[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅՈՑ ՍՊԱՐԱՊԵՏԸ

Մարտի 5-ին Արցախի և Հայաստանի հերոս Վազգեն Սարգսյանը կդառնար 58 տարեկան։ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հավաստմամբ՝ Վազգեն Սարգսյանը կանգնած էր մեր ժողովրդի ազգային¬ազատագրական շարժման ակունքներում, եղել է հայոց պետականության վերականգնման առաջամարտիկներից, հայոց բանակի հիմնադիրներից և առաջին հրամանատարներից մեկը և դեռևս կենդանության օրոք արժանացել է Սպարապետ պատվավոր կոչմանը։

Վազգեն Սարգսյանի հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը նրա պատգամների իրականացումն է, հայոց անկախ պետության շարունակական ամրապնդումը և բանակի հզորացումը։

Այսօր էլ արդիական հնչողություն ու նշանակություն ունի Երկրի նվիրյալ զավակի, գրողի ու հրապարակախոսի խոսքը. ՙՂարաբաղի հարցի կարգավորումը պիտի իրականացնի ողջ հայ ժողովուրդը Հայաստանում, Ղարաբաղում, Սփյուռքում։ Բայց առաջին հերթին պետք է հաշվի առնել Ղարաբաղի ժողովրդի կարծիքը, որովհետև նա իր կյանքի, արյան, իր զավակների գնով  կարողացավ այս պատերազմում հիմնական դերակատարը լինել։ Ինքը նվաճեց իր հողի վրա անկախ ապրելու իրավունքը, և ողջ հայ ժողովուրդը պարտավոր է պաշտպանել այն՚։  

Վ. Սարգսյանի հավաստմամբ՝ հասարակության միասնականությանը կարող ենք հասնել՝ ստեղծելով բարոյականության, հավասարության դաշտ։ Անհրաժեշտ է ունենալ ոչ թե տարածաշրջանի ամենաուժեղ բանակը, այլ մեր ժամանակի լավագույն բանակներից մեկը։ Մենք պիտի կարողանանք ամուր կանգնել մեր հողի վրա, կարողանանք մեր բեկված ընթացքը, ի վերջո, ուղղել և մտնել համաշխարհային զարգացած պետությունների, լավագույն ժողովուրդների շարքը։

Մեծ է ՀՀ ազգային հերոս և Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի դերակատարությունը հայոց բանակի կազմավորման և կայացման գործում։ Նրա կարծիքով՝ հայ զինվորից լավ զինվոր չկա։ Այսօր էլ Սպարապետի խոսքը թևավորում և սատարում է մեզ՝ ուղենշելով մեր լինելության ճշմարիտ ընթացքը. ՙՄեր հավաքական կամքն ու դիմադրողականությունը պիտի մեծացնենք, փրկությունը դա է՚։ 

Ճշմարիտ է ասված. ՙՀաղթում է նա, ով ցանկանում է հաղթել, ով համոզված է, որ հաղթելու է, ով վստահում է իր ուժերին, ով ապավինում է իր ոգու ու բազկի զորությանը ու երբեք չի համակերպվում  պարտության մտքի հետ՚։ Վազգեն Սարգսյանի կարծիքով՝ մարտադաշտում հաղթում է զինվորի ոգին։ Մենք հաղթեցինք հերոսական պայքարով և ամուր հավատքով։ Հայրենի հողն ու ջուրը, եկեղեցին ու խաչքարը մեր միասնական ոգուն ավյուն և ուժ հաղորդող սրբություններ են։ Արցախյան պատերազմի ժամանակ թափված արյան գինը հաղթանակն է։

Վ. Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը, այսպիսի խոսքերով է բնութագրել որդուն. ՙԱզգային հպարտությունը, հայի պատվախնդրությունը շատ ուժեղ էին Վազգենի հոգում։ Ատում էր մազապուրծ բառը, որ եկել կպել էր մեզ, ասում էր՝ ավելի լավ է ագրեսոր լինել, քան մազապուրծ՚։

Վազգեն Սարգսյանը հայոց բանակը համարում էր իր զավակը. ՙՉսիրված երեխան լավ մարդ չի դառնում։ Բանակը մեր բոլորիս զավակն է, և բոլորս պարտավոր ենք հարազատի պես սիրել նրան՚։ Ժամանակը ցույց տվեց, թե որքան հեռատես էր ու իմաստուն հայ ազգի նվիրյալը։ Մարդ, որն իր ուժն ու էությունը նվիրեց հայ ժողովրդի ազգային¬ազատագրական պայքարին՝ սերունդներին թողնելով գոյատևման և արիության բացառիկ դասեր։

Վազգեն Սարգսյանը հայ ժողովրդի ոգու պատմության մեջ կգոյատևի նաև որպես գրող։ Նրա ստեղծագործությունը ՙհավատավոր մարդու խոստովանություն է՚։ՙՊատմության սկիզբն ու շարունակությունը՚,¬ այսպես է խորագրվել Վ. Սարգսյանի գիրքը՝ հոգեկերտվածքը, որտեղ ամփոփվել են նրա ստեղծագործությունները և որոնք, Հրանտ Մաթևոսյանի կարծիքով, ինքնահաստատման արձագանքներ են. ՙԽոստովանանքի նրա բառը ծեփվել է, նրա հեռանալուց հետո իր խորանն ամայի չէ, Ճշմարիտ Բանի տաճարն իր հիշողությունն է ներքաշել կայուն դիմագծի մի նույնքան խոշոր անհատի, որքան ռազմի ու քաղաքականության սպարապետին ու գործչին՚։

Ռոբերտ ԵՍԱՅԱՆ