ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԵՐ ԷԻՆ
Շուշիի շրջխորհրդի հերթական նիստի օրակագում ՙՇրջանի 2016 թ. համայնքային բյուջեի տարեկան կատարողականի մասին՚, ՙՇուշիի սոցիալական ծառայության տարածքային գործակալության կողմից 2016 թվականին կատարված աշխատանքների մասին՚ և այլ հարցեր էին։
Ներկայացնելով տեղեկատվություն առաջին հարցի վերաբերյալ` շրջվարչակազմի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի վարիչ Օֆելյա Թովմասյանը նշեց, որ 2016 թվականին շրջանի համայնքային բյուջեի տարեկան եկամուտների պլանը կատարվել է 78 %-ով, պլանային 24834 հազ. դրամի փոխարեն բյուջե է մուտքագրվել 19377 հազ. դրամ եկամուտ։ Հողի վարձավճարի հարկը կատարվել է բոլոր համայնքների կողմից։ Ֆոնդային բյուջեի հարկատեսակներից չի կատարվել տիրազուրկ գույքի օտարումից ստացված մուտքերի պլանը։ 2016 թվականի հաշվետու ժամանակահատվածում շրջանի համայնքներին տրամադրվել է 127300 հազ. դրամ դոտացիա։ Շրջանի համայնքային բյուջեի դրամարկղային ծախսը կազմել է 146735 հազ. դրամ` պլանային 155356 հազ. դրամի փոխարեն, այսինքն՝ ծախսերի պլանը կատարվել է 94,5%-ով: Փաստացի ծախսը կազմել է 149158 հազ. դրամ։ Բյուջեի ծախսերի հոդվածներում գերածախսեր չեն արձանագրվել։
Շրջվարչակազմի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության կողմից 2016թ. կատարած աշխատանքների մասին տեղեկատվություն ներկայացրեց գործակալության պետ Մանանա Գոգմաչաձեն: Նա նշեց, որ պետական բյուջեի հաշվին Արցախյան պատերազմի հաշմանդամներին, զոհված զինծառայողների ընտանիքներին, Մեծ Հայրենականի հաշմանդամներին և մասնակիցներին տրամադրվել է 7 միլիոն 673 հազար դրամ ընդհանուր գումարի միանվագ դրամական օգնություն՝ մայիսի 9-ի, սեպտեմբերի 2-ի և դեկտեմբերի 10-ի տոն օրերի կապակցությամբ։ Շարունակվել են ծնելիության և բազմազավակության խթանմանն ուղղված ծրագրերը։ Տարվա ընթացքում 130 նորածին երեխայի տրամադրվել է միանվագ նպաստ, որի գումարը կազմում է 30 միլիոն 300 հազ. դրամ։ Շրջվարչակազմի ղեկավարի կողմից առավել կարիքավոր 10 ընտանիքի տրամադրվել է 20 քառ. մետր վառելափայտ։
ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանի 410 ընտանիքի տրամադրվել է 6 տոննա սննդամթերք։ Նշված օգնությունը բախշվել է բազմազավակ, մանկուց հաշմանդամ, 2 զոհ ունեցող ընտանիքներին, միայնակ թոշակառուներին, հաշմանդամներին, անապահով ընտանիքներին, վերաբնակիչներին, փախստականներին։ Տարվա ընթացքում գործակալության աշխատողների կողմից այցելություններ են կատարվել միայնակ թոշակառուների տները։ Գործակալություն մուտք գործած բոլոր դիմումներն ուսումնասիրվել են և հնարավորության սահմաններում տրվել համապատասխան լուծումներ։ Նշվեց, որ գործակալության կողմից ժամանակին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են ներկայացվել հայտեր, հաշվետվություններ, պահանջագրեր։ 2016թ. ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերահսկողության և սոցիալական մոնիթորինգի վարչության կողմից ստուգումներ են անցկացվել գործակալությունում 2015-2016թթ. մայիս ամսվա կտրվածքով, ինչի արդյունքում թերություններ և բացթողումներ չեն արձանագրվել։
Նիստի վերջում շրջվարչակազմի ղեկավար Վ.Կասյանը, անդրադառնալով ԼՂՀ Սահմանադրության առաջիկա հանրաքվեին, կոչ արեց ակտիվորեն մասնակցել երկրի գլխավոր օրենքի հաստատման գործընթացին։
Նիստում քննարկվեցին շրջանի սոցիալ-տնտեսական կյանքին վերաբերող այլ հարցեր։ Շրջվարչակազմի ղեկավարի կողմից պատասխանատու անձանց տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ք. Շուշի