ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Փետրվարի 27-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը:
Հանձնաժողովը հաստատեց էլեկտրաէներգիայի (հզորության) և բնական գազի ներկրման և արտահանման գործունեության լիցենզավորման` նոր խմբագրությամբ կարգը: Սույն կարգը սահմանում է վերոնշյալ գործունեության իրականացման համար լիցենզիայի հայտի ընդունման, քննարկման, տրման, մերժման, նրա գործողության ժամկետի երկարաձգման, կորուստի դեպքում կրկնօրինակի տրամադրման ընթացակարգերը: Կարգը հնարավորություն է տալիս լիցենզիան ստանալու կամ երկարաձգելու համար հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերի քանակը կրճատել և հստակեցնել, իսկ երաշխիքի չափը նվազեցնել 10 անգամ: Այդ կարգով երաշխիք կարող է տրամադրվել ինչպես ԱՀ-ում, այնպես էլ ՀՀ-ում գործող որևէ բանկի, վարկային կամ ապահովագրական կազմակերպությունների կողմից: Այսինքն` ընթացակարգն ավելի է հստակեցվել ու պարզեցվել:
Հանձնաժողովը բավարարեց ՙՎիսավտ՚ ՍՊԸ-ի` ընկերության կանոնադրական կապիտալի 40 տոկոս բաժնետոմսերը վաճառելու թույլտվության հայտը, ինչպես նաև ՙԱրցախկապ՚ ՓԲԸ-ի հայտը` ռադիոռելեային կապի գծերի շահագործման, ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության համար:
Հանձնաժողովը 2016թ. դեկտեմբերի 22-ին հայտարարել էր ԱՀ տարածքում ընդհանուր ուղղվածության հեռուստածրագրերի, կաբելային (լարային) հեռարձակման (վերահեռարձակման) մրցույթ: Սահմանված ժամկետում հանձնաժողով հայտ է ներկայացրել միայն ՙԱրմինկո-ՆԿ՚ ՍՊԸ-ն: Կարգի համաձայն` ծրարի պարունակությունը հրապարակեց ընկերության ներկայացուցիչը: Ըստ նրա` ընկերությունը նախնական փուլում հանրությանը կտրամադրի մինչև 150 հեռուստաալիք: Հանձնաժողովը մրցույթին ներկայացված ծրարի պարունակությունն ուսումնասիրելուց հետո հարցի վերաբերյալ որոշումը, համաձայն օրենսդրության, կհրապարակի հաջորդ օրը:
Նիստի ընթացքում ներկայացվեցին նաև 2017թ. փետրվարի 20-ի ԼՂՀ Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի քարոզչության ժամանակաընթացքում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից քարոզչության լուսաբանման գործընթացի մշտադիտարկման արդյունքները:
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ