ԵՌԱՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Գարնան գալուն զուգահեռ քաղաքապետարանը, ինչպես միշտ, նախապատրաստվում է ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների ավանդական միամսյակին:
Մեր խնդրանքով՝ միամսյակի, ինչպես և Մայիսյան եռատոնի միջոցառումների մասին տեղեկություններ հաղորդեց Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Արմեն Հակոբյանը, ով այդ կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի նախագահն է:
Ա. Հակոբյանի տեղեկատվությամբ՝ միամսյակը կմեկնարկի մարտի 22-ին և կավարտվի ապրիլի 22-ին՝ համաքաղաքային շաբաթօրյակով:
Ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների անցկացման համար ստեղծված հանձնաժողովի կողմից մշակվել է ծրագիր, համաձայն որի՝ պետական բոլոր մարմինները, գերատեսչությունները, կազմակերպությունները՝ անկախ սեփականության ձևերից, մասնակից կդառնան միամսյակի շրջանակներում անցկացվող աշխատանքներին: Նրանք կկատարեն սանմաքրման, կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ, հիմնականում՝ իրենց վարչական շենքերի ու հարակից տարածքների շուրջ: Որոշ շինարարական կազմակերպությունների ուժերով կկազմակերպվեն փողոցների, մայթերի եզրաքարերի ուղղման և տեղադրման, շինարարական աղբի և հողակույտերի տեղափոխման աշխատանքներ: Ինչպես միշտ, այս տարի ևս կարևորվելու է կանաչապատման ու ծառատնկման գործընթացը: Ըստ Ա. Հակոբյանի տեղեկատվության՝ Ակադեմիկոս Թախթաջյանի անվան բուսաբանական այգու աշխատակիցներն արդեն սկսել են ծառերի երիտասարդացման և ձևավորման, սիզամարգերի փխրեցման աշխատանքները: Այս տարի ևս կավելացվեն մայրաքաղաքի սպասարկվող կանաչ տարածքները, հատկապես սիզամարգերը, որտեղ կաճեցվեն զանազան ծաղիկներ: Շաբաթօրյակին ծառատունկ կկազմակերպվի Թումանյան փողոցում՝ ՊԲ նորակառույց բազմաբնակարան շենքերի հարակից տարածքում: Մայրաքաղաքի փողոցների չորացած տնկիները կփոխարինվեն նորերով:
Մի խոսքով՝ եռատոնին ընդառաջ մայրաքաղաքը կստանա գեղեցիկ տեսք: Այդ կապակցությամբ ևս ստեղծված է Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման ու համակարգման քաղաքային հանձնաժողով, որի նախագահն է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Հանձնաժողովի կողմից մշակվել է տոնական միջոցառումների ծրագիր, որը ներկայացված է պետական համապատասխան հանձնաժողովին: Ինչպես միշտ, տոնական կձևավորվեն համալիրը, կենտրոնական փոցոցները: Տոնական միջոցառումներ կկազմակերպվեն կրթական, մարզական և մշակութային հաստատություններում: Դպրոցներում կանցկացվի շարադրությունների մրցույթ՝ ՙԻմ վերածնված Շուշի՚ խորագրով: Մշակութային օջախների սաները մայրաքաղաքի տարբեր թաղամասերում հանդես կգան համերգներով: Փողային նվագախումբը ևս համերգներ կկազմակերպի քաղաքի տարբեր վայրերում: Ստ. Շահումյանի անվան օղակաձև պուրակում, Վերածննդի հրապարակում տարբեր մարզական միջոցառումներով հանդես կգան մարզադպրոցի սաները: Նախատեսվում է հանդիպումներ Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերանների հետ:
Օրը կավարտվի տոնական համերգով և ավանդական հրավառությամբ:
;