ծառայությունների դիմաց  հաճախորդների կողմից ինքնուրույն վճարումներ կատարելու նպատակով էր: Նորությունների թվում է նաեւ ՙԸնտանեկան՚ փաթեթի ներդրումը: Այն իր մեջ ներառում է մի քանի ծառայություն միաժամանակ եւ, ընդհանուր առմամբ, խոստանում է ավելի էժան լինել, քան այդ ծառայություններն առանձին-առանձին ստանալու դեպքում: Շարունակվել են բջջային ծածկույթի ընդլայնման աշխատանքները: ՙ2016թ. անցկացվել է 25 կմ օպտիկամանրաթելային մալուխ միայն Գետավան-Դադիվանք-Եղեգնուտ հատվածում, եւ դրանով ավարտին է հասցվել ծրագրի այդ հատվածը: Իսկ, ընդհանուր առմամբ՝ 2016թ. ընկերության կողմից անցկացվել է ավելի քան 216 կիլոմետր օպտիկամանրաթելային մալուխ՚,-ասվածը թվերի է վերածում Ժ. Աղասյանը:

Հաշվետվություն է ներկայացվել նաեւ ընկերության բարեգործական ծրագրերի մասին: ՙՂարաբաղ Տելեկոմ՚-ի բարեգործական ծրագրերում ընդգրկվել են առողջապահության, պաշտպանության ու կրթության ոլորտները: Հաշվետու ժամանակահատվածում մոտ 650 միլիոն դրամ միայն առողջապահության ոլորտին է ուղղվել: Պաշտպանության ոլորտին ուղղված գումարները չեն բարձրաձայնվում: Ընկերությունը մասնակցություն է ունեցել նաև ԱրՊՀ-ի որոշ կարիքները հոգալու հարցում:

ՙՂարաբաղ Տելեկոմ՚-ը, սակայն, տարվա գլխավոր ցուցանիշը ոչ թե բարեգործությանն ուղղված միջոցներն է համարում, այլ կապի հասանելիությունը եւ բազմազանությունը բնութագրող տոկոսները: 2016-ի արդյունքներով՝ հանրապետության տարածքի 97 տոկոսը բջջային հեռախոսակապով է ապահովված, համացանցը հասանելի է տարածքի 85 տոկոսում: 2017 թվականին շարունակվելու են աշխատանքները ինչպես նշված ծածկույթների ընդլայնման, այնպես էլ ծառայությունների որակը բարելավելու ուղղությամբ:

Կատարված աշխատանքը բարձր է գնահատել հաշվետվությանը ներկա էկոնոմիկայի նախարարը: Անդրանիկ Խաչատրյանը մատնանշել է ե՜ւ օպտիկամանրաթելային նոր գծի անցկացումը, ե՜ւ հեռուստատեսության ոլորտում ընկերության նորարարությունները: Արցախի պարագայում ամենակարեւորը, սակայն, այն էր, որ բոլորը համոզվեցին. ՙՂարաբաղ Տելեկոմ՚-ը կարողանում է անխափան աշխատել նաեւ արտակարգ պայմաններում: Դրա լավագույն վկայությունն ապրիլյան պատերազմի օրերին առկա կայուն կապն էր: Նաեւ անելիքներ կան: Խոսքը, մասնավորապես, առանձին հատվածներում բջջային կապի հասանելիությունն ապահովելուն է վերաբերում: Այս աշխատանքները կլինեն ընկերության առաջիկա ծրագրերում:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ