[ARM]     [RUS]     [ENG]

ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐ Է

Շահումյանի շրջանի Նոր Կարաչինար համայնքը արցախա-ադրբեջանական սահմանից հեռու է առավելագույնը 20 կմ։

Այսինքն, մեր շրջանը սահմանամերձ գոտի է, և սահմանին աճող լարվածությունն անմիջապես արձագանք է գտնում մեր շրջանում՚. անդրադառնալով սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձություններին՝ մեզ հետ զրույցում նշեց Շահումյանի շրջվարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը։

ՙՄենք բոլորս հասկանում ենք, որ հակառակորդը որևէ կերպ չի ցանկանում Արցախյան հարցը լուծել խաղաղ ճանապարհով՚,-նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ ականատես ենք լինում ճիշտ հակառակ պատկերին. հակառակորդը, օգտագործելով միջազգային ասպարեզում առկա վիճաբանություններն ու պառակտումները, համարում է, որ, հանցագործություն կատարելով Արցախի Հանրապետության բնակչության հանդեպ, անպատիժ է մնալու և շարունակում է իր սադրիչ գործողությունները սահմանում։ 

ՙՄենք դա լիովին ընկալում ենք, և մեր շրջանում ոչ թե խուճապ է, այլ կարող եմ վստահաբար ասել, որ  շրջանում մարդիկ ցանկանում են ամեն կերպ օգտակար լինել սահմանին, անհրաժեշտության պահին հասնել առաջնագիծ՚,-նշեց Կ. Եղիշյանը։

Ըստ Շահումյանի շրջվարչակազմի ղեկավարի՝ սահմանային լարվածության աճին զուգահեռ` շրջանի բնակիչների անվտանգությունն ապահովելուն ուղղված որոշակի աշխատանք է իրականացվում։

ՙԻրավապահ մարմինները կատարում են անհրաժեշտ միջոցառումներ, մասնավորապես, համապատասխան հսկողություն է  իրականացվում մաքսատներում։ Վստահեցնում եմ, որ շրջանի բնակիչները ողջունում են այս մոտեցումը, քանի որ բոլորն էլ լավ են հիշում 2014 թվականի միջադեպը, երբ ադրբեջանցի երեք դիվերսանտների հաջողվել էր ներթափանցել շրջան։ Պետք է բոլորս առավել ուշադիր լինենք հակառակորդի գործողությունների հանդեպ՚,-նշեց մեր զրուցակիցն ու ընդգծեց, որ շրջանի անվտանգությունը մեծապես կախված է նաև հենց բնակիչների աչալրջությունից։ 

ՙԲոլորիս անվտանգությունն ապահովելու համար ամենամեծ օգնությունը կլինի նախ հեռախոսազրույցների ժամանակ չքննարկել դիրքերում տեղի ունեցող իրադարձությունները, չխոսել զինտեխնիկայի տեղաշարժերի մասին՚,-ասաց Կ. Եղիշյանը: Ըստ շրջվարչակազմի ղեկավարի, պետք է նաև ուշադիր լինել անծանոթ մարդկանց հետ զրույցներում։

ՙՄեր բնակիչները մեծ հյուրասիրությամբ են ընդունում զբոսաշրջիկներին և երբեմն էլ առանց գիտակցելու` որոշակի տեղեկություններ են հաղորդում ճանապարհների, կամուրջների վերաբերյալ։ Հյուրասիրությունը հյուրասիրություն, սակայն ազգային անվտանգությունն ամեն ինչից վեր է։ Մենք հաճախ չենք կարող իմանալ այստեղ հայտնված մարդկանց մտադրությունները։ Իհարկե, շատ զբոսաշրջիկներ են հետաքրքրվում մեր շրջանով, սակայն կան հարցեր, որոնց պատասխանելիս պետք է շրջահայաց լինել,-նշեց մեր զրուցակիցն ու ընդգծեց, որ այս միջոցառումները նաև հենց զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար են։ -Ավելի լավ է՝ մենք զբոսաշրջիկներին բացատրենք իրավիճակով պայմանավորված որոշակի սահմանափակումների մասին, քան թե հանկարծ նրանց էլ վտանգի ենթարկենք՝ պայմանավորված հակառակորդի գործողություններով՚,-զրույցն ամփոփեց Կ. Եղիշյանը։

Թամարա ԳՐԻԳՈՐՅԱՆ

ք. Քարվաճառ