ՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԴԵՌ ԱՆԵԼԻՔՆԵՐ ԿԱՆ
Մարտի 6-ին տեղի ունեցավ ԼՂՀ դատախազության կոլեգիայի նիստը, որտեղ քննարկվեց հանրապետության տարածքում 2016թ. արձանագրված հանցավորության վիճակը։
Նիստը վարում էր ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը: Համաձայն օրակարգի՝ զեկուցումներով հանդես եկան գլխավոր դատախազի տեղակալներ Սևակ Հակոբյանը, Սերգեյ Ստեփանյանը, գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության բաժնի պետ Կարեն Գաբրիելյանը, գլխավոր դատախազության ավագ դատախազ Զոյա Օսիպյանը և գլխավոր դատախազության կազմակերպավերահսկողական, վիճակագրության, վերլուծության, իրավական ապահովման, միջազգային կապերի և անձնակազմի հարցերով բաժնի պետ Կարինա Սաֆարյանը։ Հաշվետու տարում Արցախի տարածքում արձանագրվել է հանցագործությունների 704 դեպք (բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունները՝ 689), ինչը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 240 դեպքով (2015թ.՝ 464, բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունները՝ 449), որից բացահայտվել է 657-ը (2015թ.՝ 380), չբացահայտված է մնացել 32-ը, որից բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունները 23-ն են։ Իսկ 15 հանցագործություն գտնվում է քննության փուլում։
Չբացահայտված 23 հանցագործություններից 1-ը սեռական անձեռնմխելիության, 22-ը՝ սեփականության դեմ ուղղված հանցագործություններ են, ընդ որում 1-ը՝ պետական կամ հանրային գույքի հափշտակության՝ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության` գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, 21-ը՝ անձնական գույքի հափշտակության դեպքեր, որոնցից 1-ը՝ կողոպուտի, 12-ը՝ գողության, դրանցից 2-ը՝ բնակարանային գողության, 8-ը՝ սեփականության դեմ ուղղված այլ հանցագործության՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու և գույքը անզգուշությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքեր են:
Ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի՝ 2016թ. գրանցվել է առանձնապես ծանր հանցագործությունների 14 (2015թ.՝ 6), ծանր հանցագործությունների` 4 (2015թ.՝ 76), միջին ծանրության հանցագործությունների` 243 (2015թ.՝ 236) և ոչ մեծ ծանրության հանցագործությունների 400 (2015թ.՝ 146) դեպք: 2015թ. համեմատությամբ 2016-ին առանձնապես ծանր հանցագործություններն աճել են 8, միջին ծանրությանը՝ 7, իսկ ոչ մեծ ծանրության հանցագործությունները՝ 254 դեպքով, իսկ ծանր հանցագործությունների թիվը նվազել է 29-ով:
Ողջունելի է այն փաստը, որ 2016թ. հանրապետության տարածքում արձանագրված 704 հանցագործությունից միայն 61-ը, կամ ընդամենը 8,6%-ն են կազմում ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպքերը, իսկ Շահումյանի շրջանում հաշվետու ժամանակահատվածում ծանր և առանձնապես ծանր հանցագործության դեպք ընդհանրապես չի արձանագրվել:
Հաշվետու ժամանահատվածում գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված 75 հանցագործության դեպք (2015թ.՝ 37): Հարկ է նշել, որ, ի տարբերություն նախորդ տարիների, հաշվետու ժամանակահատվածում արձանագրված՝ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման փաստեր են: Մյուս առանձնահատկությունն այն է, որ նախորդ տարիներին հիմնականում շրջանառվում էր ՙմարիխուանա՚ տեսակի թմրամիջոցը, իսկ հաշվետու ժամանակահատվածում շրջանառվում էին դրանց առավել վտանգավոր տեսակները՝ մասնավորապես ՙափիոն՚, ՙչեռնյաշկա՚։ Արձանագրված թվերը վկայում են, որ ազգաբնակչության մի որոշ հատվածի մոտ շարունակվում է պահպանվել թմրանյութերի նկատմամբ հետաքրքրությունը, ուստի զեկուցողները կարևորեցին իրավապահների կողմից առավել հետևողական ու անզիջում պայքարը հատկապես դրանց ձեռքբերման աղբյուրների և իրացման գործընթացի շղթայական կապի բացահայտման ուղղությամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաշվետու ժամանակահատվածում նշված հանցագործությունների թվի կրկնակի (2016թ.՝ 75, 2015թ.՝ 37) աճ է արձանագրվել:
2016թ. արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու 9 (2015թ.՝ 10), կաշառք ստանալու, տալու կամ կաշառքի միջնորդության 1 դեպք (2015թ. չի արձանագրվել), իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու 1 դեպք (2015թ.՝ 5 դեպք):
ԼՂՀ գլխավոր դատախազության կողմից ուսումնասիրություն է կատարվել նաև 2016թ. Արցախի տարածքում գրանցված ինքնասպանության դեպքերի և ինքնասպանության փորձերի վերաբերյալ: Վերլուծությունից երևում է, որ հաշվետու ժամանակաշրջանում հանրապետության տարածքում կատարվել է ինքնասպանության 17 և ինքնասպանության փորձերի 19 դեպք:
Ներկայացված զեկուցումների առնչությամբ իր նկատառումներն արտահայտելով, գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը մի քանի շեշտադրումներ արեց որոշ աշխատանքներում առկա բացթողումների վրա։ Ըստ գլխավոր դատախազի՝ առայժմ բավարար չեն քննության որակի բարձրացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ 2017թ. կառույցի կատարած աշխատանքների ամփոփմանը մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես այս ոլորտին, և դատախազական աշխատանքի գնահատման հիմնական ցուցիչն էլ լինելու է դա, ասաց Ա. Մոսիյանը։
Գլխավոր դատախազը մտահոգություն հայտնեց անչափահասների կողմից կատարված հանցագործությունների և կրկնահանցագործությունների թվի որոշակի աճի կապակցությամբ, ինչը, նրա խոսքով, պայմանավորված է նաև թաղային տեսուչների և օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացնողների ոչ լիարժեք գործունեությամբ։ Նա հանձնարարեց ուժեղացնել հսկողությունը հիշյալ ուղղություններով:
2016-ը ինչպես ԼՂՀ գլխավոր դատախազության, այնպես էլ ամբողջ հանրապետության համար ծանր տարի էր՝ պայմանավորված ապրիլյան ռազմական գործողություններով։ Դրա հետ կապված՝ գլխավոր դատախազության առջև դրված խնդիրներն ու հանձնարարականները հիմնականում կատարվել են։ Ավելին, լրացուցիչ հարուցվել է 64¬հատորանոց քրեական գործ, որոշակի աշխատանքներ են տարվել փաստահավաքագրության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ուղղությամբ։
Ըստ ԼՂՀ գլխավոր դատախազի՝ կատարված վերլուծությունները ցույց են տալիս, որ 2016-ին հանրապետությունում մոտ 94 դեպքով, կամ 20 տոկոսով, հանցագործությունների նվազման միտում է արձանագրվել։ Բացի այդ, նախորդ տարվա համեմատությամբ՝ բարձրացել է հանցագործությունների բացահայտման ցուցանիշը։ Դրական առաջընթաց է արձանագրվել օպերատիվ հետախուզական աշխատանքներում, մասնավորապես՝ թմրամիջոցների իրացման, դրանց ապօրինի շրջանառության և բացահայտման դեպքերի հետ կապված։ 2016-ին առգրավված թմրամիջոցները թե՜ ՙորակական՚ և թե՜ քանակական առումով գերազանցում են նախորդ տարիների ցուցանիշը։
Ընդհանուր առմամբ՝ դրական գնահատելով անցած ժամանակահատվածում դատախազության մարմինների կատարած աշխատանքը, Արթուր Մոսիյանը դատախազաքննչական անձնակազմին շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար: Իսկ Ասկերանի շրջանի դատախազ Մհեր Աղաջանյանին՝ համաձայն գլխավոր դատախազի հրամանի, արտահերթ շնորհվեց արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան։
Ըստ օրակարգի` վերջում տեղի ունեցավ ԼՂՀ Շահումյանի շրջանի դատախազության նորանշանակ դատախազ Վաղարշ Աղաբեկյանի երդման արարողությունը:
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ