Logo
Print this page

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԱՃ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

Մարտի 13-ին Արցախի Հանրապետության  գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանի հրավիրած մամուլի ասուլիսը նվիրված էր կառույցի 2016 թվականի գործունեությանն ու արդյունքների ամփոփմանը։

Նշենք, որ ասուլիսին նախորդել էր գլխավոր դատախազության կոլեգիայի նիստը։

Գլխավոր դատախազը նախ ներկայացրեց 2016թ. հանրապետության հանցավորության վիճակը, դատախազության գործառույթները, ապա պատասխանեց լրագրողների հարցերին։Անցյալ  տարի հանրապետությունում գրանցվել է հանցագործությունների 704 դեպք՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճելով 240  դեպքով  կամ  32,5%-ով (2015թ` 464 դեպք)։ Ա. Մոսիյանի խոսքով՝ աճը պայմանավորված է հաշվարկման մեթոդիկայի փոփոխությամբ. 2016-ը հանցագործությունների միասնական հաշվառման առումով եղել է անցումային տարի։ Մինչ այժմ գոյություն է ունեցել հետաքննություն և նախաքննություն իրականացնող հինգ մարմինների՝ դատախազության, ֆինանսների նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարների միասնական հաշվառման հրամանը՝ հանրապետության տարածքում արձանագրված հանցագործությունների վերաբերյալ, ըստ որի՝ մասնավոր մեղադրանքի դեպքերը որպես հանցագործություն չէին հաշվառվում, որովհետև քրգործեր չէին հարուցվում։ Այսինքն՝ նախորդ տարիներին տուժողի բողոքի բացակայության դեպքում դրանք որպես հանցագործություններ չէին հաշվառվում: Ներկա մեթոդոլոգիայով, անկախ այն բանից՝ քրեական գործ է հարուցվում, թե ոչ, կատարվածը համարվում է հանցագործություն։ 

Ըստ Ա. Մոսիյանի՝ հաշվետու տարում դրական միտում է նկատվել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների նվազման առումով. եթե 2015¬ին հանցագործությունների ընդհանուր թվում նշված բնույթի հանցագործությունները կազմել էին 17,6 տոկոս, ապա 2016-ին կրկնակի նվազել է դրանց թիվը։  Նախորդ տարի բարձրացել է նաև հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ կազմելով  96,6 տոկոս՝ (2015-ին՝ 92,5%)։ Չբացահայտված է մնացել 23 հանցագործություն, որից մեկը՝ սեռական անձեռնմխելիության, իսկ 22-ը՝ տնտեսական բնույթի հանցագործություններ են։ Ըստ վարչատարածքային միավորների՝ չբացահայտված հանցագործությունների պատկերն այսպիսին է. Ստեփանակերտում՝ 2, Մարտակերտի շրջանում՝ 4, Ասկերանի՝ 3, Մարտունու՝ 9, Հադրութի՝ 1, Շուշիի՝ 1, Քաշաթաղի շրջանում՝ 3։ Շահումյանի շրջանում բոլոր հանցագործությունները բացահայտվել են։՝ 

2016թ. արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու 9 (2015թ.՝ 10), կաշառք ստանալու, տալու կամ կաշառքի միջնորդության 1 (2015թ. չի արձանագրվել), իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու 1   դեպք (2015թ.՝ 5 դեպք):

ԱՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրություն է կատարել նաև 2016թ. հանրապետության տարածքուն  գրանցված ինքնասպանության դեպքերի և ինքնասպանության փորձերի վերաբերյալ: Վերլուծությունից երևում է, որ հաշվետու ժամանակաշրջանում   կատարվել է ինքնասպանության 17 և ինքնասպանության փորձերի 19 դեպք: 

Ճանապարհատրանսպորտային պատահարներով գրանցված 32 հանցագործություններից 4-ը մահվան ելքով էր (2015թ.՝ 5):  Նշված 32 դեպքից 24-ով քրեական հետապնդում չի իրականացվել: Ինչ վերաբերում է այս տեսակի հանցագործությունների թվի աճին, դա ևս պայմանավորված է այն հանգամանքով, որ նախորդ տարիներին տուժողի բողոքի բացակայության դեպքում դրանք որպես հանցագործություններ չէին հաշվառվում:

Ընդհանուր առմամբ՝ հանցագործություն կատարած անձանցից 605-ը արական, 62-ը իգական սեռի ներկայացուցիչներ են։ Նրանցից 571-ը ԼՂՀ և 88-ը ՀՀ քաղաքացիներ են, իսկ 8-ը՝ օտարերկրացիներ։ 

Խոսելով ԱՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված՝ գլխավոր դատախազության իրականացրած հիմնական գործառույթների մասին՝ Ա. Մոսիյանը նշեց, որ 2016թ. քննչական բաժնի կողմից հարուցվել է 4 քրեական գործ, ևս 3-ը փոխանցվել է նախորդ տարվանից։ Ընդամենը 7 քրեական գործի շրջանակներում հատուկ քննչական բաժնի կողմից տարված աշխատանքների արդյունքում մի մասը կարճվել է ոչ արդարացման հիմքով, մի մասն էլ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողության մասին. 2016թ. դատախազության մարմինները հսկողություն են իրականացրել նախաքննության 529 և հետաքննության 828 նյութերի նկատմամբ (ընդամենը՝ 1357), իսկ դատավարական ղեկավարություն և դատավարական հսկողություն են իրականացրել 346 քերական գործերի նկատմամբ, որից 111-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարան, 109 քրգործի վարույթը կարճվել է, այդ թվում 36-ը՝ արդարացման, 703-ը՝ ոչ արդարացման հիմքերով։ Կասեցվել է 57 քրգործի վարույթ, որից 32-ի անձը հայտնի չէ, 14 մեղադրյալ թաքնվել է քննիչներից և գտնվում է հետախուզման մեջ, իսկ 11 քրգործ կասեցվել է այլ հիմքով, 24-ը՝ միացվել այլ քրեական գործերի, 15-ն էլ մնացել է անավարատ։ Քրեական գործերի քննության ընթացքում ձերբակալվել է 34 մարդ (2015-ին՝ 77), կալանավորումը՝ որպես խափանման միջոց, կիրառվել է 35 անձի նկատմամբ։ Քրեական գործերի հսկողության ժամանակ հայտնաբերվել է 41 իրավախախտում, որից ծառայողական քննություն է անցկացվել 2-ով. գրվել է միջնորդագիր և ոստիկանության երեք աշխատող ենթարկվել է կարգապահական տույժի։ 

2016թ. 120 դատախազ 121 քրեական գործերով (2015-ին՝ 116) մեղադրանք է պաշտպանել տարբեր ատյանների դատարաններում։ Արդյունքում 144 անձի նկատմամբ ներկայացվել է մեղադրական դատավճիռ, որից 10-ը՝ անչափահաս, 7-ը՝ կին, 20-ը՝ նախկինում դատված են։ 99 անձինք դատապարտվել են ազատազրկման, այդ թվում՝ 62-ի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, 12-ը ենթարկվել է կալանքի, 23-ը՝ տուգանքի, 10 գործ կարճվել է մասնավոր մեղադրանքի՝ հաշտության հիմքով։ ՙՄենք նախաքննության որակի բարրձրացման խնդիր ենք դրել, որի ցուցիչներից մեկն էլ դատարաններում գործերի քանակն է։ Պետք է ասել, որ 2016թ. դատարաններում հանցագործության որևէ որակում չի փոխվել, այսինքն՝ մեղադրանքն ինչ հոդվածով կար, այդպես էլ մնացել է։ Որևէ արդարացման դատավճիռ դատարանը չի կայացրել՚,- ասաց Ա. Մոսիյանը։   

ՙՙԱԱ՚-ի հնչեցրած հարցը թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասին էր։ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազը ցավով փաստեց, որ նախորդ տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների կրկնակի աճ է գրանցվել. 75 հանցագործության դեպք՝ 2015-ին արձանագրված 37-ի դիմաց: Ա. Մոսիյանի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների, հաշվետու ժամանակահատվածում արձանագրված՝ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերն առանձնապես խոշոր չափերով  թմրամիջոցների իրացման փաստեր են: Նախորդ տարիներին հիմնականում շրջանառվում էր ՙմարիխուանա՚ տեսակի թմրամիջոցը, իսկ հաշվետու ժամանակահատվածում շրջանառվում էին դրանց առավել վտանգավոր  տեսակները՝ մասնավորապես ՙափիոն՚, ՙչեռնյաշկա՚։ Ըստ գլխավոր դատախազի՝ գործի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել տասնյակ անձանց դեմ, որոնցից մի քանիսը ներկայում պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում։ Արձանագրված թվերը վկայում են, որ ազգաբնակչության մի որոշ հատվածի մոտ շարունակում է պահպանվել թմրանյութերի նկատմամբ հետաքրքրությունը, ասաց գլխավոր դատախազը և կարևորեց ինչպես իրավապահների, այնպես էլ հասարակության  կողմից առավել հետևողական ու անզիջում պայքարը՝  հատկապես դրանց ձեռքբերման աղբյուրների և իրացման գործընթացի շղթայական կապի բացահայտման ուղղությամբ։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.