Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ

Ս. թ. փետրվարի 8-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակառակորդի գնդակից  մահացու վիրավորում է ստացել ՊԲ  պայմանագրային զինծառայող փոխգնդապետ Գեղամ Հենրիկի Մանուկյանը։ 

 Գեղամն ավելի քան 20 տարի ծառայել է Պաշտպանության բանակում, զբաղեցրել  տարբեր պաշտոններ։ Ծնողների միակ արու զավակն էր։ Ասում են` ապրիլյան պատերազմի օրերին հրաշքով է ողջ մնացել։ Իսկ ինքը զոհվելուց մի քանի օր առաջ լրագրող Վահե Ղազարյանին ասել էր. ՙԱպրիլյան դեպքերի համար թշնամին դեռ պատասխան է տալու, թող  հրաման տան, ու տես ինչ ենք անելու՚։ Տպավորություն էր,  թե վրեժի ծարավն  էր խեղդում նրան...Գնաց, կյանքից հեռացավ`  վրեժը սրտում։ 

Փետրվարի 10-ին Գեղամի մարտական ընկերները,  հարազատները, համաքաղաքացիները մի-մի բուռ հող գցեցին նրա գերեզմանին ու ակամայից նրանց հողոտ մատները ցավից բռունցքվեցին: Բռունցքվեցին, որ վաղը-մյուս օրը դաս տան թշնամուն: 

Իսկ  ես, իմ ծառայակից ու գաղափարակից ընկերոջ` Հենրիկ Մանուկյանի կրակված սրտին կփորձեմ սպեղանի դնել ծառայողական տարիների վերհուշ-ապրումներով։ Կհաջողվի՞ դա ինձ, չգիտեմ...

Պահեստազորի կապիտան Հենրիկ Մանուկյան, այսօր  ցավակցական խոսքեր չեմ ասելու քեզ ոչ թե նրա համար, որ չեմ ուզում փորփրել  վիշտդ, այլ որովհետև Գեղամը միայն քո  զավակը չէ, նա ողջ ազգի, ողջ հայության զավակն է։ Դու էլ նվիրյալներից մեկն ես, ու Գեղամն այն պտուղն է, որ կենաց  ծառից հեռու ընկնել չէր կարող։ Նա ոչ միայն ճիշտ դաստիարակություն է ստացել, այլև տեսել է քո նվիրումը, մարտական ընկերներիդ նվիրումը...Ես էլ պատիվ եմ ունեցել տեսնելու ձեր հերոսանալը, այն զրկանքները, որ կրում էիք մինչև ողնուծուծը ծառայությանը նվիրվելով։ Տեսել ու զգացել եմ այն ծանրությունը, այն  դժվարությունները, որ ձեր ուսերին կրել եք թե՜ պատերազմական օրերին, և թե՜ հետպատերազմյան շրջանում։ 

Պատկերացնելն անգամ դժվար է, որ դու հողին  հանձնեցիր միամորիկ քո որդուն: Ինքդ անձնական օրինակով հայրենյաց պաշտպան ես մեծացրել, ու այսօր հողին հանձնեցիր հայրենիքիդ զինվորին: Երեկ էլ դու էիր զինվոր, այսօր էլ զինվոր ես, և քո խրամատը մշակութային դաշտ է տեղափոխվել, որը պակաս կարևոր մարտադաշտ չէ։ 

...Հիշո՞ւմ ես պատերազմական  ընդմիջումներից մեկում ինձ՝ լրագրողիս, Կուսապատ ուղեկցեցիր (զորամիավորման փոխհրամանատար էիր)։ Կուսապատում ոչ մի բնակիչ չկար, գյուղի համարյա բոլոր  տները վնասված  էին ու կույր աչքի ակնախոռոչներ էին հիշեցնում։ Քայլում էինք գյուղի  ամայի փողոցներով` հույս տալով ու առնելով, լավ օրերի մասին երազելով։ Հետո, երբ փնտրում էինք գյուղապետին, մշակված, հարդարված մարգեր տեսանք ու շատ ուրախացանք,  գյուղացին կրկին հող է մշակում: 

Ծառայավայրում լուծման սպասող հազար ու մի խնդիր կար, սակայն դու, տեղի տալով իմ համառությանը, հանդ ու ձորերի միջով ինձ ուղեկցեցիր առաջին հռնդացող տրակտորի մոտ։ Ես ուզում էի սեփական աչքերով տեսնել, թե ինչպես է կրկին հերկվում թշնամու արկ ու ականից բզկտված հողը։ Զուսպ, զինվորավայել հանդիմանում էիր ինձ, երբ փորձում էի առաջ ընկնել քեզանից։ Տարածքն ականապատված էր, ու դու փորձում էիր ինձ պաշտպանել սեփական կյանքով։ Պիտի խոստովանեմ, որ երբ ճանապարհին  տեսանք հակատանկային ականի վրա պայթած, մասերի բաժանված տրակտորը, սիրտս վախ ընկավ, սակայն ցույց չտվեցի, ու մենք շարունակեցինք  փնտրտուքը, մինչև գյուղամերձ հանդերից մեկում գտանք գյուղապետին՝ Միշա Մնացականյանին։

Հիշո՞ւմ ես, Հենրիկ, գյուղապետը մեզ հետ զրույցը հեռվից սկսեց. անտառների կողմը ցույց տվեց,  ասելով, որ այդ խորունկ ու մթին անտառներում 92-ին վրան են խփել՝ փոքր ու մեծով ծվարել այդտեղ, քանի՛ օր ու գիշեր մնացել վրանի տակ, հետո ստիպված էին հեռանալ՝ տուն ու տեղ  թողած։

Տնավեր մարդիկ նորից հետ էին գալիս՝ վառոդի հոտը ռունգերում, հայր ու որդի  կորցրած։ Կորացած մեջքները շտկելով,  փորձում են ձիգ կանգնել... Գյուղապետ Միշա Մնացականյանն ասում էր` կգա՛ն, միայն թե խաղաղություն լինի, մուրճի  ձենը կլսեն ու կգան, մենք նրանց համար տուն կկառուցենք, կլսեն, կիմանան, որ սպասում ենք իրենց, կգան։ Կգան իրար նայելով։ Հողը զորավոր ուժ ունի՝  քաշում է։ Կգա՛ն, համոզված ասում էր գյուղապետը...Հիշո՞ւմ ես, հետո մենք դպրոց գնացինք։ Այն լրիվ  ավերված էր, ռումբն ընկել էր ուղիղ դպրոցի վրա ու հիմնովին ավերել։ Ու այդ համայնապատկերին տեսանք, որ կուսապատցին  հաց է արարում. պատերազմի դառնությունն ու ցավը  վանելով։  Հետո՞...Հետո մենք զորամիավորման շտաբ վերադարձանք ու թեկուզ հոգնած, շատ երկար խոսեցինք բանակից ու նրա խնդիրներից։ Հետո դու քո ծառայության էությունն ու իմաստը ձևակերպեցիր մեկ նախադասությամբ. ՙՀամախմբվել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՚։ Իսկ երբ հարցրի դիրքապահների մասին, քո պատասխանն առավել քան անկեղծ էր. ՙԴիրքերում կանգնած տղաներն իրատես են։ Նրանք մեզանից  ուղղամտություն են ակնկալում։ Եթե դիրքերում կանգնած զինվորին  սուտ ասացիր, էլ հեղինակությունդ   հազիվ թե կարողանաս վերականգնել։ Զինվորի հետ անկեղծ պիտի լինես, որպեսզի ինքդ էլ նրանից ամրություն ակնկալես։ Ձեռք բերածին պետք է տեր մնանք` մեր և՜ մկանների, և՜ խելքի ու կամքի գերլարման շնորհիվ։ Բանակը պատրաստ պիտի լինի ամեն մի փորձության։ Իմաստուն խոսք է. եթե խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի։  Լավագույն տղաների արյան գնով ենք վերցրել մեր հողերը։ Տա Աստված, դիվանագիտական ուղիով լուծվի մեր հիմնահարցը, բայց եթե ի վերջո պարզվի, որ  խաղաղարար բոլոր ջանքերը  փակուղի են մտել և կամ պարտության մատնվել, եթե խնդիրը թողնվի նորից պատերազմելուն, ապա որքան էլ  որ թանկ նստի մեզ վրա՝ մենք  պատրաստ ենք կռվել հայրենիքի համար, մեր ձեռք բերածի համար...՚։  Մեր խոսքուզրույցն ասես երեկ էր, սակայն շուրջ  քառորդ դար է անցել, իսկ այսօր դու հողին ես հանձնում անմահացած զինվոր որդուդ, այն դեպքում, երբ  դեռ ընդամենը երեկ դու էիր զինվոր՝ Հայրենյաց պաշտպան։ 

Համբերություն քեզ, երկրիս զինվոր, զինվոր որդի կորցրած զինվոր, զինվոր թոռ մեծացնող զինվոր։  Դու մենակ չես քո ցավի հետ, քեզ հետ մի ողջ ազգ է՝ կարեկից ու սատարող... Քեզ հետ են բոլոր նրանք, ովքեր իրենց հոգում կրում  ու փայփայում են ծովից-ծով Հայաստանի տեսլականը։ 

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ