[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՐԴԱՁՈՐԻ ԵԿԵՂԵՑԻՆ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ

Մարտակերտի շրջանի Վարդաձոր (նախկին Գյուլաթաղ) գյուղն Արցախի հնագույն բնակավայրերից է։

Համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1870թ.։ Խորհրդային շրջանում (1930-ական թթ.) այն փակվել է, այնուհետև՝ 50-ականներին, վերանորոգվել և օգտագործվել որպես հանդիսությունների տուն։ Այսօր գյուղաբնակները կարիք ունեն առանձին հանդիսությունների տան և եկեղեցու: Խնդրի առնչությամբ արձագանքել են առանձին հասարակական և պետական կառույցների ներկայացուցիչներ, ովքեր, լինելով գյուղում, մանրամասն ուսումնասիրել են այն։ 

Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ Աշոտ Սարգսյանը, հաշվի առնելով նաև վարդաձորցիների կարծիքը, համայնքի նախկին եկեղեցու վերականգման և առանձին հանդիսությունների տան հետ կապված կոնկրետ զեկուցագիր և առաջարկ է ներկայացրել իրավասու մարմիններին։ Ի դեպ, գյուղի երիտասարդներն իրենց հոգեւոր կարիքները հոգալու համար պարբերաբար այցելում են Գանձասար, հատկապես զինակոչիկները մկրտվում են, հետո զորակոչվում բանակ։ Ինչպես խոստովանում է համայնքի ղեկավար Նելսոն Դանիելյանը, մատաղ սերունդն օր օրի ավելի է կապվում հավատքի հետ, ավելի հաճախ է լինում եկեղեցիներում, և նպատակահարմար է, որ գյուղում էլ գործի եկեղեցի, կատարվեն Հայ Առաքելական Եկեղեցու արարողակարգերը։ 

Ա. Սարգսյանի պարզաբանմամբ՝ 1998-2003թթ. Արցախի դպրոցներում դասավանդվող կրոնի առարկան նպաստեց մեր հոգևոր զարթոնքին։ Այնուհետև այդ առարկայի փոխարեն սկսեցին ուսուցանել Հայ Եկեղեցու պատմությունը, որն այդպես էլ մնաց որպես պատմության առարկա, այն էլ՝ միայն հումանիտար հոսքում։ Փաստորեն, ավագ դպրոցի բնամաթեմատիկական հոսքի երեխաները չեն անցնում Հայ Եկեղեցու պատմություն առարկան։

 Ա. Սարգսյանի տեղեկությամբ` ՙԽղճի և կրոնական կազմակերպության մասին՚ օրենքի շրջանակներում վերոնշյալ տարիներին Արցախի թեմը վերականգնեց ավանդույթները, դպրոցներում սկսեցին ուսուցանել Հայ եկեղեցու խորհուրդները, ինչի արդյունքում երեխաների հետ զուգահեռ ծնողները նույնպես զգացին մեր հոգեւոր արմատներին վերադառնալու անհրաժեշտությունը։ Բայց հոգևոր դաշտում անելիքները շատ են, մանավանդ որ Արցախում դեռ կան Վարդաձորի նման գյուղեր, որոնց եկեղեցիներն ավերված են, կամ նպատակային չեն օգտագործվում։ Ուստի անհրաժեշտ է վերականգնել եկեղեցիները, շարունակել ավանդույթները, ծեսերը։ Ա. Սարգսյանն առաջարկում է նաև ի կատար ածել ծխական խորհրդի ծրագիրը, որի ղեկավարը պետք է հանդիսանա քահանան, որ վառ պահվի հոգևոր արթնության կրակը։ Այս և այլ խնդիրների վերաբերյալ ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետը  համապատասխան գրություններ ու եզրակացություններ է ուղարկել պատկան մարմիններին, որովհետև հոգեւոր, ազգային ավանդույթների վերականգնման, եկեղեցաշինական ծրագրերը նույնպես կխթանեն, որ գյուղացիները մնան իրենց բնակավայրերում, ապրեն և շենացնեն իրենց բնօրրանը։ 

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ