Logo
Print this page

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Մարտի 30-ին կայացավ ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը:

 Հանձնաժողովը  սահմանել է փոքր հիդրոէլեկտրակայանների համար առավելագույն՝  մինչև 30 մՎտ տեղակայված հզորությունը՝ գոյություն ունեցող 10 մՎտ հզորության փոխարեն: Հզորության ցուցանիշի բարձրացումը հիմնավորում են  էներգետիկայի ոլորտի զարգացման հեռանկարով: Օրակարգի երկրորդ հարցը՝  համապատասխան որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, պայմանավորված է առաջինով: Քանի որ փոքր հէկի հզորության նոր չափանիշ  սահմանվեց, առաջարկվում է համապատասխան որոշման մեջ փոքր հէկերից առաքվող էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկման մեթոդիկայի հաստատման հավելվածում կատարել փոփոխություններ՝ այն համապատասխանեցնելով հզորության նոր ցուցանիշին: Զեկուցող Ա. Մուսայելյանը պարզաբանեց, որ որոշմամբ հաստատված թիվ 1 աղյուսակը վերաբերում է հիդրոէլեկտրակայանների արդյունաբերաարտադրական  անձնակազմի թվաքանակին: Ագրեգատների թվաքանակից և հզորությունից կախված, սահմանված էր աշխատողների որոշակի թվաքանակ. նոր հզորության սահմանմամբ հնարավորություն կա ավելացնելու աշխատատեղերի թիվը: Որոշումներն  ուժի մեջ կմտնեն  հրապարակման տասներորդ օրը:

Հանձնաժողովի կողմից  բավարարվել է  ՙՎիսավտ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած հայտը  և տրամադրվել Արցախի Շահումյանի շրջանի` Թարթառ գետի 1732 մետր նիշում ՙՋերմաջուր՚ փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա՝ տասը տարի գործողության ժամկետով: Մեկ այլ որոշմամբ  սահմանվել է ՙՎիսավտ՚ ՍՊԸ ՙՋերմաջուր՚ փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը՝ 23,45 ՀՀ դրամ/կվտ/ժամ`  առանց ԱԱՀ-ի,  28,14 ՀՀ դրամ (կՎտ) ժամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: ՙՋերմաջուր՚ փոքր հէկի  կառուցման գործունեությունը իրականացվում է երեք փուլով. առաջին փուլով կտեղադրվի երկու հիդրոագրեգատ, իսկ հաջորդ փուլերով՝ մեկական: Լիցենզիայի ստացման համար ներկայացված հայտը երկու ագրեգատի համար է: Տարեկան արտադրանքը կկազմի 51,545 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

Փոփոխություն է մտցվել նաև ՙՎիսավտ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ՙՋերմաջուր՚ փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզավորված գործունեություն իրականացնելու պայմաններում.  7,243 մՎտ դրվածքային հզորության փոխարեն  կառուցվելու է 12,003 մՎտ դրվածքային հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան։  

Հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել  ՙՄար Գրուպ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված թույլտվությունը՝  հիմք ընդունելով  ընկերության կողմից ներկայացված դիմումը:

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.