Logo
Print this page

ՆՐԱ ՕՐԻՆԱԿՈՎ Է ԴԱՍՏԻԱՐԱԿՎՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՈՒՆԴԸ

Փետրվարի 17-ին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Վլադիմիր Նարինյանը կդառնար 21 տարեկան։

Խորհրդանշական այդ օրը Արցախի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի նախաձեռնությամբ ու Մարտունու հ.1 դպրոցի տնօրինության աջակցությամբ դպրոցի նիստերի դահլիճում կազմակերպվեց հուշ-ցերեկույթ։ 

Միջոցառմանը ներկա էին Վլադիմիր Նարինյանի ծնողները, հարազատներ, պատմության և իրավագիտության ֆակուլտետի դասախոսներ՝ դեկան Արմինե Առստամյանի գլխավորությամբ, ուսանողական, դպրոցական և ծառայակից ընկերներ, դպրոցի մանկավարժական կոլեկտիվը։

Նախքան հուշ-ցերեկույթն սկսելը՝ մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Վ. Նարինյանի գերեզմանին։ Հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին նաև դպրոցում, նրանք ծաղիկներ դրեցին Վ. Նարինյանի անունը կրող դասասենյակի հուշատախտակի պատվանդանին։

Կրթօջախի տնօրինությունը գեղարվեստական մաս էր պատրաստել՝ նվիրված հերոսի հիշատակին. աշակերտներն իրենց ասմունքում փառաբանեցին մեր սուրբ նահատակներին, խոստացան վառ պահել նրանց հիշատակը և  առաջնորդվել նրանց օրինակով։

Վ. Նարինյանի ծննդյան տարելիցին նվիրված միջոցառումը վարում էր ԱրՊՀ-ի պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության ամբիոնի դոցենտ Նելլի Օհանջանյանը։

Մերօրյա հերոսի կենսագրությունը ներկայացրեց նրա մանկության ընկերուհին՝ Ասյա Սուլեյմանյանը, նշելով, որ Վլադիմիրի զորացրվելուն մնացել էր 3 ամիս, երբ զոհվեց։ Ա. Սուլեյմանյանն իր մանկության ընկերոջը բնութագրեց որպես հայրենյաց զինվոր, լավ մարդ, անսահման բարի, ընկերասեր, ում դեմքից անպակաս էր բարի ժպիտը։ Դպրոցական տարիներից Վլադիմիրը սիրում էր հայոց պատմություն առարկան, երազում էր դառնալ պատմաբան և հաճախ էր մտքերով կիսվում դասղեկի հետ, ով նրան պատմություն էր դասավանդում։ Մեծ հայրենասիրություն նրա մեջ ձևավորվեց հենց այդ ժամանակվանից։ Մանկության ընկերուհին Վլադիմիրին ներկայացրեց նաև որպես ֆուտբոլի սիրահարի. զորամասից ստացած լավագույն ֆուտբոլիստի պատվոգիրն այսօր նրա հիշատակի անկյունում է։ Նրա անունը կրող դասասենյակում կրթվող ու դաստիարակող աշակերտները երդվեցին բարձր պահել ավագ ընկերոջ անունը, դաստիարակվել նրա օրինակով։ 

Վլադիմիրի ուսանողական և ծառայակից ընկեր Հակոբ Ավանեսյանը դժվարությամբ խոսեց ընկերոջ ֆիզիկական բացակայության մասին։ Հակոբն ու Վլադիմիրը շատ մոտ ընկերներ էին։ Հակոբը ներկաների հետ կիսվեց ընկերոջ մասին իր հուշերով, որոնք երբեք չեն մոռացվի։

ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Ա. Առստամյանը շնորհակալություն հայտնեց Վլադիմիրի ծնողներին՝ հերոս զավակ դաստիարակելու համար։ Վլադիմիրը 2013թ. ընդունվել է ԱրՊՀ-ի պատմության և իրավագիտության ֆակուլտետի  պատմության բաժինը, իսկ 2014թ. հուլիսի 17-ին զորակոչվել Պաշտպանության բանակի շարքերը։ Չնայած ընդամենը մեկ տարի էր, ինչ ֆակուլտետի դասախոսական կազմը ճանաչում էր Վլադիմիրին, այնուամենայնիվ, նա սիրվեց նրանց կողմից։ Ա. Առստամյանը հավաստեց, որ Վլադիմիրն անմահացավ ոչ միայն դասախոսների և ուսանողների, այլ նաև նրան ճանաչողների ու գնահատողների սրտերում՝ ուղենշելով 5-րդ դարից մեզ հասած պատգամը՝ գիտակցված մահն անմահություն է։ 

Ա. Առստամյանն ապրիլյան զոհերի հիշատակին նվիրված բանաստեղծություն էր գրել, որն  արտասանեց պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության բաժնի 4-րդ կուրսի  ուսանողուհի Նաիրա Գաբրիելյանը։

ԱրՊՀ-ի կերպարվեստի ամբիոնը դպրոցին, որպես հուշանվեր, բերել էր Վ. Նարինյանի դիմանկարը (նկարիչ՝ Սասուն Ղալայան), որում հերոս հայորդին արտացոլված է ողջ էությամբ։ 

Վերջում դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանը շնորհակալություն հայտնեց դասախոսական, ուսանողական կազմին՝ իրենց դպրոցի աշակերտի, նրանց ուսանողի սխրանքը գնահատելու, մեծարելու համար։

 

Արմինե  ԴԱՆԻԵԼՅԱՆ

ք. Մարտունի

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.