[ARM]     [RUS]     [ENG]

Ոչինչ այդքան վատ չէ, ինչքան ստատուս քվոն. Ֆրանսուա Օլանդ

Խաղաղ եւ ապահով ապագա կառուցելու համար մենք պարտավոր ենք շարունակելու մեր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորելու գործում:

Այս մասին մարտի 8-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պատվին տրված պաշտոնական ճաշի ժամանակ իր բաժակաճառում ասել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ անդրադառնալով Արցախի հիմնախնդրին:

Նա, մասնավորապես, նշել է.

«Դուք գիտեք Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրի պատրաստակամությունը այս հակամարտությանը լուծում գտնելու մեջ: 2016 թվականի ապրիլյան բախումները եւ մի քանի օր առաջ պատահած դեպքերը դրա ողբերգական ապացույցներն են:

Ոչինչ այդքան վատ չէ, ինչքան ստատուս քվոն: 23 տարուց ի վեր կողմերը բանակցում են առանց որոշակի արդյունքի հասնելու:

Բազմաթիվ անգամ լուծումը շատ մոտ էր թվում: 2014 թվականի հոկտեմբերին ես ինքս նախաձեռնություն վերցրեցի Ձեզ հրավիրելու Փարիզ ադրբեջանցի Ձեր պաշտոնակցի հետ միասին: Մենք առաջընթաց ունեցանք հատկապես հակամարտության ընթացքում անհետացած անձերի ճակատագրի ցավալի հարցում, բայց չկարողացանք ավելի հեռուն գնալ: Սակայն բանակցությունները շարունակելուն ոչ մի այլընտրանք չկա, եթե բոլորս համաձայն ենք, որ հակամարտության ռազմական լուծումը բացառված է:

Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ համընդհանուր խորհրդակցությամբ՝ Ֆրանսիան անդադար շարունակում է իր միջնորդական ջանքերը: Լուծման պայմանները հայտնի են` «Մադրիդյան սկզբունքներն ենե, որոնց հիմքերն են` ուժի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականության հարգումը եւ ինքնորոշման իրավունքը: Ֆրանսիան պատրաստ է աջակցելու այս ուղղությանը տարվող ցանկացած նախաձեռնությանը:

Պարո՛ն նախագահ,

Ձեր ներկայությունն այստեղ մի նոր նշան է այն խոր եւ իրական հարաբերության, որ դարերից ի վեր կապում է Ձեր երկիրը եւ իմ երկիրը: Այս պատմությունը մեզ պատիվ է բերում եւ պարտավորեցնում է, հիմք է դնում մի բարեկամության, որին ոչինչ չի կարող սասանել: Դա այս բարեկամությունն է, որը Դուք եկել եք տոնելու, եւ ես այս անսասան բարեկամության համար է, որ հիմա բարձրացնում եմ բաժակս:

Կեցցե՛ Ֆրանսիան:

Կեցցե՛ Հայաստանը:

Կեցցե՛ ֆրանս-հայկական բարեկամությունը":