[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՍՏԱՏՎԵՑ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

Հունվարի 20-ին տեղի ունեցավ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցում էին ԿԸՀ պատասխանատու աշխատողներ, տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Նիստը, որի օրակարգը բավական հագեցած էր, վարում էր ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը։ 

Օրակարգի առաջին և առանցքային հարցը Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ 2017թ. փետրվարի 20-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին էր։ Ներկայացնելով այն՝  ԿԸՀ նախագահն իրազեկեց, որ նախօրեին՝ հունվարի 19-ին, Արցախի Հանրապետության Նախագահը ստորագրել է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ հրամանագիր։ ԿԸՀ-ի կողմից մշակվել է հիմնական միջոցառումների ժամանակացույց, որն իրենից ներկայացնում է 87 հիմնական գործողությունների պլան՝ դրանց կատարման անմիջական պատասխանատուների և կատարման ժամկետների հստակ նշումով։ Ժամանակացույցը կազմվել է 2015թ. հունվարի 1-ին գործողության մեջ դրված Ընտրական օրենսգրքի ընթացակարգային հարցերի շրջանակներում և, բնականաբար, հիմնական իրավական փաստաթուղթը, որ դրվել է հիմքում, Հանրաքվեի մասին ԼՂՀ օրենքն է։ Ս. Արզումանյանի խոսքով՝ համաձայն ժամանակացույցի՝ Հանրաքվեի մեկնարկն արդեն տրված է։ Առաջին կարևոր գործընթացը նախընտրական քարոզչությունն է, որի սկիզբն ազդարարվում է ԼՂՀ Նախագահի հրամանագրի հրապարակման պահից, և որը կշարունակվի մինչև փետրվարի 18-ի ժամը 24.00-ն։ 

ԿԸՀ նիստը հաստատեց վերոնշյալ ժամանակացույցը։ Ըստ Ս. Արզումանյանի՝ կա մեկ առանձնահատկություն. հանրաքվեի քարոզչության ֆինանսավորման համար քարոզչություն իրականացնողները պետք է բացեն քարոզչության հիմնադրամներ։ Միջոցառումների ժամանակացույցը և դրանից բխող համապատասխան այլ իրավական ակտերն ու փաստաթղթերը կտրամադրվեն շահագրգիռ գերատեսչություններին ու պատասխանատու կատարողներին։

Ամփոփելով քննարկվող հարցը՝ Ս. Արզումանյանը հավելեց, որ ըստ Հանրաքվեի մասին օրենքի պահանջի՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսուհետ կներկայանա որպես Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով, իսկ տարածքային և տեղամասային հանձնաժողովները համապատասխանաբար կկոչվեն Հանրաքվեի տարածքային և Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովներ։

Թիվ 10 ընտրատարածքում, որն ընդգրկում է Շուշիի և Քաշաթաղի շրջանների բոլոր համայնքները, հանրաքվեն կազմակերպելու և անցկացնելու լիազորությունը դրվել է հանրաքվեի Քաշաթաղի տարածքային հանձնաժողովի, իսկ թիվ 11 ընտրատարածքում, որն ընդգրկում է Շահումայնի շրջանի բոլոր, Ասկերանի շրջանի թվով 12 և Մարտակերտի շրջանի թվով 16 համայնքներ՝ հանրաքվեի Մարտակերտի տարածքային հանձնաժողովի վրա։

Հանրաքվեի անցկացման ժամանակահատվածում հանրաքվեի հանձնաժողովներին տրամադրված միջոցների օգտագործման, քարոզչության հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով  Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի որոշմամբ նիստում ստեղծվել է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն, որի ղեկավար է նշանակվել Գարրի Միրզոյանը։

ԿԸՀ անդամների կողմից ի գիտություն ընդունվեց նաև ԿԸՀ նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանի տեղեկատվությունը ԼՂՀ կենտրոնական և տարածքային  ընտրական հանձնաժողովների 2016թ. գործունեության մասին։ 

Նիստը քննարկեց և հաստատեց ԼՂՀ ԿԸՀ 2017թ. գործունեության հիմնական միջոցառումների ծրագիրը։ Այն ներկայացրեց ԿԸՀ քարտուղար Սերգեյ Մելքումյանը։

Նիստի ավարտին Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահը կոնկրետ հանձնարարականներ տվեց հանձնաժողովականներին և աշխատակազմի պատասխանատու աշխատողներին, հանրաքվեի տարածքային հանձնաժողովներին՝ ԼՂՀ բոլոր շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում 2017թ. փետրվարի 20-ին անցկացվելիք հանրաքվեի հետ կապված հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված բոլոր միջոցառումները սահմանված ժամկետներում և պատշաճ մակարդակով իրականացնելու համար։