Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙԵԹԵ ՉԳԱՆՔ, ՈՒՐԵՄՆ ՉԿԱՆՔ...՚

1939թ. մարտի 2-ին Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում է ծնվել է մեր օրերի լավագույն հայերից մեկը` Արցախ Բունիաթյանը, ով գրեթե 5 տարի է, ինչ հրաժեշտ է տվել երկրային կյանքին (վախճանվել է 2012թ. հուլիսի 18-ին):

1950 թվականին Բունիաթյաններն ընտանիքով տեղափոխվել են ՀՀ Հոկտեմբերյան քաղաք:

...Մարտի 2-ին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի քաղաքային գրադարանում հուշ-ցերեկույթ էր` նվիրված բժիշկ, ՀՅԴ անդամ (1990 թվականից), հասարակական գործիչ, գրող, Արցախյան ազատամարտի նվիրյալ, Նժդեհյան ուսմունքի հետևորդ Արցախ Բունիաթյանի ծննդյան 78-րդ տարեդարձին: Միջոցառումը կյանքի կոչվեց շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի, կրթության և սպորտի բաժինների նախաձեռնությամբ: Հանդեսն սկսվեց օրվա հերոսին նվիրված ռազմահայրենասիրական երգով, որը կատարեց ՙԲերձոր՚ ժողգործիքների համույթի մեներգիչ, Երևանի Սայաթ-Նովայի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Փիրուզա Արզումանյանը: Ապա շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը ներկայացրեց Արցախ Բունիաթյան-մարդուն, բանաստեղծին ու բժշկին, Քաշաթաղի շրջանային բուժմիավորման հիմնադրին, Բերձորի պատվավոր քաղաքացուն:

Կրթության և սպորտի բաժնի առաջատար մասնագետ, Արցախ Բունիաթյանի կուսակցական ընկեր ու մտերիմ Արին Գալստյանը խոսեց մի մարդու մասին, ով իր համեստությամբ, նվիրվածությամբ դարձել է շատերի սիրելին ու բարեկամը, ընկերն ու խորհրդատուն:

-Այս ժամանակների հայրենապաշտ Հայի կենսագրականը կարդալ` կնշանակի ամեն պահի հանդիպել Նժդեհ, Արցախյան շարժում, կենաց-մահու կռիվ, հաղթանակ հասկացություններին, -ասաց Ա. Գալստյանը: Մինչ Արցախյան շարժումը Ա. Բունիաթյանն այն եզակի հայերից էր, ով մասնակից եղավ Նժդեհի շիրիմը Վլադիմիր քաղաքից գաղտնի տեղափոխելուն և Սպիտակավոր եկեղեցու բակում ամփոփելուն: Ինչպես ցանկացել էր մեծ զորավարը, նրա նշխարների մի մասն ամփոփել են Խուստուփ լեռան լանջին` դարձնելով սրբավայր: Այս մեծ գործի մասնակիցներն այդ օրը երդվել էին` յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 6-7-ն այցելել այդ սրբատեղին: Ստեղծել էին իրենց թևավոր խոսքը. ՙԵթե չգանք, ուրեմն չկանք...՚: Այսօր արդեն նոսրացել են այդ երդվյալների շարքերը, սակայն այցելուների թիվն ավելացել է: ՙՆժդեհի վերադարձը՚` այդպես վերնագրեց իր գիրքը Արցախ Բունիաթյանը: 

Արցախյան շարժումն առավել ակտիվացրեց նրան. առաջին իսկ օրվանից պայքարի կիզակետում էր: Կինը՝ Սոնա Հովեյանը, պատմեց, թե ինչպես ամուսինն ստացավ Արցախ անունը՝ փոխարինելով օտարահունչ ՙԴալտոն՚-ին: Հիշատակեց Վարագ Առաքելյանի հուշը՝ ինչպես են Էջմիածնի եկեղեցում Արցախ կնքել իրենց գաղափարակից ընկերոջը: 1992թ. սկզբներից մինչև 1995թ. նոյեմբերը Մարտակերտի շրջանի դաշտային հոսպիտալի բուժանձնակազմում որպես վիրաբույժ նա մասնակցել է մարտական գրեթե բոլոր գործողություններին: Եվ այդ ողջ շրջանը դարձել է նրա ութհատորյակի գրական հարուստ հենքը: ՙԱրյունոտ օրեր՚ գիրքը լույս է տեսել 8 հատորով, տարբեր վերնագրերով: Վերջին հատորը՝ ՙՀուշագրություն՚-ը, ներկայացնում է 1994 թվականի մայիս ամիսը: Այս և բոլոր հատորները գրվել են ըստ օրագրի: Պարզապես հիանալ կարելի է Արցախ Բունիաթյանի աշխատասիրությամբ ու նվիրվածությամբ: Ներկայացնում է հարյուրավոր ազատամարտիկների, Մարտակերտի շրջանի բնակիչներին, ովքեր դիմել են բժշկական օգնության: Ընթերցելով գիրքը՝ կճանաչենք շատ-շատերին, որոնց բուժել է բժիշկը, նրանց, որոնց կյանքի համար պայքարել է, սակայն ի զորու չի եղել փրկել: Եվ այս ամենը մեծ վերք է բացել Արցախ Բունիաթյանի սրտում: Գիշերները մոմի ու լամպի, հաճախ լուսնի լույսի տակ է գրի առել: Գրողի համար անձնավորված կերպար են դարձել հայրենի երկրի հողն ու ջուրը, անտառները, թռչուններն ու Սարսանգի ձկները: Ցավով է նկարագրում ռումբերից տնքացող հողը, արմատախիլ եղող ծառը: Բացի գեղարվեստական գործ լինելուց, նրա գործերը հանրագիտարանային արժեք ունեն: Ընթերցողը լավ կճանաչի Մարտակերտի շրջանը, հարյուրավոր ազատամարտիկների, տարբեր օտարազգի ու Սփյուռքից եկած մարդկանց, ովքեր այդ օրերին արցախցու կողքին էին, կծանոթանա մեր ժամանակի բարքերին: Այս ամենով հանդերձ՝ Ա. Բունիաթյանի ամենամեծ գրվածքներից մեկը եղավ 1996 թվականին Քաշաթաղի շրջանային բուժմիավորման հիմնումը, որտեղ աշխատեց մինչև 2008 թվականը, և որը 2016 թվականից կոչվում է հիմնադրի անունով: Նույն բուժմիավորման գործավար Լուսինե Ասատուրյանը ներկայացրեց բժշկի աշխատանքային կենսագրությունը Քաշաթաղի շրջանում: Առանձնացրեց մի պահ. ինչպես է բժիշկն իր արյունը տվել հիվանդին ու փրկել նրան: Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի խոսքով` Արցախ Բունիաթյանն իր գիտակցական կյանքն ապրեց իմաստալից և իր անջինջ հետքը թողեց շրջանի կայացման գործում:

-Յուրաքանչյուր ոք հերոս է դառնում նաև իր ընտանիքի շնորհիվ, -ասաց Ա. Մխիթարյանը՝ հավելելով, որ Արցախի համար զինակից ընկեր ու ոգևորիչ ուժ են եղել կինը՝ Սոնան, 3 դուստրերը: 

 Սոնան նկարագրեց՝ ինչպես են ինքը, Արցախի մայրը, դուստրերը Աբովյան քաղաքի իրենց տանը տարիներով սպասել պատերազմի դաշտից նրա վերադարձին: Այնուհետև նկարագրեց բերձորյան կյանքը: 

Հուշ-ցերեկույթը, որին ներկա էին հարազատները, կուսակցական ընկերները, շրջվարչակազմի աշխատակիցներ, դպրոցականներ, ուսուցիչներ, շրջբուժմիավորման բժիշկներ, ավարտվեց ասմունքով ու ռազմահայրենասիրական երգերով: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Արցախ Բունիաթյանն արժանացել է կառավարական ու գերատեսչական բազում պարգևների: 1998թ. մայիսին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է ՙՄխիթար Հերացի՚ մեդալով: 2008թ. ապրիլի 22-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով արժանացել է վաստակավոր բժշկի կոչման: Սակայն այս ամենից առավել կարևորը նրան ճանաչողների կարծիքն է, կարևորը, որ ժողովուրդն է նրան կոչել ԲԺԻՇԿ, և նրա պատվին Քաշաթաղում ծնված շատ հայորդիներ անվանակոչվել են Արցախ:

 

Հոբելյան` առանց հոբելյարի

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

ք. Բերձոր