Logo
Print this page

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԵՐ ԷԻՆ

Շուշիի շրջխորհրդի հերթական նիստի օրակագում ՙՇրջանի 2016 թ. համայնքային բյուջեի տարեկան  կատարողականի մասին՚, ՙՇուշիի սոցիալական ծառայության  տարածքային գործակալության կողմից 2016 թվականին  կատարված աշխատանքների մասին՚ և այլ հարցեր էին։

 Ներկայացնելով տեղեկատվություն առաջին հարցի վերաբերյալ` շրջվարչակազմի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման բաժնի վարիչ Օֆելյա Թովմասյանը նշեց, որ 2016 թվականին  շրջանի  համայնքային  բյուջեի տարեկան եկամուտների  պլանը   կատարվել է  78 %-ով,  պլանային  24834 հազ. դրամի   փոխարեն բյուջե է մուտքագրվել   19377  հազ. դրամ եկամուտ։ Հողի վարձավճարի հարկը կատարվել է բոլոր համայնքների կողմից։ Ֆոնդային  բյուջեի  հարկատեսակներից չի կատարվել տիրազուրկ գույքի օտարումից ստացված մուտքերի պլանը։ 2016 թվականի հաշվետու ժամանակահատվածում շրջանի համայնքներին տրամադրվել է 127300 հազ. դրամ դոտացիա։ Շրջանի համայնքային բյուջեի դրամարկղային   ծախսը  կազմել է 146735 հազ. դրամ` պլանային 155356 հազ. դրամի  փոխարեն, այսինքն՝   ծախսերի  պլանը  կատարվել է   94,5%-ով: Փաստացի  ծախսը  կազմել  է   149158 հազ. դրամ։ Բյուջեի   ծախսերի     հոդվածներում  գերածախսեր  չեն արձանագրվել։ 

Շրջվարչակազմի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության կողմից 2016թ. կատարած աշխատանքների  մասին  տեղեկատվություն ներկայացրեց գործակալության պետ Մանանա Գոգմաչաձեն: Նա նշեց, որ պետական բյուջեի հաշվին Արցախյան պատերազմի   հաշմանդամներին, զոհված զինծառայողների ընտանիքներին, Մեծ Հայրենականի հաշմանդամներին և մասնակիցներին տրամադրվել է  7 միլիոն 673 հազար դրամ ընդհանուր գումարի միանվագ  դրամական օգնություն՝  մայիսի 9-ի, սեպտեմբերի 2-ի և դեկտեմբերի 10-ի  տոն օրերի կապակցությամբ։  Շարունակվել են ծնելիության և բազմազավակության խթանմանն  ուղղված  ծրագրերը։ Տարվա ընթացքում  130 նորածին երեխայի տրամադրվել է  միանվագ նպաստ, որի գումարը կազմում է 30 միլիոն  300 հազ. դրամ։ Շրջվարչակազմի ղեկավարի կողմից  առավել կարիքավոր 10 ընտանիքի տրամադրվել է 20 քառ. մետր վառելափայտ։

ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից  շրջանի 410 ընտանիքի  տրամադրվել է 6 տոննա  սննդամթերք։  Նշված  օգնությունը  բախշվել է  բազմազավակ,  մանկուց հաշմանդամ, 2 զոհ ունեցող  ընտանիքներին, միայնակ թոշակառուներին, հաշմանդամներին,  անապահով ընտանիքներին, վերաբնակիչներին, փախստականներին։ Տարվա  ընթացքում գործակալության  աշխատողների կողմից  այցելություններ են կատարվել  միայնակ  թոշակառուների  տները։   Գործակալություն մուտք գործած բոլոր  դիմումներն   ուսումնասիրվել են  և հնարավորության  սահմաններում  տրվել  համապատասխան  լուծումներ։ Նշվեց, որ գործակալության կողմից ժամանակին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն են ներկայացվել հայտեր, հաշվետվություններ, պահանջագրեր։ 2016թ. ԼՂՀ  աշխատանքի  և սոցիալական հարցերի  նախարարության վերահսկողության և սոցիալական մոնիթորինգի վարչության կողմից   ստուգումներ են անցկացվել գործակալությունում  2015-2016թթ.  մայիս ամսվա կտրվածքով, ինչի արդյունքում   թերություններ և բացթողումներ  չեն  արձանագրվել։

Նիստի վերջում շրջվարչակազմի ղեկավար Վ.Կասյանը, անդրադառնալով ԼՂՀ Սահմանադրության  առաջիկա հանրաքվեին, կոչ արեց ակտիվորեն մասնակցել երկրի գլխավոր օրենքի հաստատման գործընթացին։

Նիստում քննարկվեցին շրջանի  սոցիալ-տնտեսական կյանքին վերաբերող այլ հարցեր։ Շրջվարչակազմի ղեկավարի կողմից պատասխանատու անձանց տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ք. Շուշի

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.