[ARM]     [RUS]     [ENG]

ՙԻՄ ՆԵՐՍԻ ՀԵՐՈՍՆ ԷՐ ԻՆՁ ԱՌԱՋ ՄՂՈՂԸ՚

ՙԱԱ՚¬ի հյուրն է Աֆղանստանի պատերազմի վետերանների ԼՂՀ միության նախագահ Եսայի ԲԱԼԱՅԱՆԸ

 -Ինչպե՞ս պատահեց, որ հայտնվեցիք Աֆղանստանում։

-Կամավոր եմ մեկնել։ Այդ ժամանակ բնակվում էի Բաքվում, երբ դիմում գրեցի, զինկոմի ուրախությանը չափ չկար... Բաքվից ո՞վ էր նման ռիսկի դիմելու, նրանք` այսօր արդեն մեր հակառակորդները, խորհրդային բանակում հայտնի էին որպես գլուխ պահողներ, կամ էլ ընդհանրապես խուսափում էին ծառայությունից։ Այսօրվա պես հիշում եմ` մեր շրջանի զինկոմը ինչպես էր ոգևորված խոսում հանրապետության գլխավոր զինկոմի հետ. ՙձ Վպվÿ պրՑՖ ՊՏոՐՏՉՏսպՓ՚:

-Ձեր ինչի՞ն էր պետք կամավորագրվելը, կամ ի՞նչ պիտի տար Ձեզ աֆղանական պատերազմը։

-Մենք, և ընդհանրապես իմ սերունդը, դաստիարակվել ենք Մեծ Հայրենականի ոգով։ Այն գրքերը, որ մեր պատանեկության անքակտելի մասն էին կազմում, մեզ մղում էին հերոսության։ Մեզ համար իդեալներ էինք կերտում  և փորձում նմանվել նրանց։ Իմ ներսի հերոսն էր ինձ առաջ մղողը, ու ենթարկվեցի։ 

-Պատմեք Ձեր գլխով անցածի մասին, այն փորձությունների մասին, որոնց միջով անցել եք Դուք:

-Նախ` Աֆղանստանի համար հատուկ ընտրություն էր կատարվում... Երեք ամսով ուսումնական դասընթացներ, հատուկ պատրաստություն անցա Ուզբեկստանում։ 

Ինձ՝ 18-ամյա երիտասարդիս համար Աֆղանստանը հայտնություն էր, այն արտասահման էր և նման չէր մեր խորհրդային երկրին։ Այլ էին սովորությունները, մթնոլորտը։ Առաջին անգամ ես այնտեղ տեսա, որ կանայք փաթաթված են չադրայի մեջ։ Թող տարօրինակ չհնչի, բայց Աֆղանստանում ես ապրել եմ իմ կյանքի լավագույն օրերը։ Փոխվել են իմ աշխարհաճանաչողությունն ու մտածողությունը, իսկ եթե ավելի անկեղծ լինեմ, այնտեղ շատ կարճ ժամանակում ես հասունացա: Եվ ոչ միայն ես, այնտեղ ուզես, թե չուզես հասունանում ես ոչ թե օրով, այլ տարով։ Հանկարծ քեզ բացահայտում ես, և կյանքի գույները դառնում են վառ ու բազմագույն, երբ սկսում ես մի ողջ տարի ապրել ուղիղ նշանառության տակ, ապրածդ յուրաքանչյուր օրն իմաստավորվում է, և երազելն է դառնում երանելի։ Երբ մահը կրնկակոխ  հետևում է քեզ, ապրելդ նոր բովանդակություն ու իմաստ է ձեռք բերում։ Իսկ երբ Սումգայիթում ու Բաքվում կոտորում էին իմ հայրենակիցներին, Աֆղանստանում նույն ադրբեջանցին իր մարմնով պաշտպանում էր ինձ... Մենք ինտերնացիոնալիստ մարտիկներ էինք, և այսօր էլ` Աֆղանստանից 28 տարի անց, ինձ համարում եմ աշխարհաքաղաքացի։ Մենք մոլորակի բնակիչներ ենք և ցանկանում ենք, որ խաղաղություն հաստատվի ողջ մոլորակի վրա։ Խորհրդային գաղափարախոսությունն այնքան հզոր, նպատակային ու ուժեղ էր, որ առ այսօր մենք մարդկանց դասում ենք երկու խմբի՝ լավ և վատ, խղճով ու անխիղճ` անկախ ազգությունից, հավատքից ու սովորություններից։ Վատ ազգ չի լինում, լինում են վատ մարդիկ։ Խորհրդային քաղաքացին  ամուր է նստած մեր հոգեբանության մեջ։

-Չե՞ք ափսոսում անցածի համար, կարո՞ղ էիք ավելի թեթև ապրել ու ծառայել խաղաղ պայմաններում, ինչպես շատ¬շատերը։ 

-Չեմ ափսոսում, մենք պաշտպանում էինք մեր երկրի, մեր մեծ հայրենիքի հարավային սահմանը։  Մեր ինտերնացիոնալ պարտքն էինք կատարում և պատվով էինք կատարում։ Մեծ աշխարհաքաղաքական շահերն ու խաղերը մեզ չէին հետաքրքրում, օգնում էինք հասարակ մարդկանց, նրանց, ովքեր մեր օգնության, մեր պաշտպանության կարիքն ունեին։ Այսօր նույնը կատարվում է Սիրիայում, Դոնբասում և այլուր։ 

-Դառնանք Ձեր կազմակերպությանը: Ե՞րբ է ստեղծվել Միությունը, ի՞նչ արտոնություններ ունեք, ինչպե՞ս եք գոյատևում։ 

-Միությունը ստեղծվել է 1990թ. հունիսին: Մեր կամավորական ջոկատը կոչվում էր ՙԳաղտնի աֆղանական ջոկատ՚։ Ընդհատակյա ջոկատների հետ զբաղվում էինք մարտական պատրաստությամբ։ Ասկերանում, Մարտակերտում, Հադրութում, Շահումյանում 2-ական հոգի՝ որպես հրահանգիչ, գնում և տեղում պարապում էինք։

Խորհրդային ժամանակներում առավել շատ արտոնություններ ենք ունեցել, մարտունեցի իմ ուսուցիչը՝ Բագրատ Սարգսյանը, ով Մեծ Հայրենականի վետերան էր, մի օր ինձ կատակով ասաց. ՙԲալայան, հիմա վետերանների խանութի հերթում միասի՞ն ենք կանգնելու՚: Ես էլ առանց կատակի պատասխանեցի. ՙՉէ, ընկեր Սարգսյան, մեզ առանց հերթի են սպասարկում՚։ Այդ տարիներին վկայականդ ցույց էիր տալիս, և կանաչ ճանապարհ էր քեզ համար։ Մինչև 2016 թվականը կտրոններ էինք ստանում` տարվա մեջ 2¬ական անգամ գնացքից, ինքնաթիռից և ավտոմոբիլային տրանսպորտից կարող էինք 50-տոկոսյա զեղչով օգտվել։ Ընթացիկ տարվա համար դեռ ոչինչ պարզ չէ։ Այսօրվա դրությամբ մենք՝ աֆղանական պատերազմի վետերաններս, հավասարեցված ենք Մեծ Հայրենականի վետերաններին, մեր կառավարությունն առաջնորդվում է միջպետական պայմանագրերով։

Ողջ հանրապետությունում Միությունն ունի շուրջ երկու հարյուր անդամ։ Մի մասը Ռուսաստանի Դաշնությունում է, այլ երկրներում էլ կան, որոնց հետ կապ ենք պահպանում։ Նրանք միևնույն ճակատագրի տեր մարդիկ են, շատ դաժան օրեր են տեսել, և ոչինչ այլևս այս կյանքում նրանց համար զարմանալի չէ, իրար ղադր լավ գիտեն, հարեհաս ու սրտացավ են մեկը մյուսի հանդեպ։

-Դուք նաև Արցախյան պատերազմի վետերան եք, ծառայել եք նաև հետպատերազմյան տարիներին, գուցե անդրադառնայիք Ձեր կյանքի այդ շրջանին ևս։

-1990թ., ավարտելով ծառայությունս, վերադարձա Մարտունի ու մտա ֆիդայական շարժման մեջ։ Հետո կռվում էի Աբրիկ Արզումանյանի ջոկատում։ Համագործակցում էի Ստեփանակերտի առաջին վաշտի տղաների հետ, վաշտի կորիզը նույնպես կազմում էին աֆղանական պատերազմի վետերանները։ Մարտունու ՊԲ հատուկ հետախուզական ջոկատի հրամանատարն եմ եղել։ Բանակից զորացրվել եմ 2000 թվականին` կապիտանի կոչումով։ Կարծում եմ` չափազանցած չեմ լինի, եթե ասեմ, որ երբ սկսվել է Ղարաբաղյան շարժումը, ամենապատրաստված կոնտինգենտը եղել են ՙաֆղանցիները՚, մեկ էլ ուկրաինական ՙԴնեստր՚¬ում ուսումնավարժանք անցածները։ 

-Թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ... Չենք կարող ժխտել, որ ունեցել ենք լավ տանկիստներ, հրետանավոր, հակաօդային պաշտպանության մասնագետներ, որոնք ծառայել են Գերմանիայում և խորհրդային հանրապետություններում։

-Այո, ունեցել ենք, նրանցից շատերն էլ ՙԴնեստր՚¬ի քուրայով անցնելուց հետո են տեղափոխվել այլ երկրներ ու տարածքներ։ Հետո էլ այդ ողջ ուսումնական գործընթացը լիարժեք չէր լինի, եթե գիտելիքներդ չկիրառեիր  գործնականում. մարտադաշտն է այն միակ միջավայրը, որտեղ զինվորը դառնում է մարտիկ... Երբ պատերազմի ժամանակ ինձ հարցնում էին, թե ինչու չեմ կռանում, երբ գնդակը սուլում է, ես նրանց ասում էի` գալու է ժամանակ, որ դուք էլ չեք կռանալու, որովհետև երբ լսում ես գնդակի ձայնը, նա արդեն քեզ շրջանցած է լինում, իսկ նրա ձայնը, որը պիտի դիպչի քեզ, դու  չես լսում։ Աֆղանական պատերազմով անցածները բոլորն էլ լավագույն մասնագետներ են դարձել, և նրանց փորձը շատ օգտակար է եղել  Արցախյան պատերազմի տարիներին։ Չմոռանանք նաև այն գեներալներին, ովքեր անուրանալի ներդրում են ունեցել Արցախյան հաղթանակների  կերտման գործում և կանգնած էին Հայոց բանակի ստեղծման ակունքներում. Նորատ Տեր¬Գրիգորյանց, Արկադի Տեր¬Թադևոսյան, Գուրգեն Դալիբալթայան, Մովսես Հակոբյան և շատ ուրիշներ։

Երբ սովորում էի Ֆրունզեի անվան ակադեմիայում, մեր ուսուցման մարտավարության հիմքում նույնպես աֆղանական փորձն էր։ Մեծ է ՙաֆղանցիների՚ ներդրումը Ղարաբաղյան շարժման ու պատերազմի ընթացքում։

-Այսօր օրակարգային ի՞նչ խնդիրներ են ծառացած Միության առաջ։

-Առաջնահերթը մեզ համար մեր ժողովրդին, երկրին ու պետությանը ծառայելն է։ Հայրենիքն էլ մոր պես է, ինչ էլ անես, ինչքան էլ անես նրա համար, դարձյալ քիչ է։ Մեր դաստիարակությունն է այդպիսին, մենք ապրելու այլ ձև, ելք ու միջոց չունենք, մերը հայրենիքին ծառայելն է, եթե չենք կարողանում օգտակար լինել երկրին, մեզ լավ չենք զգում։ Բազմաթիվ ծրագրեր ունենք, իսկ առաջնահերթը մեզ համար մեր երկրի անկախության ճանաչմանը նպաստելն է, իսկ մենք դա անում ենք մեր մարտական ընկերների, մեր համագնդեցիների միջոցով, որոնք ցրված են ոչ միայն  նախկին Խորհրդային Միության տարածքով, այլև աշխարհով մեկ։ Ստեփանակերտի քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի հետ համատեղ իրականացնում ենք ծրագիր, որը կոչվում է ՙԳործնական պարապմունքներ իրավունքի հիմունքներ առարկայից՚։ Այդ ծրագիրը մենք հինգ տարի իրականացրել ենք Մարտունիում և լավ արդյունքներ ստացել, հիմա այն փորձում ենք անցկացնել մայրաքաղաքի կրթարաններում։ Ուզում ենք նամակով դիմել Ազգային ժողով, որպեսզի փետրվարի 15-ը տոն և հիշատակի օրեր-ում նշվի որպես Ինտերնացիոնալիստ մարտիկի օր։ 

Մեր տղաներից յոթը զոհվել է Աֆղանստանում, նրանք արժանացել են Կարմիր աստղի շքանշանի, որից 3-ը կրկնակի շքանշանակիրներ են։ Մի մասն էլ` շուրջ 20 հոգի, Արցախյան պատերազմում է նահատակվել։ Մեր պարտքն է նրանց հիշատակը հավերժացնել։ Ձգտում ենք ուժերի ներածին չափով օգտակար լինել  Միության անդամներին ու նաև  հասարակությանը, մերը ծառայելն է, այլընտրանք չունենք։ Ապրիլյան պատերազմի օրերին էլ մեր զինվորների կողքին էինք, գնացել ենք, որ նրանց ՙդուխ՚ տանք, բայց մենք ենք նրանցից ՙդուխ՚ առել։ Նռնականետով միայն Աֆղանստանում են ուղղաթիռ ցած գցել, մեկ էլ մեր 18 տարեկան զինվորները քառօրյա պատերազմի ժամանակ։ Ուրախ ենք, որ արժանի սերունդ է մեծացել, սերո՜ւնդ, որ գերազանցել է մեզ։ 

 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ