[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ

ԼՂՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներն օրերս հերթական հանդիպումն ունեցան Պաշտպանության բանակի շտաբում։

Ներածական խոսքում ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ գեներալ-մայոր Վարդան Բալայանը,  տարվա կտրվածքով բավարար գնահատելով Հասարակական խորհրդի աշխատանքը, միաժամանակ  անդրադարձավ  թերություններին ու բացթողումներին։ Նա ներկաների ուշադրությանը հրավիրեց 2017 թվականի  անելիքների վրա,  նախանշեց այն բոլոր քայլերը, որ պիտի կատարվեն։ 

Վ. Բալայանն ուշադրություն հրավիրեց այն հիմնական  ուղղությունների վրա, որոնց շուրջ աշխատանք է իրականացվելու տարվա ընթացքում, Հասարակական խորհրդի անդամներին կոչ արեց մշտական տեսադաշտում պահել սոցիալական  հարցերը, զինծառայողների ընտանիքների հիմնախնդիրները։ 

Իր հերթին ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախագահ Վիտյա Յարամիշյանը, նախքան  կատարած աշխատանքների հաշվետվությանն անցնելը, ողջունեց կանանց նորաստեղծ խորհրդի անդամներին՝ համոզմունք հայտնելով, որ նույն նպատակների առկայությունը, միևնույն առաջնահերթությունները Կանանց և Հասարակական խորհուրդներին կուղղորդեն դեպի այն կարևորագույն խնդիրների կատարումը, որոնք իրենց առջև կդնեն բանակի հրամանատարությունն ու հանրությունը։ 

Այնուհետեւ նշվեց, որ Հասարակական խորհրդի լիագումար նիստի  նպատակն էր  քննարկել, վերլուծել և  ի մի բերել անցած տարվա կատարածը, հասկանալ, թե ինչպես, ինչ ճանապարհով պետք է առաջ շարժվել, ինչ գերակա ուղղություններ ընտրել հետագա աշխատանքը կազմակերպելիս, ինչպես  համագործակցել  Կանանց խորհրդի հետ, կատարել աշխատանքի մոտավոր  բաշխում ու տարբերակում, նախանշել ընթացիկ տարվա անելիքներն ու կազմել աշխատանքային  պլան՝ ողջ տարվա համար։  

Անցած տարիների ընթացքում Հասարակական խորհրդի կազմում  ձևավորվել են  հանձնաժողովներ, որոնք  իրենց ջանքերը կենտրոնացրել են գաղափարադաստիարակչա-մշակութաժամանցային միջոցառումերի կազմակերպման,  սոցիալական, կենցաղային ու տնտեսական խնդիրների վերհանման, սոցիալ-հոգեբանական հետազոտությունների  իրականացման և դրանց արդյունքների վերլուծման վրա։

Վ. Յարամիշյանն ընդհանուր գծերով ներկայացրեց այն կարևորագույն միտումներն ու  ուղղությունները, որոնք ստեղծման  օրից առայսօր եղել են ՀԽ  գործունեության հիմքում։ Ամանորին ընդառաջ իրականացվել է խոշորամասշտաբ ակցիա, որին մասնակցեցին մեր երկրի հարյուրավոր քաղաքացիներ, ուսումնական հաստատությունների սովորողներ՝ հանգանակելով ու դիրքապահ  զինվորների համար բոլոր ուղղություններով առաջնագիծ  ուղարկելով ամանորյա նվերներ ու շնորհավորանքներ։ Ապրիլյան սրացումների առաջին իսկ օրերից ՀԽ անդամներն ամեն ինչ անում էին, որպեսզի հանրության շրջանում  խուճապային տրամադրություններ չլինեն, հնարավորինս ապահովվի  աջակցությունը մարտական գործողությունների թիրախում հայտնված սահմանամերձ բնակավայրերի  բնակիչներին, օպերատիվորեն լուծվեն առաջնագիծ մեկնած հարյուրավոր կամավորականների  թիկունքային ապահովման  հարցերը։ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցելով` ԱրՊՀ ուսանողուհիները (տղաները մեկնել էին ռազմաճակատ) ավելի քան մեկ ամիս շարունակ դասերից հետո 30-40 հոգանոց խմբերով բաշխման ու փաթեթավորման աշխատանքներ էին կատարում պարենային և իրային պահեստներում։ Կարևոր  և օգտակար էր ապրիլյան  մարտական գործողությունների ժամանակ զոհված  զինծառայողների և տուժած քաղաքացիների երեխաների համար ամառային և աշնանային արձակուրդների ժամանակ ՀԽ կազմակերպած այցելությունները ք. Երևան, երեխաների  մասնակցությունը Հռոմի Պապի աղոթքին (Հանրապետության հրապարակում), ինչպես նաև երեխաների  ռազմամասնագիտական  կողմնորոշմանը միտված  ճանաչողական այցը ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ։ 

ՙՀայ զինվորը պետք է  գնահատվի ըստ արժանվույն։ Նա պետք է  հարազատ քաղաքում ու գյուղում ամենահարգված մարդը լինի, քայլի հպարտ ու գլուխը բարձր։ Նաև այս խնդրի լուծմանը կցանկանայինք ուղղել մեր ջանքերը ընթացիկ տարում՚,- ասաց ՀԽ նախագահն  ու խորհրդի անդամներին առաջարկեց 10-օրյա ժամկետում ներկայացնել  բոլոր  նկատառումներն ու առաջարկությունները՝ գլխավոր ծրագրի տեսքով, հաշվարկված  ու  մանրամասն մշակված։ Իսկ 2017-ը ինքնին խոստանում է լինել իրադարձություններով հագեցած տարի՝ Խոջալուի, Շուշիի ազատագրման, Պաշտպանության  բանակի  քառորդդարյա  հոբելյաններ։ 

ՊՆ հասարակական խորհրդի անդամները կենսական նշանակության հարցերի շուրջ ակտիվ  քննարկումներից հետո կրկին վստահեցրին, որ մշտապես կլինեն զինվորի, վիրավոր մարտիկի կողքին, ամեն հնարավորը կանեն` լուծելու կենսական նշանակության խնդիրները: 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ