[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՊԿ անդամների միջև ռազմաքաղաքական հարաբերություններն առաջնային են և այս սկզբունքի խախտումը չի նպաստում ՀԱՊԿ հեղինակության բարձրացմանը

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում:

Իր ելույթում Նախագահը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը զարգացնում են բազմակողմ արդյունավետ համագործակցություն ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում: 
«ՀԱՊԿ-ի շրջանակում դեռևս 2000 թվականին ընդունվել է հայտարարություն, որտեղ հստակ արձանագրված է. «Պայմանագրի անդամ երկրների միջև ռազմաքաղաքական հարաբերությունները կրում են առաջնային բնույթ` Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ չհանդիսացող երրորդ երկրների հետ ռազմական կապերի և շփումների համեմատ»: Այսինքն՝ այստեղ ամեն ինչ հստակ ուրվագծված է, ընդգրկված է հարցերի ողջ շրջանակը` քաղաքական հայտարարություններից մինչև ռազմական համագործակցություն:
Շարունակելով այս թեման` չեմ կարող չնշել, որ վերոհիշյալ սկզբունքի խախտումը չի նպաստում Կազմակերպության հեղինակության բարձրացմանը: Պայմանագրերը պետք է լիարժեքորեն պահպանվեն և կատարվեն, այլ ոչ թե ընտրողաբար՝ կախված իրավիճակից:
Նախորդ տարի ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների մշակման ընթացքում մենք առաջնորդվում էինք դաշնակցային փոխգործակցության և շարունակականության սկզբունքներով Կազմակերպության հետագա զարգացման անհրաժեշտությամբ` հաշվի առնելով համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության արդի մարտահրավերները:
Հենց այս մտայնությամբ մենք մեզ համար սահմանեցինք հավակնոտ նպատակ` ավարտին հասցնել մինչև 2025 թվականը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքները, և դա մեզ հաջողվեց: Անցյալ տարվա հոկտեմբերին Երևանում ընդունված ՀԱՊԿ ռազմավարությունում ամրագրվեցին Կազմակերպության զարգացման հետագա ուղենիշները համագործակցության բոլոր հիմնական ուղղություններով: Կարևոր է նաև այն, որ Կազմակերպության երևանյան գագաթնաժողովում պետությունների ղեկավարների կողմից ընդունվեց հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման անթույլատրելիության վերաբերյալ»,-ասել է Սերժ Սարգսյանը: