ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՏԵՍԱՆԵԼԻ ԵՆ
ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը 25 տարեկան է: Այդ տարիների ընթացքում կառույցն իր բազմաթիվ մասնաճյուղերով կարողացել է համախմբել համայն հայության ուժերն ու կարողությունները, լիարժեք օգտագործել դրանք, ուստիև նպաստել հայկական պետականության կայացմանն ու զարգացմանը:
Օրերս Հադրութի շրջանում էր Հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը համակարգող Վալերի Ղազարյանը, այցի ընթացքում նպատակ էր հետապնդվում ավելի մոտիկից ծանոթանալ Հադրութի շրջանում Հիմնադրամի միջոցներով կառուցվող 3 համայնքային կենտրոնների և 2 բազմազավակ ընտանիքների համար բնակելի տների կառուցապատման աշխատանքներին: Զրույցի ընթացքում Վ. Ղազարյանն անդրադարձավ Հիմնադրամի անցած ուղուն, ինչը բնութագրվում է միմյանց հաջորդող տարաբնույթ, հագեցած ծրագրերով, որոնք կենսական կարևորություն ունեն մեր երկրի համար: Ճանապարհների, դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ջրագծերի, գազատարների կառուցմանը զուգահեռ օժանդակություն են ստանում սոցիալապես խոցելի խմբեր, այդ թվում՝ ազատամարտիկների, անապահով ընտանիքներ, ուսանողներ: Ըստ նրա՝ աշխարհասփյուռ հայության նվիրատվություններով այսօր մեր հարյուրավոր հայրենակիցներ ունեն տուն, ջուր, գազ, ջեռուցում, բարեկեցիկ կյանքի պայմաններ:
Մեր այն հարցին, թե այդ ընթացքում Հադրութի շրջանում ինչ աշխատանքներ են իրականացվել Հիմնադրամի կողմից, Վ. Ղազարյանը նշեց, որ 1992-2017 թվականներին Հիմնադրամի հանգանակված միջոցներն ուղղված էին ժողովրդի համար օրախնդիր դարձած սոցիալական հարցերի լուծմանը: Արցախյան գոյամարտի տարիներին շրջանի բնակավայրերը զգալիորեն տուժել են: Միայն այն հանգամանքը, որ շրջանի հարավային թևի 14 գյուղեր բռնագաղթվել և հիմնահատակ ավերվել էին, ուստի խիստ անհրաժեշտություն կար վերականգնման ու գյուղերի վերաբնակեցման համար խոշոր ներդրումներ կատարել: Հիմնադրամը ձեռնամուխ եղավ շրջանի համար մի շարք կարևոր օբյեկտների շինարարությանը և վերանորոգմանը: Կառուցվեց շրջանի համար շատ կարևոր ՙՀյուսիս-Հարավ՚ մայրուղու Հադրութ- Կարմիր Շուկա 32 կմ հատվածը: Հիմնովին վերանորոգվեցին ՙՀադրութի բուժմիավորում՚ ՓԲԸ մասնաշենքերը, Տողի միջնակարգ դպրոցի շենքը, որտեղ տեղակայված է նաև ՙՏողի արվեստի դպրոց՚ ՊՈԱԿ¬ը: Համայնքային կենտրոններ են կառուցվել Դրախտիկ և Ակնաղբյուր համայնքներում, ընդ որում, Ակնաղբյուր համայնքում կառուցվել է նաև հանդիսությունների տուն: Մանկապարտեզի շենք է կառուցվել Դրախտիկ համայնքում: 2017թվականին շարունակվում է Տումու, Քյուրաթաղի և Թաղասերի համայնքներում համայնքային կենտրոնների և հանդիսությունների տների շինարարությունը: Մեծ Թաղեր համայնքում բազմազավակ ընտանիքի համար կառուցվել է բնակելի տուն, նման բնակելի տուն է կառուցվում նաև Խանձաձոր համայնքում: Կառուցվել է Տող-Հադրութ 25 կմ երկարության գազատարը: Զգալի աշխատանքներ են կատարվել ջրամատակարարման ուղղությամբ: Կառուցվել է Արջ աղբյուր-Հադրութ 21 կմ երկարության ջրատարը, ինչպես նաև Հադրութ քաղաքի ներքին ջրատար ցանցը, կառուցվել են ջրամբարներ: Մեծ Թաղեր, Ազոխ, Դրախտիկ համայնքների ջրամատակարարման նպատակով կառուցվեցին Իշխանագետ-Մեծ Թաղեր-Ազոխ- Դրախտիկ 21 կմ երկարության ջրատարը, ինչպես նաև այդ գյուղերի ներքին ջրատար ցանցերը և ջրամբարները: Ջրատարներ են կառուցվել Ակնաղբյուր, Հարթաշեն, Ուխտաձոր համայնքներում։
Առաջիկա տարիներին բազում ծրագրեր կան, որոնք կիրականացվեն Հիմնադրամի միջոցներով: Դրանց մի մասն արդեն իսկ ընթացքի մեջ է։
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք. Հադրութ