Logo
Print this page

ԹԻՎ 10 ՏԱՐԱԾՔՈՒՄ

Արցախի Սահմանադրության հանրաքվեի թիվ 10 տարածքն ընդգրկում է հանրապետության Շուշիի և Քաշաթաղի շրջանները: Աշխատանքներն իրականացնում է Քաշաթաղի տարածքային  հանձնաժողովը՝ 8 անդամով:

Այս ընթացքում  հրավիրվել է 3 նիստ, քննարկվել են Սահմանադրության հանրաքվեի կազմակերպմանն առնչվող հարցերը: 

Հանձնաժողովի նախագահ Արթուր Մնացականյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի անդամների միջև կատարվել է աշխատանքի բաշխում: Պարզվել է, թե ով որ համայնքների հետ է աշխատելու: Թիվ 10 տարածքում գործելու են 70 տեղամասեր՝ 9-ը՝ Շուշիի շրջանում, 61-ը՝ Քաշաթաղի: Համապատասխան կառույցների ներկայացուցիչների  մասնակցությամբ արդեն ձևավորվել են տեղամասային  հանձնաժողովներ, կայացել են նիստեր, ընտրվել են նախագահները, տեղակալները, քարտուղարները: Ա. Մնացականյանն ասաց, որ հանձնաժողովներում հիմնականում ընդգրկվել են սեմինար-պարապմունքներ անցած և վկայականներ ստացած անձինք: Նախատեսված ժամկետում բոլոր տեղամասային կենտրոններում փակցված են հանրաքվեին մասնակցելու իրավունք  ունեցող քաղաքացիների ցուցակները:

 -Կատարում ենք բոլոր նախապատրաստական աշխատանքները, միջոցառումները, որ Սահմանադրության հանրաքվեն իրականանա պատշաճ մակարդակով, առանց որևէ միջադեպերի,-վստահեցրեց Ա. Մնացականյանը: Նշվեց, որ դժվարություններ կառաջանան միայն եղանակային պայմանների փոփոխմամբ. եթե ձյուն տեղա՝ դժվարանցանելի կդառնան համայնքներ տանող ճանապարհները:  

 Հունվարի 19-ից Բերձորում գործում է հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով ստեղծված շրջանային ՙԱյո՜ Արցախ՚ շտաբը, որը ղեկավարում է ՙԱզատ Հայրենիք՚ կուսակցության շրջանային կառույցի նախագահ Արտուշ Մխիթարյանը: Ենթաշրջանային շտաբներ են բացվել նաև հարավային թևում` Կովսական, Միջնավան, Որոտան քաղաքներում, Երիցվանք, Իշխանաձոր գյուղերում և հյուսիսային Մոշաթաղ, Նորաշենիկ, Սոնասար գյուղական համայնքներում:  Փետրվարի սկզբից շրջանում սկսվել են քարոզչության  աշխատանքները: Հանդիպումներ են կայացել Բերձորում և մի շարք համայնքներում: Ա. Մխիթարյանը տեղեկացրեց, որ փետրվարի 8-9-ին հանդիպումներ կունենան շրջանի հարավային թևում՝ Որոտան գետի ավազանի համայնքներում, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ հյուսիսային թևում՝ Շալուա գետի աջափնյա բնակավայրերում: 

 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.