[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱԿԱՀՄ. ՈՒՄԻՑ՝ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ

Պատերազմները կարող են լինել  ե՜ւ արդար, ե՜ւ անարդար, զավթողական եւ պաշտպանական։ Բայց  ցանկացած պատերազմ կողմերին բերում է մահ, ավերածություն, կորուստներ… Այնպես որ՝ պատերազմը նախ եւ առաջ ցավ է ու նոր միայն հաղթանակ կամ պարտություն։ 

 1992-1994թթ. Արցախյան պատերազմում, ինչ  խոսք,  մենք  հաղթեցինք  եւ, բնականաբար, ունեցանք կորուստներ էլ՝ զոհվածներ եւ անհայտ կորածներ։  Պատերազմից հետո մի ավելորդ անգամ եւս համոզվելով  հակառակորդի  անմարդկային էության ու  դիրքորոշման՝ գերիներին հետ վերադարձնելու ՝ միջազգայնորեն  ընդունված  պրակտիկան արհամարհելու, մերժողական քաղաքականություն որդեգրելու  մեջ, մենք ստեղծեցինք  հատուկ հասարակական կազմակերպություն՝  ԼՂՀ  անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն, որպեսզի   միջազգային ատյաններին հասցնենք  մեր ձայնը՝ ռազմագերիների ճակատագրերը պարզելու,  նրանց անհայտությունից ու գերությունից ազատելու խնդրանք-պահանջով։ Երկրորդ հերթին էլ ՝ նրանց ընտանիքներին սատարելու, բարոյական ու նյութական օգնություն ցուցաբերելու  համար։ 

Այսօր՝  18 տարվա հեռվից, ցավով փաստում ենք, որ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օժանդակությամբ  անգամ չի հաջողվել  շոշափելի արդյունքների հասնել առաջին ու գլխավոր խնդրում, եւ դա ավելի է խորացնում մեր ցավը։ Սակայն, հասկանալով, որ հուսահատվելու իրավունք չունենք, քանզի պայքարը մեր ու  հակառակորդի միջեւ շարունակվում է, ընդ որում՝ նրա կողմից  ավելի ուխտադրուժ ու գազանային  վարք ու երանգներով  (ինչն ապացուցեց ապրիլյան քառօրյա պատերազմը), մենք ջանում ենք  գործել առավել  հետեւողական ու նպատակասլաց։ 

Այդ մասին  խոսեցինք նաեւ վերջերս, երբ նշում էինք  մեր կազմակերպության ստեղծման տասնութերորդ տարին։ Հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի ունեցավ ԼՂՀ ԱԿԱՀՄ գրասենյակում,  Միության անդամներից բացի, ներկա էին պետական ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, մտավորականներ, ԱԿԱՀՄ-ին օգնության ձեռք մեկնող անհատներ, այլոք։ Որպես ԱԿԱՀՄ  ղեկավար՝ իմ հակիրճ  զեկույցում հանգամանորեն կանգ առա վերջին տարում կատարվածի վրա։ Ու քանի որ իր ավելի քան սուղ  միջոցներով  կազմակերպությունը չէր կարող լուծել իր առջեւ ծառացած բազմաբնույթ  խնդիրներն ու ծրագրերը, եւ ըստ այդմ՝ դրանց լուծմանը նպաստել են առանձին կազմակերպություններ եւ անհատ անձինք, ես տվեցի նրանց անունները, բնականաբար՝  հայտնելով  մեր երախտագիտությունը։ 

Մասնավորապես՝ մենք շնորհակալ ենք հանրապետության Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, որը մեր խնդրանքով 2016 թվականին  երեք  անգամ  սննդամթերքների որոշակի պաշար է տրամադրել անհայտ կորած ազատամարտիկների՝  խիստ կարիքավոր 30 ընտանիքի, ինչն էլ եռանվագ բաժանել  ենք նրանց՝  գերատեսչության ներկայացուցիչների ներկայությամբ։ Ասեմ, որ դա մեզ համար վաղուց է ավանդույթ դարձել։ Ուզում եմ նշել, որ չի եղել դեպք՝ դիմենք սոցապնախարար Սամվել Ավանեսյանին, եւ նա հարցին դրական լուծում չտա…

Նույնը պիտի ասեմ եւ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի մասին։ Անցած տարում նա մեզ համար լուծել է երկու կարեւոր խնդիր. կազմակերպությանն ապահովել է ֆիլմադարանի եւ  հուշամատյանների սեղաններով ու դարակներով, ինչպես նաեւ շերտավարագույրներով։ 

ԱԿԱՀՄ-ին օգնության  ձեռք է հասցրել նաեւ ՙԱրցախկապ՚-ը. ընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանի հանձնարարությամբ ընկերության մասնագետներն օպերատիվորեն  բերել՝  գրասենյակում տեղադրել են բազմաթիվ հեռուստաալիքներից օգտվելու հատուկ  սարքեր։ Չմոռանամ նշել եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի  նվիրած տպիչի մասին…

Միջոցառմանը ելույթ ունեցան շատերը։ Նրանցից յուրաքանչյուրի խոսքը մեզ համար կողքից դիտողի ՙսուր եւ անաչառ՚ աչքի գնահատական էր,  եւ դրա համար նրանցից եւս շնորհակալ ենք։ Ասածս վերաբերում է ՙՄայրություն՚ հ/կ նախագահ Հասմիկ Միքայելյանին,  ով նաեւ  գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանի խնդրանքով ինձ հանձնեց ՙՄիջազգային անվտանգության  ասպետաց ակադեմիայի՚ ՙՀայրենյաց պաշտպանության ասպետաց քաջարի մայր՚  մեդալը, ԼՂՀ կառավարության աշխատակազմի  կազմբաժնի վարիչ Վարուժան Առաքելյանին, Պաշտպանության բանակի Ն զորամասի հրամանատար գնդապետ  Թաթուլ Հարությունյանին, Ն զորամասի հրամանատարի ԱՀՏԱ  գծով տեղակալ փոխգնդապետ Խաչիկ Սարգսյանին, ՙԱյգեշատ՚ արհմիութենական կազմակերպության նախագահ Ալվինա Ծատրյանին, ՙԱրցախի սոցիալական խնդիրների հիմնադրամի՚ նախագահ Մարատ Հասրաթյանին, զոհված ազատամարտիկի մայր Վերա Ջուլհակյանին, բանաստեղծներ Սոկրատ Խանյանին, Ռոբերտ Եսայանին։

Միջոցառմանն  անհայտ կորած ազատամարտիկների 10 մայրերի  5000-ական դրամ հանձնեցինք Հայ ավետարանչական ընկերակցության կողմից մեր  Միությանը  տրամադրված 50000 դրամ բարեգործական  գումարից։ 

Հիշարժան հանդիպմանը  մեր կազմակերպության ՙՀայրենիք  եւ հավատ՚ մեդալով պարգեւատրեցի վերոնշյալ գնդապետ Թ. Հարությունյանին,  փոխգնդապետ Խ. Սարգսյանին եւ Վ.Առաքելյանին։ Իսկ մեզ տարիներ շարունակ աջակցող  ՙՆորայր-Հրայր՚ արտադրական կոոպերատիվի հիմնադիր տնօրեն Մանվել Դավթյանին  փոխանցեցի ՀՀ  ՙԶինվոր հ/կ-ների համակարգող խորհրդի՚, ՙԶինվոր հայրենյաց՚ մեդալ։ ԱԿԱՀՄ պատվոգրով պարգեւատրվեց   ԼՂՀ  զոհված ազատամարտիկների միության  նախագահ Արթուր Առստամյանը՝ մեր կազմակերպության հետ ակտիվ համագործակցության համար, եւս յոթ հոգի էլ արժանացան շնորհակալագրի։

Առջեւում է 2017 թվականը, որը, չենք կասկածում, հերթական քննություն  կպահանջի  յուրաքանչյուրիցս ու միասին վերցված՝ Արցախից։ Տա Աստված, որ այն  բարեբեր լինի՝  եւ ո՜չ կորստաբեր…

Վերա ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԼՂՀ ԱԿԱՀՄ նախագահ