[ARM]     [RUS]     [ENG]

ԱՊՐԻԼԻ 24. ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու բակում կանգնեցված Հայոց մեծ եղեռնի անմեղ  զոհերի հիշատակին կառուցված խաչքար-հուշակոթողի մոտ առավոտյան մեծ բազմություն էր հավաքվել։

Այստեղ էին  շրջվարչակազմի, Բերձոր քաղաքում գործող տարբեր կառույցների աշխատակիցներ, ղեկավարներ, դպրոցների ուսուցիչներ, աշակերտներ, հարակից համայնքների բնակիչներ, հյուրեր:

Ծաղիկների խոնարհումից հետո շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանն անդրադարձավ օրվա խորհրդին: Եվս մեկ անգամ դատապարտման խոսք հնչեց 102 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իրականացված ոճրագործության առնչությամբ: Ապա շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանն իր ելույթում  միջազգային կառույցներին կոչ արեց լռության չմատնել  մարդկության դեմ գործած  այդ ոճիրը, քանզի լռել, նշանակում է առիթ տալ նոր ցեղասպանությունների։ Կարևորվեց այն, որ մենք պետք է լինենք ուժեղ, միասնական։ Հույսը դնելով միայն մեր բազկի, մեր ոգու, մեր պայքարի վրա՝ կարողացանք հաղթել ազերի հրոսակներին։ Քարեգահի միջնակարգ դպրոցի տնօրեն Գևորգ Մնացականյանը նույնպես կարևորեց ազգի միասնությունը, ոգու ուժը: Նշեց՝ մեր սերունդները նույնպես պետք է լինեն պահանջատեր, երբեք չմոռանան ահավոր նախճիրի մասին, միշտ հիշատակեն միլիոն ու կես անմեղ զոհերին։ Այս ամենին հասնելու համար պետք է հայրենասիրական ոգով կրթենք մեր երեխաներին: Աշակերտներն իրենց խոսքում ցավով  նշեցին, որ անցյալ դարասկզբին հայության հանդեպ իրագործված ցեղասպանությունը մնաց անպատիժ, և դա խթանեց  այլ ոճրագործների։ Ելույթներից հետո ներկաները մոմեր վառեցին Սուրբ Համբարձման եկեղեցում՝ ի հիշատակ Եղեռնի զոհերի  սուրբ հոգիների: 

Նույն օրն արարողություններ կայացան շրջանի բոլոր համայնքներում, մոմեր վառվեցին բնակավայրերում և դրանց մոտ գտնվող պատմական եկեղեցիներում: Ծիծեռնավանքի գյուղական համայնքի կազմում գտնվող Տանձուտ գյուղի հիմնական դպրոցի սաները մոտ 5 կմ ճանապարհ ոտքով էին անցել և հասել Ծիծեռնավանքի Սուրբ Գևորգ եկեղեցի: Մոմեր վառեցին և հավաստիացրին` իրենք են տերն այս երկրի և մշտապես մնալու են պահանջատեր: