Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱԶԱՏԱԳՐՈՒՄԻՑ 25 ՏԱՐԻ ԱՆՑ

Փետրվարի 17-ին լրացավ Մարտունու շրջանի ազերիներով բնակեցված Ղարադաղլու գյուղի կրակակետերի վերացման  25-րդ տարին։

Տարիներ, որոնք ոչ միայն չեն խամրել, այլև ժամանակի հոլովույթում իրադարձությունները վերաիմաստավորել ու վերաարժևորել են գյուղի ազատագրման մասնակիցների ու ականատեսների հիշողությունները։ 

Նրանց վկայությամբ՝ երկու օր թեժ պայքար էր ընթանում շրջանի հայկական մի շարք գյուղերի մեջ սեպի պես խրված Ղարադաղլուի ազատագրման համար։ Տեղի ազերի բնակչությունը դեռևս խորհրդային տարիներին ոտնձգություններ էր կատարում շրջակա հայկական գյուղերի բնակիչների հանդեպ, որոնք եղբայրական համերաշխություն քարոզող կայսրությունում հաճախ ավարտվում էին ազգամիջյան արյունալի ընդհարումներով։ Այս իրավիճակը հանդուրժվեց մինչև Արցախյան ազգային-ազատագրական պայքարը։ Շարժման հենց սկզբից ակնհայտ էր, որ շրջանի կենտրոնում գտնվող այդ գյուղը ռազմավարական տեսանկյունից կարևոր նշանակություն ուներ. նախ՝ Ղարադաղլուն Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող Ադրբեջանի ազգային բանակի հանգրվաններից էր, բացի դրանից, այն հսկողության տակ էր պահում Մարտունի-Ստեփանակերտ ռազմավարական նշանակության ավտոմայրուղին։ Պատերազմին նախորդող ամիսներին ադրբեջանական օմօն-ը մեքենաներ էր կանգնեցնում Ղարադաղլուին մերձ ճանապարհի շրջադարձի վրա, ծեծում, առևանգում, սպանում էին հայ վարորդներին և ուղևորներին։ Այս ամենից հետո ազերիների տվյալ ռազմական հենակետի վնասազերծումը դարձավ օրախնդիր։ Ընդհանուր հրամանատարության որոշմամբ մշակվեց ռազմագործողության պլան, որի իրագործմանն իրենց մասնակցությունն էին բերել ՙԱրաբո՚, ՙԱրամո՚ ջոկատները, Մարտունու շրջանից՝ Մոնթե Մելքոնյանի և Հայկ Սարգսյանի հրամանատարությամբ երկու ջոկատներ, Դաշուշենի ջոկատը՝ Վիլեն Սաֆարյանի և երկրորդ վաշտի ստեփանակերտցի տղաները՝ Սամվել Բաբայանի հրամանատարությամբ։ Ջոկատները տարբեր ուղղություններից աքցանի մեջ էին առել Ղարադաղլուն։ 

Ռազմագործողությանն իր մասնակցությունն է բերել նաև Մովսես Հակոբյանը՝ մեկ ՀՄՄ-ով։ Նա Ստեփանակերտում տեղակայված խորհրդային 366-րդ գնդի հրամանատարությունից գաղտնի իր մարտական խնդիրը կատարելուց հետո լուսադեմին վերադարձել է զորամաս։

Ղարադաղլուն դարձավ Արցախի ազատագրական պայքարի պատմության ծանր քննության մի հատվածը, որտեղ վճռված էր ոչ միայն ճակատամարտի ելքը, այլ նաև սերունդների վաղվա օրը։ Եվ ահա այսպիսի հաջող մարտերով էլ կարողացանք քայլ առ քայլ մոտեցնել ընդհանուր հաղթանակը…

Երկու օր տևած համառ մարտերից հետո ազատագրվեց Ղարադաղլուն, և պատմական Վարանդայի այս հատվածը վերագտավ իր երբեմնի հայկական շունչն ու անունը։ Մեր ազատամարտիկների ձեռքն անցան մեծ քանակությամբ զինամթերք և մի քանի տասնյակի հասնող ռազմագերիներ, որոնք հետագայում փոխանակվեցին հայ ռազմագերիների հետ։

Պատերազմում ձեռքբերումներն ու կորուստները, դժբախտաբար, միշտ միասին են,  և ռազմագործողությունն առանց զոհերի ու վիրավորների չեղավ։ Քաջի մահով ընկան Էդիկ Մելքումյանը, Սերգեյ Գրիգորյանը, Արթուր Գոքորյանը, Սուրեն Աբրահամյանը  և Արամ Քարամյանը։ 

Հավե՛րժ փառք նրանց …

Մարտական ընկերներն Էդիկ Մելքումյանին ՙԱրջ՚ մականունն էին տվել։ Էդիկն առաջիններից էր, ով 1989-ին անդամակցել էր ՙԱրաբո՚  ջոկատին։ Ղարադաղլուի ազատագրման մարտում նա առաջինն էր մտել բնակավայր՝ իր վրա վերցնելով թշնամու կրակը։ Դա ընկերներին թույլ էր տվել շրջանցել կրակակետը և ոչնչացնել այն։ Մարտում Էդիկ Մելքումյանը զոհվեց՝ փրկելով զինակից ընկերներին։ Հաճախ էր ընկերներին խորհուրդ տալիս մարտի դաշտում առջևից գնան նրանք, ովքեր երեխաներ ունեն, իսկ ինքը երեք երեխայի հայր էր։ Պարզապես խնայում էր երիտասարդներին։

Գյուղը 2001 թվականից վերաբնակեցվեց։ Համայնքի ղեկավար Արամ Ավանեսյանն առաջին վերաբնակիչներից է։ Ի սկզբանե վերաբնակեցման հետ կապված այլ ծրագիր կար, սակայն այսօր այնտեղ բնակվում են հիմնականում Արցախի տարբեր բնակավայրերից և ՀՀ-ից տեղափոխված բնակիչներ։

2014թ. մարտին Ղարադաղլուում, Վլադիմիր Մանուչարյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ, կանգնեցվեց մարտագործողության ընթացքում զոհվածների հիշատակը և տարածքի ազատագրության համար մարտնչած մեր բոլոր ազատամարտիկների  սխրանքը հավերժացնող հուշարձան։ Հիշել անցյալը ու նրանց, ովքեր մշակել էին կյանքի ու մահվան սեփական կարգախոսը, նշանակում է ներկայիս ու գալիք սերունդներին դաստիարակել ազատատենչ ու անկախ ապրելու ոգով՝ միաժամանակ ապահովելով ազգի գոյի հարատևումը։ Այն անցյալը կապում է ներկայի հետ և նոր ուղիներ հարթում ապագայի համար։ Անցյալի հիշատակներն այսօր ուժ ու կորով են տալիս հաղթահարելու մեր առջև ծառացած դժվարությունները, որպեսզի ապագան կառուցենք ամուր հիմքերի վրա, քանզի հաղթանակը պահելն ավելի դժվար է, քան այն ձեռք բերելը։

Ամեն տարի գյուղաբնակները, դպրոցի աշակերտները հարգանքի տուրք են մատուցում սուրբ նահատակների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով հուշարձանի պատվանդանին։

Ներկայում նախկին Ղարադաղլուի տարածքում 110 բնակչով, 23 տնտեսությամբ վեր է հառնում վերակենդանացած, նոր շունչ առած Վարանդան: 

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

ք. Մարտունի