[ARM]     [RUS]     [ENG]

ՙՍԻՐՈ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ ՀՈՒՅՍՈՎ ԵՎ ԼՈՒՅՍՈՎ Է ԼՑՆՈՒՄ ԶԻՆՎՈՐԻ ԱՌՕՐՅԱՆ՚

Փետրվարի 23-ին՝ Հայրենյաց պաշտպանի օրը, ՀՕՄ-ի Արցախի միավորը արդեն 5-րդ տարին տոնը նշում է ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում:

Այս տարի հօմուհիների ՙԱյցելություն դիրքապահ զինվորներին՚ ծրագիրն անցկացվեց Ասկերանի պաշտպանական շրջանում՝ ԼՂՀ ՊԲ խորհրդով: 

Հարկ է ևս մեկ անգամ նշել, որ պատերազմական և հետպատերազմյան խնդիրներով լի տարիներին Հայ օգնության միությունը միշտ սատարել է իր ժողովրդին՝ ցույց տալով, որ թշնամու դեմ-հանդիման կանգնած զինվորը միշտ գտնվում է հայ մայրերի, կանանց ու քույրերի ուշադրության կենտրոնում: Հօմուհիներն առանձնակի ոգևորությամբ են պատրաստվում այս միջոցառմանը. ավանդույթ է դարձել այցելել զինվորին՝ մայրական բարեմաղթանքներով համեմված, իրենց ձեռքերով պատրաստված ուտեստներով, որոնց պարտադիր մաս է կազմում ավանդական տոլման: Այս անգամ պատրաստվել է 2200-ից ավելի տոլմա, մոտ 800 նրբաբլիթ, մեծ քանակությամբ օլիվյե աղցան, թոնիրում պատրաստած Ղարաբաղի ավելի քան 100 գաթա, այլ խմորեղեն, ինչպես նաև մրգեղեն, քաղցրավենիք:

Ցավոք, այս տարի Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատարությունը հարմար չգտավ  խմբին ուղեկցել առաջնագիծ, քանի որ այնտեղ վիճակն այնքան էլ հանգիստ չէր: Ուտելիքի մի մասը բաժանվեց բուժկետում գտնվողներին, հրետանու գնդի զինվորներին, իսկ մեծ մասն ուղարկվեց առաջնագիծ: Հատկանշենք, որ մի օր առաջ երդում տված նորակոչիկներն, իմանալով այդ ամենի մասին, որոշեցին մասնակցել  միջոցառմանը և առաջնագիծ ուղարկեցին ծնողների բերած ուտեստները:

Հրամանատարությունը կազմակերպեց զորամասում գտնվող զինծառայողների հավաք` հնարավորություն տալով հօմուհիներին նրանց ծանոթացնել այս կառույցի քաղաքականության, գործունեության հետ: ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Կարինե Դադայանը համառոտ պատմեց Միության ստեղծման ու երկարամյա գործունեության, միջոցառման գաղափարի ծագման և իրականացման, մայրերի ձեռքերով պատրաստած ուտեստների մասին` ընդգծելով այն բավականությունը, որով համակվում են իրենց սրտերը, երբ տեսնում են զինվորի լուսավորված հոգին: Նա շեշտեց, որ նման մթնոլորտում ստեղծվում է փոխադարձ մի կապ, և այդ համընդհանուր ջերմությունից և զինվորից եկող զորեղ մի ուժից լուսավորվում և լիցք են ստանում նաեւ իրենց հոգիները, իրենք ներշնչվում են վստահությամբ վաղվա օրվա հանդեպ:

Միջոցառման հետ կապված կազմակերպական հարցերը լուծում էր զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով հրամանատարի տեղակալ Արամ Քամալյանը, ումից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է տալիս զինվորին, ի՞նչ են փոխում նրա մեջ հայ մայրերի քնքշանքով պատրաստած ուտեստները:

-Սիրո յուրաքանչյուր արտահայտում ներթափանցում և հասնում է նրան, ում ուղարկվում է: Այդ զգացմունքի ուժը ծանոթ է բոլորիս, այն բավականին հզոր է, և նման մի օրը կարող է հույսով, լույսով լցնել զինվորի առօրյան, և նա շատ ավելի հեշտ հաղթահարի առաջացող խնդիրները,- համոզմունքով ասաց հրամանատարի տեղակալը:

 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ