ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Մարտի 30-ին կայացավ ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը:
Հանձնաժողովը սահմանել է փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն՝ մինչև 30 մՎտ տեղակայված հզորությունը՝ գոյություն ունեցող 10 մՎտ հզորության փոխարեն: Հզորության ցուցանիշի բարձրացումը հիմնավորում են էներգետիկայի ոլորտի զարգացման հեռանկարով: Օրակարգի երկրորդ հարցը՝ համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, պայմանավորված է առաջինով: Քանի որ փոքր հէկի հզորության նոր չափանիշ սահմանվեց, առաջարկվում է համապատասխան որոշման մեջ փոքր հէկերից առաքվող էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկման մեթոդիկայի հաստատման հավելվածում կատարել փոփոխություններ՝ այն համապատասխանեցնելով հզորության նոր ցուցանիշին: Զեկուցող Ա. Մուսայելյանը պարզաբանեց, որ որոշմամբ հաստատված թիվ 1 աղյուսակը վերաբերում է հիդրոէլեկտրակայանների արդյունաբերաարտադրական անձնակազմի թվաքանակին: Ագրեգատների թվաքանակից և հզորությունից կախված, սահմանված էր աշխատողների որոշակի թվաքանակ. նոր հզորության սահմանմամբ հնարավորություն կա ավելացնելու աշխատատեղերի թիվը: Որոշումներն ուժի մեջ կմտնեն հրապարակման տասներորդ օրը:
Հանձնաժողովի կողմից բավարարվել է ՙՎիսավտ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած հայտը և տրամադրվել Արցախի Շահումյանի շրջանի` Թարթառ գետի 1732 մետր նիշում ՙՋերմաջուր՚ փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա՝ տասը տարի գործողության ժամկետով: Մեկ այլ որոշմամբ սահմանվել է ՙՎիսավտ՚ ՍՊԸ ՙՋերմաջուր՚ փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը՝ 23,45 ՀՀ դրամ/կվտ/ժամ` առանց ԱԱՀ-ի, 28,14 ՀՀ դրամ (կՎտ) ժամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: ՙՋերմաջուր՚ փոքր հէկի կառուցման գործունեությունը իրականացվում է երեք փուլով. առաջին փուլով կտեղադրվի երկու հիդրոագրեգատ, իսկ հաջորդ փուլերով՝ մեկական: Լիցենզիայի ստացման համար ներկայացված հայտը երկու ագրեգատի համար է: Տարեկան արտադրանքը կկազմի 51,545 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա:
Փոփոխություն է մտցվել նաև ՙՎիսավտ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ՙՋերմաջուր՚ փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզավորված գործունեություն իրականացնելու պայմաններում. 7,243 մՎտ դրվածքային հզորության փոխարեն կառուցվելու է 12,003 մՎտ դրվածքային հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան։
Հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել ՙՄար Գրուպ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված թույլտվությունը՝ հիմք ընդունելով ընկերության կողմից ներկայացված դիմումը:
Սրբուհի ՎԱՆՅԱՆ