[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆՈՒՄ

Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով հունվարի 19-ից Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում գործում է շրջանային շտաբ, որը ղեկավարում է ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցության շրջանային կառույցի նախագահ Արտուշ Մխիթարյանը: 

 Ենթաշրջանային շտաբներ են բացվել նաև հարավային թևում` Կովսական, Միջնավան, Որոտան քաղաքներում, Երիցվանք, Իշխանաձոր գյուղերում և հյուսիսային Մոշաթաղ, Նորաշենիկ, Սոնասար գյուղական համայնքներում:  Փետրվարի սկզբից շրջանում սկսված են քարոզչության  աշխատանքները: Ընտրողների հետ հանդիպումներ են ունենում ՙԱզատ Հայրենիք՚ և Արցախի ժողովրդավարական կուսակցությունների շրջանային նախագահներ Արտուշ Մխիթարյանը և Հակոբ Սայամյանը: Փետրվարի 1-2-ը նրանք հանդիպում ունեցան Բերձորում գործող պետական կառույցների, հանրակրթական ու արտադպրոցական կրթական հիմնարկների, շրջվարչակազմի աշխատակազմերի աշխատակիցների հետ: Բերձորի արվեստի դպրոցի դահլիճում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին մի շարք կառույցների աշխատակիցներ: Բանախոսները ներկայացրին Սահմանադրության  փոփոխման անհրաժեշտության խնդիրները, երկրի կառավարման նոր` նախագահականի անցնելու պատճառները: Ներկաներին հետաքրքրող հարցերին տրվեցին պատասխաններ: 

Բերձորի Վահան Զատիկյանի անվան թիվ 2  դպրոցի անձնակազմի հետ կայացած հանդիպմանը ներկաները տեղեկացրին, որ արդեն  ծանոթացել են նոր Սահմանադրությանը: Հետաքրքրվեցին` որո՞նք են պատճառները, արդյոք ճի՞շտ է նախագահական կառավարման ձևը և այլն: Դպրոցի տնօրեն Հ. Արզանյանը հետաքրքրվեց կրթական բարեփոխումների հարցով և դիմելով ներկաներին` հորդորեց ակտիվորեն մասնակցել հանրաքվեին` անկախ դիրքորոշումից: Փետրվարի 3-4-ը հանդիպումներ են կայացել նաև Քարեգահ, Սուս, Հոչանց, Սոնասար, Մշենի և Արվական բնակավայրերում: Քարոզարշավը կշարունակվի մինչև փետրվարի 18-ը: Հանդիպումների ընթացքում հիմնական շեշտը դրվում է այն հարցին,  որ Սահմանադրության հանրաքվեն բոլոր բնակավայրերում անցկացվի բարձր մակարդակով, և շրջանի ընտրողներն արտահայտեն իրենց դիրքորոշումը: 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր