[ARM]     [RUS]     [ENG]

Կրեմլում մեկնարկել է Սարգսյան-Պուտին հանդիպումը

Կրեմլի Մեծ պալատում մեկնարկել է պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: 

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը: 
Նախատեսվում է, որ բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: 
Նախագահներ Սարգսյանը և Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ, կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: 
Նախագահ Սարգսյանի այցը Մոսկվա մեկնարկել է մարտի 14-ին: 

 ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Սերժ Սարգսյանն այցելել էր Հայ Առաքելական եկեղեցու Մոսկվայի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան։

«Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճարում մոմավառությունից հետո, Հանրապետության Նախագահը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Անհայտ զինվորի հուշարձան, ծաղկեպսակ դրել հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել: