[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի ՄԻՊ-ն ու ԱՄՆ կոնգրեսականները քննարկվել են Ապրիլյանի ընթացքում Ադրբեջանի կատարած վայրագությունները

Շարունակվում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան  Ռուբեն Մելիքյանի այցը Միացյալ Նահանգներ, որը կազմակերպվել է ԱՄՆ Արևելյան ափի Հայ Դատի գրասենյակի կողմից։

 Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հաղորդում են, որ մարտի 8-ից ի վեր Նյու-Յորքում, Բոստոնում, Փրովիդենսում, Վաշինգթոնում Ռուբեն Մելիքյանն ունեցել է 33 միջոցառում, այդ թվում՝ յոթ հրապարակային ելույթներ ակադեմիական հանրության, ինչպես նաև Սփյուռքի տարբեր շրջանակների առջև։

Մարտի 15-ին և 16-ին Արցախի ՄԻՊ-ը մարդու իրավունքների ոլորտում իր մտահոգությունները ներկայացրել է կոնգրեսականներ Դեվիդ Վալդաոյին, Ադամ Շիֆին (Կալիֆորնիա) և Ջիմ Մըքգավըրնին (Մասաչուսեթս)։ Մասնավորապես, քննարկվել են Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կատարած վայրագությունները, ինչպես նաև Լապշինի գործը։ Նույն հարցերը մարտի 10-ին Փրովիդենսում քննարկվել էին Ռոդ Այլընդը ներկայացնող կոնգրեսական Դեվիդ Սիսիլինիի հետ։