Logo
Print this page

ԳԻՏԱԿՑԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ՀԱՆՁՆԱՐԱՐՎԱԾ ԳՈՐԾԻՆ

Հարցազրույց Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ճարտարապետության  և քաղաքաշինության բաժնի վարիչ Ալբերտ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ հետ

 -Պարոն Ավանեսյան, պատմության գիրկն անցավ 2016 թվականը. շրջանում ի՞նչ աշխատանքներ են անցած տարում իրականացվել  քաղաքաշինության բնագավառում։

-Առաջնորդվելով 2016թ. ԼՂՀ կապիտալ ներդրումների պետպատվերի և աշխատանքային ծրագրերով, ինչպես նաև ընթացիկ հանձնարարականներով` կատարվել են հետևյալ աշխատանքները՝ բնակարանաշինություն՝ 29, այդ թվում՝ զոհված ազատամարտիկների ընտանիքների համար՝ 10 տուն (կառուցում՝4, վերանորոգում՝ 6), բազմազավակ ընտանիքների համար՝ 6 (գնում՝ 2, կառուցում՝ 4), այլ սոցիալական խմբերի համար՝ 5 (գնում՝ 3, վերանորոգում՝ 2): Կառուցվել և շահագործման է հանձնվել Իվանյանի մանկապարտեզի շենքը, ավարտվել են Ասկերան քաղաքի զբոսայգու բարեկարգումը, մանկական խաղահրապարակի կառուցումը, վերակառուցվել են Վարդաձորի և Ծաղկաշատի համայնքներում ջրամատակարարման համակարգերը: Ընթացքի մեջ են Ասկերանի արվեստի դպրոցի շենքի, Նորագյուղի և Սարուշենի համայնքների նոր մանկապարտեզների շենքերի, Իվանյանի համայնքային կենտրոնի, զոհված 3 ազատամարտիկների ընտանիքների բնակելի տների կառուցման-վերանորոգման, 5 բազմազավակ ընտանիքների բնակելի տների գնման կամ կառուցման աշխատանքները։

-2016 թվականին բնական աղետներից տուժած բնակավայրերին օգնություն տրամադրվե՞լ է։

-Իհարկե։ Շրջանի համայնքներում աղետից տուժած տների և հասարակական նշանակության օբյեկտների վերականգնման նպատակով կապիտալ ներդրումներով նախատեսված միջոցներից շրջվարչակազմի կողմից շուրջ 90 ընտանիքի տրամադրվել է շինանյութ՝ 13.5մլն դրամ գումարի չափով։ 

-Ինչպիսի՞ն է համագործակցությունը շրջանի համայնքների հետ։

-Համայնքների հետ համագործակցությունը կարելի է կայուն համարել: Բացի շրջանի համայնքներից, բաժինը համագործակցված աշխատանք է տարել նաև բոլոր պատվիրատուների կողմից շրջանում իրականացված ու իրականացվելիք աշխատանքներին օժանդակելու, այդ թվում նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով ինժեներական ենթակառուցվածքներին միանալու տեխնիկական պայմանների ձեռքբերման և ելակետային տվյալների ապահովման, առաջացած ընթացիկ հարցերին լուծում տալու և այլ գործընթացներում։ Իրականացվել է շինմոնտաժային աշխատանքների ընթացքի և որակի վերահսկողություն։

Կառուցապատման նպատակով կատարվել են հողամասերի նպատակային նշանակության փոփոխություններ, զանազան նշանակության օբյեկտների նախագծային փաստաթղթերի համաձայնեցումներ, ԼՂՀ օրենսդրութամբ սահմանված ընթացակարգով ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտերի ձևակերպումներ։

-Տնտեսական նոր տարվա հետ կապված ի՞նչ աշխատանքներ կան նախատեսված։

-2017թ. բաժնի կողմից նախատեսված է իրականացնել հետևյալ աշխատանքները՝ բնակարանաշինություն` 39, այդ թվում՝ զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավում՝ 17, բազմազավակ ընտանիքների համար բնակելի տների կառուցում կամ գնում՝ 22։ Իսկ հասարակական նշանակության օբյեկտներից նախատեսվում է շրջանի Խնձրիստան և Քռասնի համայնքներում կառուցել համայնքային կենտրոններ։

-Հրատապ ի՞նչ խնդիրներ կան շրջանի քաղաքաշինության ոլորտում։

- Քաղաքաշինության բնագավառում դեռևս առկա են խնդիրներ՝ մասնավորապես կապված շրջանի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին հարող տարածքներում անկանոն ու տարաբնույթ կառուցապատման դեպքերի հետ, որոնք վերցված են խիստ հսկողության տակ, և մեր կողմից ձեռնարկվող միջոցառումները կոչված են կանոնակարգելու այդ գործընթացը՝ ուղղված նշված տարածքների ճարտարապետական միջավայրի բարեփոխմանն ու արդիականացմանը։ Բաժնի յուրաքանչյուր աշխատող, գիտակցելով  աշխատանքի բնույթը, մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր գործին՝ տանելով համակողմանի և նպատակաուղղված աշխատանք։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ք. Ասկերան

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.