[ARM]     [RUS]     [ENG]

ՆՎԻՐՎԱԾ ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը:

 Սկսած 1994 թվականի ապրիլից՝ Հայաստանը Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության անդամ է: 

ԼՂՀ-ում քաղաքացիական պաշտպանության ոլորտը կարգավորվում է ՙՔաղաքացիական պաշտպանության մասին՚, ՙԱրտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին՚, ՙՌազմական դրության մասին՚ ԼՂՀ օրենքներով և այլ ենթաօրենսդրական ակտերով: 

Քաղաքացիական պաշտպանության համակարգում իր ուրույն տեղն ու դերն ունի ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Մարտի 1-ին` Քաղպաշտպանության միջազգային օրը, արցախցիները նշում են որպես ՔՊ ուժերի և միջոցների մասին գիտելիքների տարածման քարոզչության օր: Քանի որ քաղաքացիական պաշտպանությունը պետության անվտանգության համակարգի բաղկացուցիչ մաս է հանդիսանում՝  այն նշանավորվում է նաև որպես ազգային փրկարարական ծառայությունների հեղինակության բարձրացման օր։ Քաղպաշտպանության համաշխարհային օրվան էին նվիրված Արցախի հանրակրթական դպրոցներում մարտի 1-ին անցկացված միջոցառումները, որոնք հիմնականում միտված են բարձրացնելու մարդկանց իրազեկվածությունն ու պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներում:

ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Նարիմանյանի խոսքով` նման միջոցառումները նաև կառույցի ղեկավար կազմի՝ օբյեկտային վարժանքների պլանավորման և անցկացման ժամանակ տեսական գիտելիքները բարձրացնելու, աշակերտների գործնական հմտություններն արտակարգ իրավիճակներում կատարելագործելու նպատակ են հետապնդում։ Հարկ է նշել, որ կրթօջախների տնօրինություններն ու աշակերտները ըմբռնումով և մեծ պատասխանատվությամբ են մոտեցել անցկացված միջոցառումներին` կարևորելով դրանց դերը բնակչության համար։ Նրանցից շատերը, ինչպես հավաստեցին կազմակերպիչները, բավականին խոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերեցին արտակարգ իրավիճակներում հայտնվելու դեպքում ճիշտ վարվելակերպի վերաբերյալ։ Յուրաքանչյուր միջոցառման ավարտին տվյալ կրթօջախի ղեկավար կազմի հետ քննարկվեցին դրա ընթացքը, տեղ  գտած թերությունները, համապատասխան հանձնարարականներ տրվեցին՝  հետագայում թերացումները շտկելու համար: 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ