[ARM]     [RUS]     [ENG]

ՆՎԵՐՆԵՐ ԴԻՐՔԱՊԱՀՆԵՐԻՆ

Արդեն մի քանի տարի է, ինչ Քաշաթաղի շրջանի որոշ ուսումնական հաստատություններ, բարեգործական կազմակերպություններ համագործակցում են տարածքի զորամասերի հետ:

Հաճախ են կազմակերպվում մշակութային այցեր այս կամ այլ զորամասեր: Հայոց պահապան-զինվորներին հյուր են լինում նաև դպրոցականները, Բերձորի արվեստի դպրոցի սաները, ՙԲերձոր՚ ժողգործիքների համույթի երգիչ-երաժիշտները, շրջվարչակազմի աշխատակիցներ: 

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ նախատեսված էր այցելություն երկու զորամաս:  Բերձորի Վ. Թեքեյանի անվան թիվ 1, Վ. Զատիկյանի անվան թիվ 2,  Միրիկի, Աղավնոյի, Գ. Նժդեհի անվան միջնակարգ և Հերիկի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան հիմնական դպրոցների աշակերտները մի առանձին հոգատարությամբ էին նվերներ պատրաստել: Սակայն տեղացած առատ ձյան պատճառով այցը չկայացավ: Նվերները տեղ հասան երկու օր հետո: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի հետ այցելեցինք Ն զորամաս՝ տանելով աշակերտների նվերները, նամակները (նամակներ կային նաև Երևանի մի քանի դպրոցների աշակերտների կողմից), ինչպես նաև 100 հատ քնապարկ, որոնք հատկացրել էր ՙՀայրենասեր՚ բարեգործական կազմակերպության համահիմնադիր Ստեփան Սարգսյանը: 

Զորամասում մեզ դիմավորեց հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, փոխգնդապետ Իշխան Թովմասյանը: Հայտնելով շնորհակալություն, փոխգնդապետը նշեց, որ շատ լավ երևույթ է, երբ դպրոցականները, նախադպրոցական երեխաները նման նվերներ են ուղարկում զինվորին: Լեյտենանտ Սիրանուշ Սիմոնյանը, ով ընդունեց նվերները, արդեն 10 տարի է՝ այստեղ է ծառայում: Ասաց՝ նման ծանրոցները հատուկ սիրով են ընդունում. զինվորն զգում է, որ թիկունքում հայ երեխաներն են, իրենց մայրերը, քույրերը: Հրաժեշտ տվեցինք զինվորներին` հավատով, որ հայրենիքի սահմանները միշտ ամուր են մնալու: 

 

Զոհրաբ Ըռքոյան

ք. Բերձոր